Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախ գնահատման արդյունքները: Գնահատումն իրականացվել է Շվեդիայի կառավարության աջակցությամբ, Թրանսփարենսի Ինթերնեշնլի կողմից մշակված մեթոդաբանությամբ՝ վերլուծելով կոմիտեի աշխատանքը 6 հիմնական չափումների շրջանակում՝ կառույցի անկախություն, ռեսուրսներով ապահովվածություն, հաշվետվողականություն, կոռուպցիոն հանցագործությունների քննություն, հակակոռուպցիոն կրթություն եւ միջազգային համագործակցություն։
ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ի թիվս այլնի, նշեց, որ վերլուծվել է կոմիտեի համապատասխանությունը Ջակարտայի սկզբունքներին, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին գործոնների ազդեցությունը։
«Ցանկացած քննարկում, որը միտված կլինի մեր աշխատանքները՝ երրորդ անաչառ աչքով դիտարկելուն, դրանից արձագանքներ ստանալուն, բարեփոխմանը միտված առաջարկներ ունենալուն, շատ գնահատելի է եւ մենք բաց ենք այդ առումով: Սա մի կողմից կարեւոր է մեզ համար նախ մեր գործունեության հրապարակայնությունն ապահովելու տեսանկյունից, նաեւ կարեւոր է մեր գործունեության արդյունավետությանն ուղղված նոր միջոցառումների նախաձեռնման կամ հին միջոցառումները այլ մեթոդաբանությամբ իրականացնելու համար»,-ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեն հարաբերականորեն նորաստեղծ իրավապահ մարմին է, երրորդ տարին է բոլորել, եւ անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ այն իր ուրույն տեղն է զբաղեցրել հայաստանյան իրականության մեջ գործող իրավապահ մարմինների շարքում: Հատկապես կարեւորում ենք այն արդյունքները, որ մենք ունեցել ենք օպերատիվ հետախուզական մարմինների կամ ստորաբաժանման ստեղծման գործունեության կազմակերպման առումով»,- հավելեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալը:
Կարդացեք նաև
Ըստ ԹԻՀԿ ուսումնասիրության արդյունքների, 6 չափման խմբերից միջինից բարձր միավորներ են հավաքել Հակակոռուպցիոն կոմիտեի անկախությունն ու կարգավիճակը, համագործակցությունը եւ արտաքին հարաբերությունները, ինչպես նաեւ ապահովությունը՝ ֆինանսական եւ մարդկային ռեսուրսներով:
Միջին միավոր է ապահովել Կոմիտեի կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը, հետաքննությունը եւ հետապնդումը, իսկ Կոմիտեի հաշվետվողականությունը եւ ներքին բարեվարքությունը, կանխարգելումը, կրթումը եւ իրազեկումը հավաքել են ցածր տոկոսային միավորներ:
Հակակոռուպցիոն կոմիտեի անկախության եւ կարգավիճակի չափանիշով գնահատման մակարդակը կազմել է 72,2 %:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ