Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների ներկայացուցիչները, ամփոփելով առաջին եռամսյակը՝ վեր են հանել ընդունված որոշումներից բխող խնդիրներն ու մարտահրավերները։ Ավելի քան 1000 ստորագրություն է հավաքվել ՀՀ վարչապետին ուղղված՝ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած շրջանառության հարկի դրույքաչափերը կասեցնելու պահանջով։
Ապրիլի 14-ին էլ ՀՀ կառավարության շենքի դիմաց փոքր եւ միջին ձեռնարկատերերը, անհատ հաշվապահները եւ իրավաբանները բողոքի ցույց կանցկացնեն։
Մեդիա կենտրոնում կայացած քննարկման ժամանակ այն հարցին, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքում կատարված եւ շրջանառության հարկի փոփոխություններն ինչ ազդեցություն են ունեցել փոքր եւ միջին բիզնեսի վրա, ՓՄ ձեռնարկատեր Անուշ Նուրիջանյանն այսպես արձագանքեց. «Ինչ փոփոխություն կարող է լինել, բացի վատից…Այդ 10 տոկոսը չի վերաբերվում միայն նոր ձեռք բերված ապրանքներին, այլ վերաբերվում է այն ապրանքին, որը մենք ունենք: Իբր աջակցություն ներկայացվողը կոնկրետ ինձ վրա չի անդրադառնում, որովհետեւ ես չունեմ դրա ձեռքբերման փաստաթուղթը: Այդ աջակցությունն ինձ չի օգնում եւ չի օգնում եւս 50 հազար մարդու: Թե ում է օգնում, թող իրենք մեզ ասեն»:
Անուշ Նուրիջանյանը հավելեց, որ բազմիցս հանդիպումների ժամանակ փորձել են պահանջել հիմնավորումները, թե ինչից ելնելով են եկել այդ որոշումներին, սակայն պատասխան չեն ստացել. «Մենք այդ օրենքին մեր մեջ ասում ենք մուտացված ԱԱՀ, կառավարություն, ԱԺ ենք գնացել, բայց պատասխան չենք ստացել, նաեւ գրավոր նամակ ենք ուղարկել, թե ինչ վերլուծությունների հիման վրա է նման որոշում կայացվել:
Կարդացեք նաև
Շատերն այսօր կանգնել են խնդրի առաջ, ստիպված են թանկ հաշվապահ վարձել: Թանկ հաշվապահ վարձելուն դեմ չենք, եթե ունես շրջանառություն, բայց անկում է ապրել առեւտուրը, մեզ սկսել են խանգարել նաեւ օնլայն հարթակները, թանկացումները: Թող մոտենան շուկաները նայեն, գնորդներ չկան: Օրինակ, մեր շուկայում հիմա դատարկ տաղավարներ են»:
Ոսկու ոլորտի ձեռնարկատեր Արտակ Բաղդասարյանի ձեւակերպմամբ, հայտնի փոփոխությունները ոչ մի լավ բանի չեն հանգեցրել. «Առեւտուրը շատ վատ է, մանավանդ մեզ մոտ շրջհարկից գնում ենք ԱԱՀ, ու չի էլ հասկացվում, թե ԱԱՀ-ի դաշտում ոնց ենք աշխատելու:
Թե մենք, թե ոլորտի մյուս աշխատողները չենք հրաժարվում հարկ վճարելուց, ուղղակի մեզ պետք է պարզեցում, ոչ թե նման ձեւով բարդացում: Մեր ոլորտում էլ շուկաներում ահագին մարդ տեղը թողել է, փակվել: Շատերը չգիտեն, թե նման ձեւով շարունակվելու դեպքում ինչ է տեղի ունենալու: Այսօր ոսկու՝ միայն «չիստոտան» 100 դոլար է դարձել, ամեն օր ոսկին թանկանում է, առեւտուրը վատ է: Սա տանում է նրան, որ շատ ձեռնարկատերեր ստիպված կփակվեն»:
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարները՝ Մեդիա կենտրոնի