Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դերը Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման գործում. Ստեփան Հասան-Ջալալյան

Ապրիլ 10,2025 16:12

Թե՛ Հարավային Կովկասում իր քաղաքական ու դրանից բխող այլ բնույթի ներկայությամբ, թե՛ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների, թե՛ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման հարցում ունեցած դերակատարության առումներով Ռուսաստանը տարածաշրջանում ունի երկար տարիների դերակատարության պատմություն: Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտում է որպես իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման տարածք: Նման մոտեցումն ունի պատմական ենթատեքստ: Ռուսաստանը Հարավային Կովկասը համարում է պատմականորեն իր ազդեցության գոտին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կովկասը, մասնավորաբար Հարավային Կովկասը, մոտավորապես երկու հարյուր տարի (1805-1991թթ.) եղել է սկզբում Ռուսական կայսրության, ապա և Խորհրդային Միության մաս:

Հարկ է նշել, որ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման առումով ընդհանրապես, Հայաստանի անվտանգության ապահովման առումով մասնավորապես Ռուսաստանը, ի տարբերություն տարածաշրջանում շահեր ու հետաքրքրություններ ունեցող այլ երկրների, ունի իրավական ակտերով ամրագրված պարտավորություններ, խոսքը, մասնավորաբար վերաբերում է 1995թ. մարտի 16-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրին և 2010թ. օգոստոսի 17-ին ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» 1995թ. մարտի 16-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 5 արձանագրությանը:

Ռուսաստանը զգալի դերակատարություն է ունեցել նաև Ադրբեջան-Արցախ երեք պատերազմների դադարեցման գործում: Թե՛ 1991-1994թթ. տեղի ունեցած Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմը, թե՛ 2016թ. ապրիլի 2-5-ը տևած քառօրյա պատերազմը և թե՛ 2020թ. սեպտեմբերի 27-նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմը դադարեցվել են Ռուսաստանի միջնորդության արդյունքում:

Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի առաջին օրերից սկսած և դրա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները առանձին-առանձին ու համատեղ փորձեր են ձեռնարկել դադարեցնելու պատերազմը: Սակայն բոլոր կոչերն ու հայտարարությունները (անգամ նրանք, որոնց միացել է նաև Ադրբեջանը) որևէ ազդեցություն չեն ունեցել Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանության ու գործողությունների վրա: Վերջինս չի դադարեցրել ռազմական գործողություններն ընդդեմ Արցախի Հանրապետության:

Սակայն, Ռուսաստանի Դաշնության նախագահի շարունակաբար գործադրած ջանքերի արդյունքում 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել է հայտարարություն, որով հայտարարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների ու կրակի ամբողջական դադարեցման մասին:

Համաձայն հայտարարության՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքներից բացի՝ Ադրբեջանի վերահսկողությանն են հանձնվել նաև 1991-1994 թթ. Ադրբեջան-Արցախ առաջին պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակի կողմից ազատագրված ու պատմականորեն ու իրավունքի ուժով Արցախի Հանրապետությանը պատկանող, սակայն խորհրդային շրջանում ապօրինաբար Խորհրդային Ադրբեջանի կազմ մտցված Քարվաճառի, Քաշաթաղի ու Ակնայի շրջանները, իսկ Արցախի Հանրապետությունում շփման գծի երկայնքով ու Քաշաթաղի (Լաչինի) 5կմ լայնությամբ միջանցքի երկայնքով տեղակայվել է ռուսական մոտ 2000-հոգանոց խաղաղապահ զորախումբ:

Իր միջնորդությամբ հասնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրմանը՝ Ռուսաստանը, այդպիսով, վերահաստատել է հարավկովկասյան տարածաշրջանում իր առաջատար դիրքերը:

Պաշտոնապես համարվելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, որը բազմիցս բացահայտ հայտարարել է Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման գործընթացում Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու մասին, հակված է իրեն տեսնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդի դերում:

2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածը, իսկ 2023թ. ապրիլի 23-ից Ադրբեջանը Քաշաթաղի միջանցքի Հակարիի կամրջի հարակից հատվածում տեղադրել է ապօրինի անցակետ: Հարկ է նշել, որ նման անցակետի տեղադրում նախատեսված չէ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ:

Ավելի քան ինը ամիս տևած շրջափակման միջոցով Արցախի Հանրապետության ժողովրդին սովահար անելուց ու հումանիտար սուր ճգնաժամ առաջացնելուց հետո՝ 2023թ. սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, չորրորդ անգամ դիմելով ագրեսիայի, երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Պետք է նաև նշել, որ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի ավարտից հետո Ռուսաստանն արմատապես փոխել է իր դիրքորոշումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման առնչությամբ:

2023թ. մարտի 20-ին՝ Մոսկվայում ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Կան նորագույն պատմության օրինակներ։ Մոտավորապես այդ մասին խոսվել է Մինսկի պայմանավորվածություններում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի. դա մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այդ լեզվով, ապրել, աշխատել՝ օգտագործելով այն, պահպանել իրենց մշակույթը, կրոնը, ունենալ տեղական ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։ Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ստեղծման մասին համաձայնագրում»՝ լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ։ Ղարաբաղցիներին անհրաժեշտ կլինի իրավունքների նույն փաթեթը, ինչ ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ Դոնբաս, Կոսովո ու Կոսովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ի «ԱլմաԱթայի հռչակագրի» դրույթներին հավատարմության հաստատման համատեքստում)»:

Ս. Լավրովի հայտարարությունը նկատի առնելով՝ հարկ է նշել հետևյալը: Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում համատեղ ստորագրել են հռչակագիր, որում կողմերը, մասնավորապես, արձանագրել են, որ.

  • Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով՝ «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…»,
  • «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը»:

Սա եզակի փաստաթուղթ է: 1994թ. մայիսի 9-11-ի ընթացքում՝ եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումից 14 տարի անց, Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ ստորագրել են Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ, որը ստորագրել է նաև Ռուսաստանը: Այսինքն՝ Ռուսաստանը ճանաչել և ընդունել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պետք է կարգավորվի «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…»:

Հետևաբար, 2023թ. մարտի 20-ին Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի հնչեցրած հայտարարությունն արցախահայությանը տրվելիք իրավունքների մասին հակասում է «Մայնդորֆյան հռչակագրում» ամրագրված դրույթներին:

2009թ. հուլիսի 10-ին՝ Իտալիայի Լակվիլա քաղաքում հրավիրված մեծ ութնյակի գագաթնաժողովին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդունելով, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուժի չկիրառման, ժողովուրդների հավասար իրավունքների ու ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Այսինքն՝ Լակվիլայի հայտարարությամբ ևս Ռուսաստանը ճանաչել և ընդունել է, որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքի համաձայն:

Արցախահայությանը տրվելիք իրավունքների մասին Ս. Լավրովի վերոնշյալ հայտարարությունը հակասում է նաև Լակվիլայի հայտարարության մեջ արձանագրված դրույթներին:

Այսպիսով՝ Ռուսաստանի արտգործնախարարի վերոնշյալ հայտարարությունը դիտարկելով առնվազն նշված փաստաթղթերի` «Մայնդորֆյան հռչակագրի» և Լակվիլայի հայտարարության համատեքստում՝ կարող ենք պնդել, որ պաշտոնական Մոսկվան վերանայել է իր մոտեցումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ՝ գրանցելով հետընթաց կոնֆլիկտի կողմերից մեկի՝ Արցախի սպասելիքների տեսանկյունից:

Արցախի կարգավիճակի փոխարեն արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցն առաջնահերթ համարելու մասին Ռուսաստանի արտգործնախարարի վերը նշված հայտարարությունը նկատի առնելով՝ կարող ենք պնդել, որ Ռուսաստանը, փաստորեն, հրաժարվել է արցախահայության ինքնորոշման իրավունքը պաշտպանող իր իսկ ստորագրած փաստաթղթերից:

Ռուսաստանը հրաժարվել է նաև Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգայնորեն ճանաչված միակ մանդատն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելու հանձնառությունից: Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբում աշխատելու հանձնառությունից հրաժարվելու մասին Ռուսաստանի պաշտոնական հայտարարություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աշխատել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում:

Ռուսաստանը նաև կրավորական կեցվածք է դրսևորել ինչպես օկուպանտ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի արգելափակման, այնպես էլ 2023թ. սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած չորրորդ զավթողական պատերազմի ժամանակ: Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 2023թ. հուլիսի 15-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «2022թ. հոկտեմբերին ու 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովներում Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք։ Մենք հարգում ենք Հայաստանի ղեկավարության ինքնիշխան որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի վիճակը տարածաշրջանում»:

Մեջբերված հատվածում պարզաբանման կարիք ունի հետևյալ ձևակերպումը. «Սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը»: Ի՞նչ պայմանների մասին է խոսքը: Նշված հարցի պատասխանը կարող է որոշակիորեն լույս սփռել բռնազավթիչ Ադրբեջանի կողմից Քաշաթաղի միջանցքի ապօրինի արգելափակման համատեքստում Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքի վրա:

Հարցի պատասխանը գտնում ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի հետպատերազմյան իրավիճակի ու հարակից հարցերի վերաբերյալ 2020 թ. նոյեմբերի 17-ի հարցազրույցում: Պատասխանելով Արցախի կարգավիճակի մասին հարցին` ՌԴ նախագահը, մասնավորապես, ասել է. «Այո՛, նման խնդիր կա, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը չի կարգավորվել։ Մենք պայմանավորվել ենք, որ պահպանելու ենք ստատուս քվոն, ներկա իրավիճակը։ Թե ինչ կլինի հետո, պետք է որոշեն ապագայում կամ ապագա առաջնորդները՝ այս գործընթացի ապագա մասնակիցները: Բայց, իմ կարծիքով, եթե պայմաններ ստեղծվեն նորմալ կյանքի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների վերականգնման, մարդկանց միջև կենցաղային մակարդակով, հատկապես հակամարտության գոտում, դա պայմաններ կստեղծի Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»:

Մեջբերումից պարզ է, որ Արցախի կարգավիճակի հարցը, ըստ ամենայնի, բանավոր պայմանավորվածության համաձայն, որոշվել է թողնել ապագային: Սակայն փաստերի համադրումից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է Արցախի կարգավիճակն ապագայում որոշելու մասին 2020թ. նոյեմբերին բանավոր կերպով ձեռք բերված եռակողմ՝ (Հայաստան, Ռուսաստան ու Ադրբեջան) պայմանավորվածությունը:

Այս ամենի հետ միաժամանակ հարկ է նշել, սակայն, որ նման պայմանավորվածության խախտումը չէր կարող և չպետք է հիմք հանդիսանար օկուպանտ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ապօրինի շրջափակման հարցում Ռուսաստանի Դաշնության կրավորական կեցվածքի համար, քանի որ «Արցախում ամբողջական հրադադարի ու բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին» 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Հետևաբար, նշված հայտարարությունը ստորագրած յուրաքանչյուր կողմ, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնությունը, պարտավոր էր առանց որևէ նախապայմանի ու ամբողջական ծավալով կատարել հիշյալ փաստաթղթում արձանագրված իրեն վերաբերելի դրույթները:

Այսպիսով՝ վերոգրյալի հիման վրա կարող ենք պնդել, որ Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան արմատապես վերանայել է իր մոտեցումն Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման վերաբերյալ՝ գրանցելով հետընթաց կոնֆլիկտի կողմերից մեկի՝ Արցախի սպասելիքների տեսանկյունից: Ռուսաստանին՝ որպես տարածաշրջանային ավանդական միջնորդի, որի միջնորդությամբ նույնպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի են ունեցել բանակցություններ ինչպես Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ, չի հաջողվել հակամարտող կողմերին առաջարկել խնդրահարույց հարցերի շուրջ փոխընդունելի լուծումներ:

Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Լավրովի առջւ պետք դնել բոլոր այն հատարարությունները՝որոնք վերաբերում են Արցախյան հակամարտության հանգուցալուծմանը՝Ղարաբաղյան հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ։Այդ տեսակետին նա մնաց մինչ Լուկաշենկոյի հայտարարությունը՝որ Ալիեւը առաջարկել էր 5մլրդ Սէրժ Սարգսյանին ադրբեջանական տարածքները հետ տալու դիմաց։Լավրովը այդ պահից վերածվեց ադրբեջանի շահերի պաշտպան։. Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ադր-ի տզրածքային ամբողջականության ճանաչմանը՝դա իր մասնավոր դիրքորոշումն էր՝Արցախցիները նրան չեին ընտրել եւ նա չեր կարող նրանց շահերի շուրջ որւէ մեկի հետ հարցեր քննարկել՝ինքն եր չե՞ հայտարարել որ արցախցիները իֆեն չեն ընտրել

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930