Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան հիմնահարցը չի վերացել․ Փաշինյանի կամ ՔՊ-ի կամքը չի կարող ավելի բարձր լինել, քան ՀՀ Սահմանադրությունը եւ Անկախության հռչակագիրը»․ Շարմազանով

Ապրիլ 10,2025 15:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է Ազատության հրապարակում քննարկումներ անցկացնել քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչների եւ անհատների հետ։ Հանդիպում է տեղի ունենում ՀՀԿ ներկայացուցիչների հետ։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ասաց, որ փորձեր են արվում արցախցիների այս պայքարը ներկայացնել որպես զուտ սոցիալական խնդիրների համար բողոք։ Կան շրջանակներ, որոնք իրավիճակը խեղաթյուրում են։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ նշեց, որ սա միայն արցախցների խնդիրը չէ, սա հայության խնդիրն է եւ Հայաստանի Հանրապետության խնդիրն է։

«Ինչքան էլ նիկոլիստական կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչները փորձեն մոռացության տալ Արցախյան հիմնահարցը, Արցախի խնդիրը չի վերացել, Արցախի խնդիրն առկա է։ Ի վերջո, մենք այսօր գտնվում ենք մի հրապարակում, որտեղ ծնվել է Երրորդ Հանրապետությունը։ Եվ այդ Երրորդ Հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման, շատերը դա մոռանում են։ Եվ այսօր էլ գործող Սահմանադրությամբ ու Անկախության հռչակագրով դա մեր պետության պարտավորությունների մեջ է մտնում։ Չմոռանանք, որ 2020 թվականի հուլիսին այդ իշխանություններն ընդունել են Ազգային անվտանգության ռազմավարություն, եւ այդ Ազգային անվտանգության ռազմավարության մեջ իրենց այսօրվա կառավարչի ստորագրությամբ նշված է, որ ՀՀ կառավարությունն Արցախի անվտանգության երաշխավորն է։ Նոր Սահմանադրություն չկա, եւ Նիկոլ Փաշինյանի կամ ՔՊ-ի կամքը կամ կարծիքը չի կարող ավելի բարձր լինել, արժեքավոր լինել, քան ՀՀ գործող օրենսդրությունը, Սահմանադրությունը եւ Անկախության հռչակագիրը»,- ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ ՀՀԿ-ն միշտ պայքարել է Արցախի ինքնորոշման իրավունքի համար։ «Եվ մեր կարծիքը չի փոխվել՝ մենք պետք է, վեր կանգնելով խմբային շահերից, փորձենք սատար կանգնել արցախցիների եւ վերադարձի, եւ ինքնորոշման իրավունքին։ Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ հիմա Արցախը գերության մեջ է, բայց ո՞վ է ասել, որ հայրենիքը մեկ անգամ են ազատագրում։ Սրանց նպատակը մեկն է, որպեսզի մենք մոռացության տանք 1988-ի Արցախյան շարժման գաղափարները։ Եթե որեւէ սերունդ մոռացության մատնի Արցախյան շարժումն ու նրա իդեալները, արցախահայության խնդիրը, եւ սարքեն այս խնդիրն ընդամենը 40+10 հազարի խնդիր, մարվելու է գնա, ինչպես ժամանակին մարվել են նախիջեւանցիների, շահումյանցիների խնդիրները։ Չկա առանձին արցախյան հարց, կա հայկական հարցի արցախյան դրսեւորում»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930