Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ին անդամակցելու պարագայում, ըստ ՌԴ պետդումայի պատգամավորի, Հայաստանի տնտեսությունն անկում կապրի

Ապրիլ 10,2025 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ՀՆԱ-ն այսօր աճում է արագ տեմպերով։ Իրականում ամբողջ աշխարհում տնտեսության ամենաարագ աճի տեմպը Հայաստանում է՝ արտահանման տեմպի ավելի քան 10-20 տոկոս աճով, ի հաշիվ ԵԱՏՄ-ի․ այս կարծիքին է ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» հիմնադրամի նախագահ Ալյոնա Արշինովան։

Այսօր Մոսկվայում ընթացող՝ «Եվրասիա-ավանդական արժեքների տարածք» խորագրով համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների մասին հարցին, Ալյոնա Արշինովան ասաց, որ երկու երկրների միջպետական հարաբերություններում այժմ որոշակի տուրբուլենտություն կա․ «Մի կողմից՝ ՀՀ պետական շրջանակներում հայտարարում են, որ շարունակելու են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը, մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ ՀՀ ԱԺ-ն Եվրոպական ինտեգրացիայի մասին նախագիծ է ընդունում։

Մենք տեսնում ենք, որ Հայաստանը կարող է գնալ Մոլդովայի ճանապարհով։ Մոլդովան այսօր ոչ միայն որոշակի հայտարարություններ է անում, այլ տառացիորեն անցած տարի եվրոինտեգրացիայի հարցով հանրաքվե անցկացրեց, որը երկրի ներսում իշխանությունը տանուլ տվեց․ Մոլդովայի իշխանությունը տանուլ տվեց ընտրությունները, ինչպես երկրի ներսում են մարդիկ ասում՝ դառնալով արտաքին սփյուռքի իշխանություն։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ժողովուրդը եվրասիական ինտեգրացիայի կողմնակից է, բայց Հայաստանի կառավարման օղակներում, բարձր մակարդակով որոշումներ են կայացվում ԵՄ-ին անդամակցության համար։ Իհարկե, նման հակասության զարգացումը, ՌԴ մոտ հարեւանների հեռացումը պետք չէ թույլ տալ, քանի որ մեր առջեւ Մոլդովայի օրինակը կա»։

Ալյոնա Արշինովան հղում արեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ օրերս արած այն հայտարարությանը, որ եթե Հայաստանը գնում է ԵՄ, ԵԱՏՄ շուկան կփակվի իր համար։

Բանախոսը նկատում է՝ իրենց համար տեսանելի է, որ առանց ռուսական էներգակիրների, ներդրումների, ավանդական հայ-ռուսական հարաբերությունների Հայաստանի տնտեսությունը չի զարգանա, առավել տատանողական ընթացք կունենա։ «Երբ տնտեսական կապերը խզվեն՝ միջնորդն անխուսափելիորեն գալիս է։ Կսկսեն կառուցել եվրոպական խանութներ, որտեղ հայկական արտադրանքի կարիք չկա եւ ի՞նչ կլինի հայկական շուկայի հետ․․․ ցավոք, կարծում եմ, որ անկում կլինի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930