«Թե ինչի Էդգար Ղազարյանի վերաբերյալ գործով տուժողներ ներգրավված չեն, ինչի մենք զրկվեցինք տուժողի հետ հաշտվելու օրենսդրական հնարավորությունից, իրավական տրամաբանության մեջ հասկանալի չէ, քաղաքական տրամաբանության մեջ լրիվ հասկանալի է»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվեց Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նիստը։ Դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը Ղազարյանից ենթադրյալ տուժած ՍԴ դատավորներին գործով տուժող ներգրավելու վերաբերյալ:
Ռուբեն Մելիքյանը իր միջնորդությունը հիմնավորել էր Քր օրենսգրքի 82 հոդվածով, որը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատում տուժող կողմի հետ հաշտեցման դեպքում:
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:
Կարդացեք նաև
Ռուբեն Մելիքյանի խոսքով, այսօր դատարանը շատ արագ որոշեց իրենց միջնորդությունը մերժել առանց ուսումնասիրելու իր կողմից ներկայացված գործերը, որոնցում տուժողները ներգրավվել են. «Չի կարող իրավաբանը փաստերը, որոնք նշված են, որ գնահատական են իրենցից ներկայացնում, ոչ թե տեղեկություն, համարի արատավորող տեղեկություն: Մեր միջնորդության մերժմամբ այս դատավարության քաղաքական բնույթն էլ ավելի հասկանալի դարձավ»:
Մելիքյանը նկատեց, որ ՍԴ դատավորներին քաղաքական իշխանությունը պաշտպանում է, որովհետեւ նրանք կարեւոր գործառույթ ունեն կատարելու: Նա հիշեց՝ Արցախից հրաժարվելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու վերաբերյալ որոշումներ եւ, ըստ Մելիքյանի, դեռ առջեւում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ որոշում կա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ