Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին որոշումը։
Ըստ կառավարության՝ նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր (ցածր եկամուտներ ունեցող) ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը, միաժամանակ հնարավորություն տալու, որպեսզի այդ ընթացքում ընտանիքները դառնան սոցիալ-տնտեսապես ինքնուրույն և ինքնաբավ։
Նախագծով ներկայացվող միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի կարիքավոր ընտանիքներին՝ ամենամսյա դրամական աջակցության ձեւով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչեւ դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար:
«Միջոցառման իմաստով կարիքավոր ընտանիքներ են դիտարկվում այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամտի չափը ցածր է 55 000 ՀՀ դրամից: Աջակցության ամսական չափը կկազմի՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ, սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10 000 դրամ»,- նշվում է կառավարության որոշման մեջ։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ արցախցիներն այս փուլում բողոքի գործողություններ են իրականացնում՝ պահանջելով, որ կառավարությունը շարունակի 50 հազարական դրամ աջակցության ծրագիրը բոլոր արցախցիների համար, մինչեւ մարդկանց բնակարանային հարցերը կլուծվեն։ Ապրիլի մեկից 50 հազարական դրամ աջակցության ծրագիրն իրականացվում է միայն թիրախային խմբերի համար։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ