«Շատ կարեւոր է հանրությանը ներկայացնել, որ սա առանձին արցախահայերի հարցը չէ, սա հայության խնդիրն է, բոլորիս խնդիրն է»,- Ազատության հրապարակում տեղակայված վրանում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները փորձում են արցախցիների այս պայքարը ներկայացնել որպես ընդամենը սոցիալական խնդիր, բայց սա միայն սոցիալական հարց չէ՝ մարդիկ բարձրաձայնում են նաեւ վերադարձի, ինքնորոշման իրավունքի հարցրերը։
«Այս իշխանությունների սխալ եւ դավաճանական քաղաքականության արդյունքում արցախահայերը զրկվել են իրենց հազարամյա բնօրրանից՝ իրենց հայրենիքից։ Կառուցողական քննարկում եղավ, մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել աջակցել, ինչ առաջարկություններ կլինեն, մենք պատրաստ ենք քննարկել իրենց հետ»,- ասաց Շարմազանովը։
Նա հավելեց՝ անկախ նրանից, որ Արցախն այսօր գերության մեջ է, եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում է, մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից։
Կարդացեք նաև
«Իմ տպավորությամբ՝ Փաշինյանն ու Ալիեւը սինխրոն գործում են՝ հենց այստեղ ազգային շարժում է նշմարվում, նրանք փորձում են շանտաժ տարածելով վախի մթնոլորտում պահել Հայաստանի քաղաքացիներին ու արցախցիներին։ Նպատակը մեկն է՝ Ալիեւն ասում է, որ որեւէ խաղաղության պայմանագիր չի կնքվի, մինչեւ Հայաստանը չփոխի Սահմանադրությունը, նոր Սահմանադրություն չընդունի։ Ակնհայտ է, որ այդ Սահմանադրության մեջ Ալիեւի պահանջով ոչ Ցեղասպանության մասին է խոսք լինելու, ոչ Արցախի մասին է խոսք լինելու, ոչ Արարատի մասին։ Այսինքն՝ լինելու է Հայաստանի ադրբեջանացման Սահմանադրություն։ Եվ որպեսզի իրենք հասնեն իրենց նպատակին, կամ պետք է էսլակյացիա անեն, վախեցնեն հայ ժողովրդին, կամ էլ Նիկոլի հետ պայմանավորված՝ պատերազմով շանտաժի ենթարկեն»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ