Երբևէ չենք կարող պատկերացնել, թե ինչ անակնկալներ է պատրաստել կյանքը մեզ համար։ Այն կարող է պարգևել ինչպես հաղթանակներ, այնպես էլ փորձություններ՝ կանգնեցնելով ընտրության առջև․ հանձնվե՞լ, թե՞ պայքարել, ընկճվե՞լ, թե՞ հաղթահարել և գնալ առաջ։ Շահեն Բաբայանն ընտրեց պայքարելն ու առաջ գնալը։
Արարատի մարզի Եղեգնավան գյուղում ծնված Շահենը մանկությունը և պատանեկությունը անցկացրել է հարազատ ծննդավայրում ՝ հաճախելով տեղի միջնակարգ դպրոց։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ավտոդպրոց, իսկ 2019 թվականին զորակոչվել բանակ․ «Ծառայել եմ Արա լեռում, որպես վարորդ, իսկ մոտ 22 ամիս անց սկսվեց պատերազմը»,-պատմեց նա։
Պատերազմի առաջին օրերին եղել է Ջրականում, ապա՝ Հադրութում․ «Վիրավորումը ստացել եմ հոկտեմբերի 28-ին՝ Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում՝ ԱԹՍ-ից։ Կորցրել եմ ստորին վերջույթներս՝ ազդր և սրունք։ Վիրավորում ստանալուց հետո ինձ տեղափոխեցին Մարտունու շրջանի Գիշի գյուղ, որտեղ աջ ոտքս անդամահատեցին, որից հետո տեղափոխվել եմ Միքայելյան հիվանդանոց»,-ասաց Շահենը։ Միքայելյան հիվանդանոցում մնացել է 22 օր, իսկ արդեն դեկտեմբերի 7-ին վերադարձել է տուն՝ սկսելու կյանքի ամենադժվար, բայց հերոսական շրջանը՝ վերականգնումը։
Դեպի նոր կյանք
Կարդացեք նաև
Վերականգնողական փուլը, իհարկե, բարդ է, բայց երբ կողքիդ ունենում ես ընկերներ, նրանք դառնում են ոգեշնչման և առաջ գնալու աղբյուր։ Շահենը ևս իր շրջապատում ունի նման մարդիկ՝ ի դեմս Սարգիս Ստեփանյանի (հեղ․ Հայաստանի Հանրապետության Հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի հիմնադիր) և ընկեր Գևորգի (հեղ․ այսպես է նրան անվանում Շահենը)․ «Հիվանդանոցից եկել եմ տուն 2020 թվականի դեկտեմբերի 7-ին, ու Սարգիս Ստեփանյանն էլ էր մեր տանը, օրը լավ հիշում եմ․ այդ ժամանակ պրոթեզ չունեի դեռ։ Ասաց, որ շուտով հայ հերոսների վերականգնողական կենտրոն է բացվելու և ավելի լավ կսկսեմ քայլել պրոթեզավորումից հետո ու չկոտրվեմ»,-ժպիտով հիշեց նա և հավելեց, որ Սարգիս Ստեփանյանը ասել է․ «Կգաս այնտեղ (հեղ․ վերականգնողական կենտրոն) մեկս մեկին նայելով՝ կսկսենք սպորտում լավ առաջ գնալ»։
2021 թվականին նա պրոթեզավորվել է․ «3 ամիս ժամանակավոր պրոթեզով և արդեն մեկ փայտով քայլում էի, որը գերազանց արդյունք էր»,-ընդգծեց նա՝ հիշելով, թե որքան մեծ էր այդ պահի ուրախությունը։ «Հետո բարի մարդկանց շնորհիվ արդեն սկսեցի ֆունկցիոնալ պրոթեզ դնել»,-պատմեց նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, որոնք կանգնեցին իր կողքին այդ դժվար պահին։
Վերագտում սպորտում
Շահենը նախկինում երբեք սպորտով չի զբաղվել, սակայն Սարգիս Ստեփանյանի խորհրդով որոշեց իրեն փորձել պրոֆեսիոնալ բազկամարտում․ «Վերականգնողական փուլից 6 ամիս հետո արդեն սկսեցի զբաղվել սպորտով։ Բազկամարտը սկսել եմ 65 քաշային կարգում։ Առաջին տարին մասնակցել եմ Հայաստանի առաջնությանը և հաղթել եմ, հետո հավաքականի կազմով մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը՝ 2023 թվականին, 2 ձեռքով՝ դառնալով ոսկե մեդալակիր»,- հպարտությամբ ասաց նա։
Սակայն ճանապարհը հեշտ չէր։ Պրոթեզներով մարզվելը միշտ էլ մարտահրավեր է, իսկ հասարակական կարծիքը՝ երբեմն խոչընդոտ․ «Պրոթեզներով ամեն մի ընկնելս խոչընդոտ է, բայց չեմ կոտրվում։ Նաև մարդկանց շնորհիվ եմ հաղթահարում, քանի որ շրջապատի խոսքը կարևոր է»,-ընդգծեց նա՝ նշելով, որ ամեն դժվարություն իրեն ավելի ուժեղ է դարձնում։
Ընկճված չէ, երբեք չի կոտրվում․ «Մարդիկ երբեմն ասում են սպորտը փողով չի, ինչի՞ ես զբաղվում, բայց ես կասեմ, որ այն ինձ համար մոտիվացիա է և վայելք, Հայաստանի դրոշ բարձրացնելը և 60-ից ավել երկրներում հիմնը հնչեցնելը մեծ պատիվ է»,-ընդգծեց նա և հպարտությամբ անդրադարձ կատարեց 2023 թվականի Եվրոպայի առաջնությանը, որի ժամանակ երազանքը կատարվեց․ մրցակիցը թուրք մարզիկ էր։ «Երբ եկել էր, մեքենայից նայում էր ինձ՝ վատ հայացքով, իսկ ես նայում էի իրեն և ժպտում։ Մրցման ընթացքում լարված էր, արդեն չէր կարողանում, իսկ ես շատ հանգիստ էի և ինքնավստահ, որն էլ տարավ հաղթանակի»,-պատմեց նա։
Նոր նպատակներ և երազանքներ
Ցանկացած մարզիկ իր կյանքում առաջ է շարժվում հստակ նպատակներով, իսկ այսօր Շահեն Բաբայանի գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոնի տիտղոսը ոչ միայն նվաճելն է, այլ պահպանելը․ «Ներկա պահին ունեմ նպատակ աշխարհի չեմպիոնությունը պահել․ հեշտ է դառնալը, բայց դժվար է պահելը։ Առաջ Աստված՝ օլիմպիական չեմպիոն էլ կդառնամ»։
Նա իր օրինակով ցույց է տալիս, որ հաղթանակը հնարավոր է, եթե ուժ գտնես առաջ գնալու, չնայած բոլոր դժվարություններին։
Լիլիթ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ