Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում այսօր շարունակվեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի վերաբերյալ «ՍԴ դատավորների գործով» նիստը։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 490-րդ հոդվածի երկրորդ մասով՝ դատավորներին արատավորելն իրենց գործունեության համար. դատարանը սահմանափակել էր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի խոսքը՝ կիրառելով վարչական վերահսկողություն:
Կարդացեք նաև
Պաշտպանական կողմը միջնորդեց գործով տուժող ներգրավել Էդգար Ղազարյանից ենթադրյալ տուժած դատավորներին:
«Միջնորդում եմ ներգրավել տուժող մեր մեղադրական եզրակացության մեջ նշված Սահմանադրական դատարանի դատավորներին: Ինչո՞ւ է այս միջնորդությունը մեր իրավաչափ շահերի սահմաններում: Քրեական օրենսգրքի 82 հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվությունից ազատվելու այնպիսի հիմք, ինչպիսին է տուժողի հետ հաշտվելը: Մենք չենք կարող այդ հնարավորությունից զրկվել: Գործ ունենք միջին ծանրության արարքի հետ: Մենք պետք է օգտվենք տուժողի հետ հաշտվելու հնարավորությունից: Հնարավոր է՝ տուժողները գան, պնդեն, որ իրենց նկատմամբ ոչ մի արատավոր տեղեկություն չի տարածվել»,- իր միջնորդությունը հիմնավորեց Ղազարյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Հանրային մեղադրողը առարկեց, դատարանն էլ մերժեց միջնորդությունը:
Ինչից հետո նիստը հետաձգվեց:
Նիստի ավարտից հետո լրագրողները Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցին՝ իրականում ՍԴ աշխատակազմի ղեկավա՞րն է ներկայացրել հաղորդումը, թե՞ ՍԴ դատավորները: Ի պատասխան՝ Ղազարյանն ասաց, որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը, ըստ Սահմանադրական դատարանի աշխատակարգի, դատավորների օմբուդսմենը չէ . «Աշխատակարգը չի նախատեսում, որ աշխատակազմի ղեկավարը հետեւում է մամուլի հրապարակումներին, արձանագրումներին, հաղորդումներ է ներկայացնում, դա իր իրավասությունների մեջ չի մտնում: Դա պետք է դատավորներն անեին, բայց ստացվում է՝ դատավորները չեն արել, անհանգստություն չեն զգացել: Աշխատակազմի ղեկավարը նամակ է գրել. ոչ հաղորդում է, ոչ հանցանքի մասին վկայություն կա… ու մենք էլ ասում ենք՝ լավ , եթե այդ մարդիկ տուժել են, այդ մարդկանց տուժող ճանաչեք, ասում է՝ չէ: Պարզվում է՝ շահող են, եթե չեն տուժել, ուրեմն շահել են: Եթե չեն տուժել ես այս դատարանում ինչ գործ ունեմ» :
Էդգար Ղազարյանը նկատեց, որ գործ ունենք իրավական դատարկության հետ,: Ըստ նրա՝ այս գործը իրավական մասով շատ խեղճ է: Լրագրողները հետաքրքրվեցին՝ դատավոր Արման Դիլանյանին «վարձկան ահաբեկիչ» ասելը ինքը համարում է գնահատողական դատողությո՞ւն: Ի պատասխան Ղազարյանն ասաց. «Բայց դուք մտածում եք ՝ Արմեն Դիլանյանը չալման կապած, խալաթով, «կալաշնիկովով բագաժնիկում» նստած ահաբեկի՞չ է: Համեմատել եմ նրա գործողությունները վարձկան ահաբեկչի գործողությունների հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ