Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելով Հայաստանում և ստեղծագործելով այստեղ՝ բարդ է մասնագիտական ասելիք ունենալ միջազգային պրոֆեսիոնալ դաշտում, և ես միայն ուրախ եմ բոլոր այն նախագծերի համար, որ ինձ բախտ է վիճակվել իրականացնել դրսում»

Ապրիլ 10,2025 14:50

Մեր զրուցակիցը բեմադրող-խորեոգրաֆ, «Պարարվեստի զարգացման կրթամշակութային հիմնադրամի հիմնադիր- տնօրեն, Պարարվեստի պետական քոլեջի «Մոդեռն պար» բաժնի հիմնադիր և բաժնի վարիչ Ռիմա Պիպոյանն է։

Ռիմա Պիպոյանը և Սերգեյ Ումրոյանը

-Դուք վերջերս եք վերադարձել ՌԴ-ից «Իկոնա» բալետի պրեմիերաներից հետո, որոնք հաջողությամբ են անցել Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։ Այս մասին մենք տեղեկացանք ռուսական Культура հեռուստաալիքի «Մշակութային նորություններ» ծրագրից, ընդ որում հեռուստամեկնաբանը «Իկոնան» իրադարձություն որակեց:

-Իսկապես, վերջերս շատ մեծ տպավորությամբ և հիանալի արձագանքներով անցան «Իկոնա» բալետի առաջնախաղերը։ 2016թ․ին որպես բեմադրիչ-խորեոգրաֆ անցել էի «Conext: Diana Vishneva» փառատոնի եզրափակիչ և «Տրիպտիխ» ներկայացումով հանդես եկել, որից հետո փառատոնն ինձ հետ միշտ կապ է պահպանել։ Արդեն մի քանի տարի է, ինչ Դիանա Վիշնյովան և թիմը ցանկություն էին հայտնել իրենց հետ աշխատելու, սակայն իմ բավականին զբաղված աշխատանքային ժամանակացույցը դա թույլ չէր տալիս։

2024թ․ի օգոստոսին վերջապես սկսվեցին աշխատանքները բալետի վրա: Երաժշտության հեղինակ Սերգեյ Ումրոյանը մոտ կես տարի զբաղվեց բալետի երաժշտության ստեղծման բարդ աշխատանքներով, իսկ ես ընդհատումներով մեկնում էի Մոսկվա՝ աշխատում բեմադրության վրա:

Ընդհանուր առմամբ 5 շաբաթների ընթացքում է ստեղծվել բալետը։ Զգեստների հեղինակը Իրինա Շապոշնիկովան է, որի հետ ծանոթացել ենք Բեռնի բալետային թատրոնում իմ մեկ այլ բեմադրության վրա աշխատելու ժամանակ։ Ի դեպ, պարողները նորակազմ «Conext: Diana Vishneva» խումբն է, ովքեր մեծ նվիրումով մոտեցան բեմադրությանը և բարձր պրոֆեսիոնալ աշխատանք ցույց տվեցին։

Մոսկվայում առաջնախաղերից հետո, մի քանի օրում Սանկտ-Պետերբուրգում բալետի տոմսերն ամբողջությամբ սպառվեցին՝ երկու երեկո էր, կանգնելու տեղ չկար, սպառվել էին նույնիսկ մուտքի հնարավոր տոմսերը։ Ասում էին, որ ժամանակակից պարի համար սա աննախադեպ երևույթ է։

Շատ մեծ սիրով եմ աշխատել թե՛ պարողների, թե՛ ստեղծագործական կազմի, և թե՛ կազմակերպչական թիմի հետ։ Ամեն բան արված էր ազատ ստեղծագործելու և վայելելու գործընթացը, ինչն էլ տվեց սպասված արդյունքը։

– Հետաքրքիր է, որ արտասահմանում արված ձեր բեմադրությունները թվով մի քանի անգամ գերազանցում են Հայաստանում իրականացված բեմադրություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։

-Այո, ճիշտ դիտարկում է։ Եթե կարճ ասեմ, ապա արտասահմանում ստեղծում են հիանալի ստեղծագործական պայմաններ, արվեստագետին գնահատում են և լայն հնարավորություններ տալիս։ Իրականում, ապրելով Հայաստանում և ստեղծագործելով այստեղ՝ բարդ է մասնագիտական ասելիք ունենալ միջազգային պրոֆեսիոնալ դաշտում, և ես միայն ուրախ եմ բոլոր այն նախագծերի համար, որ ինձ բախտ է վիճակվել իրականացնել դրսում՝ դրանով իսկ ձեռք բերել ահռելի փորձ։ Օրինակ՝ եղել եմ Բեռլինի Արվեստների Ակադեմիայի, Վենետիկի Բիենալեի ռեզիդենտ արտիստ, Aerowaves ի կողմից 2021 թ. ընտրվել Եվրոպայի լավագույն խորեոգրաֆների ցանկում, ներկայացումներ եմ բեմադրել, մասնակցել փառատոնների և ինքս ելույթներ ունեցել բազմաթիվ եվրոպական երկրներում, փառատոններում և մրցույթներում։ Չգիտեմ այս պահին որ մեկը մտաբերեմ, դրանք իրոք շատ են․․․ :

– Տարիներ առաջ մենք անդրադարձել էինք Երևանի օպերայի և բալետի թատրոնում ձեր բեմադրությամբ «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետին։ Հետաքրքիր է՝ հիմա ունե՞ք հրավեր մեր թատրոնից։

-Այս պահին Կարեն Դուրգարյանի համաձայնությամբ, թատրոնի գլխավոր բալետմայստերի պարտականությունները կատարող Ռուբեն Մուրադյանի և բալետային խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանի հրավերով փորձում եմ օգտակար լինել ճանաչված բալետմայստեր Շահար Բենյամինիի բեմադրությամբ «Բոլերո» ներկայացման աշխատանքների իրականացմանը՝ որպես փորձավար։ Ի դեպ, որպես փորձավար սա իմ առաջին փորձն է, որը հետաքրքիր է, բարդ է և ընդհանրապես այլ մոտեցումներ է պահանջում, քանի որ միշտ ես եմ ունեցել փորձավարներ կամ օգնականներ, որպես բեմադրող․․․

Իրականում սա շատ մեծ իրադարձություն է մեր բալետի թատրոնի համար, և մեծ քայլ առաջ դեպի ժամանակակից պարային աշխարհ։ Բեմադրությունը հագեցած է տեխնիկապես բարդ շարժումներով, և համարվում է այսօրվա ցանկալի ներկայացումներից մեկն աշխարհում։ Հուսամ, որ մեզ մոտ կստացվի հաջողությամբ իրականացնել այն՝ հաշվի առնելով, որ բալետային խմբի առաջին փորձն է այս ձեռագրով ներկայանալու։

-Ռիմա, կես կատակ- կես լուրջ մի հարցի պատասխանեք խնդրեմ` այս նախագիծը ավարտելուց հետո կրկի՞ն թռնելու եք դուրս, արտասահման:

-Իմ ոտքերը կապված են այստեղ՝ ուսանողներիս շնորհիվ կամ պատճառով : Արտասահմանից բազմիցս եմ ունեցել և ունեմ երկարաժամկետ հրավերներ, բայց միշտ մերժել եմ՝ ցանկանալով ներդրում ունենալ այստեղ, բայց միևնույն ժամանակ կապը չկտրել արտասահմանի հետ։ «Մոդեռն պար» բաժնի շրջանավարտների լավագույն ուսանողներով այսօր ձևավորվել է Rima Pipoyan Dance Company-ին:

Անցյալ տարի Մնջախաղի թատրոնի տնօրեն Մանվել Խաչատրյանի հրավերով ստեղծեցինք «Սգացող Կանայք», «Ոսկոր» և «Խալի» համատեղ պարային ներկայացումները, որոնք մեծ հաջողությամբ վերջերս ցուցադրվեցին Փարիզում։ Եվ եթե ուղիղ պատասխանեմ ձեր հարցին, ապա այո՛ թռնելու եմ, իհարկե թռնելու եմ։ Այդպես իմ արվեստը կենդանի է մնում, շնչում է․․․Որպես արվեստագետ ես նոր փորձ եմ ձեռք բերում, ճկուն դառնում, նոր միջավայր, նոր մոտեցումներ․․․

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Լուսանկարներում` տեսարաններ «Իկոնայի» ռուսաստանյան պրեմիերաներից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930