Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցիների վերաբերյալ սոցիալական ծրագրերը շատ չնչին են այն ամենի համեմատ, ինչ Արցախի ժողովուրդը կորցրել է Արցախի պատմական տարածքում»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 10,2025 15:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը շարունակում է Ազատության հրապարակում քննարկումներ անցկացնել քաղաքական ու հասարակական ուժերի ներկայացուցիչների եւ անհատների հետ։ Այսօր հանդիպում է կայացել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն ասաց՝ որոշել են, որ համագործակցությունը կշարունակվի երկու հարթակներում՝ Արցախի ԱԺ հետ գործող աշխատանքային խմբի շրջանակներում եւ նաեւ անմիջական կապի մեջ կգտնվեն՝ փորձելով օգտագործել ամբողջ գործիքակազմը արցախցիների իրավունքների պաշտպանության գործում։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի՝ նորմալ պայմաններում ապրելու իրավունքի գաղափարը միանշանակ ողջունելի է։ Այն սոցիալական ծրագրերը, որոնք ՀՀ իշխանություններն իրականացնում են եւ մատուցում են որպես մեծ աշխատանք, դա շատ չնչին է այն ամենի համեմատ, ինչ Արցախի ժողովուրդը կորցրել է Արցախի պատմական տարածքում։ Ըստ Օհանյանի՝ Արցախի ժողովրդին սոցիալական աջակցության տրամադրումը պետք է լինի շարունակական, որը կկանխի Արցախի ժողովրդի արտագաղթը ՀՀ-ից։ «Այսինքն՝ պետք է ամեն ինչ անել, որ Արցախի ժողովրդի սոցիալական, սոցիալ-տնտեսական պայմաններն այստեղ նորմալ լինեն, եւ նրանք մնան ու ապրեն մայր Հայաստանում»,- հավելեց նա։

Անդրադառնալով քաղաքական ու իրավական հարցերին՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովը բավական մեծ աշխատանք է իրականացնում։ «Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ, Արցախի իրավունքները պետք է պահպանվեն եւ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների շրջանակներում։ Հակամարտությունն ավելի է սրվել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործության, ցեղասպանության պատճառով, եւ Ադրբեջանը պետք է պատասխան տա։

Երկրորդը, Արցախի ինստիտուտները, կառավարման համակարգը, քաղաքական, հասարակական բոլոր կազմակերպությունները պետք է գործեն Արցախի ժողովրդի կարգավիճակի, նրանց հավաքական համայնքային պահպանման եւ նաեւ հետագայում հավաքական վերադարձի իրավունքի ապահովման համար։ Երբ Արցախի ինստիտուտները գործում են ՀՀ-ում, մեր ժողովրդից որոշների մոտ, նաեւ ՀՀ ղեկավարության մոտ թող թյուր կարծիք չձեւավորվի, որ երկրորդ պետություն է գործում։ Ընդհակառակը, նրանք գործում են, որպեսզի Արցախի ժողովրդի իրավունքները պահպանեն եւ հետվերադարձի խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանք տանեն։ Եվ այդ ուղղությամբ բանակցային գործընթացը՝ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այլընտրանք չունի։

Երբ Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունները համաձայնվում են Մինսկի խմբի համանախագահության կազմալուծմանը, նշանակում է, նրանք բոլորն էլ փորձում են Արցախի էջը և, ըստ էության, փակել այն հանցագործության ճանապարհը, որն իրենք իրականացրել են Արցախի նկատմամբ»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930