Հայաստանում ու Ադրբեջանում ընթանում են իրար հետ օրգանապես կապված երկու զուգահեռ գործընթացներ։ Բաքվում դատում են հայ ռազմագերիներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Նրանց՝ անմարդկային պայմաններում տված ցուցմունքների մասին աղքատիկ հաղորդագրություններից դատելով՝ այդ մարդիկ Բաքվում պայքարում են հանուն Արցախի։
Հայկական իրականությունը ճիշտ հակառակի մասին է։ Երևանում, գրեթե ամենօրյա ռեժիմով՝ ոչ թե բանտում, այլ կառավարական ճոխ աշխատասենյակներում գտնվողները պայքարում են Արցախի դեմ։
Բաքվում նրանց ներկայացվող «իրավական մեղադրանքները» Հայաստանի իշխանությունների կողմից տիրաժավորվում են քաղաքական փաթեթավորմամբ։ Այս երկու զուգահեռ իրականությունների դիալեկտիկան, հակասականությունն այն է, որ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին տուն վերադարձնելու համար պահանջներ են ներկայացվում տարբեր երկրների, միջազգային կառույցների։ Այն դեպքում, երբ նրանց՝ Բաքվում գտնվելու խորքային պատճառն այն է, որ Երևանում կառավարական աշխատասենյակներում են գտնվում նրանք, ովքեր քաղաքականապես կիսում են Ադրբեջանի «իրավական մեղադրանքները»։
Այդ պայմաններում, եթե անգամ որևէ երկրի ճնշմամբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա հայրենիք, նրանց դատելու են Երևանում, հայկական դատարանում, բայց ադրբեջանական մեղադրանքներով։ Այս ողբերգական պատմության մեջ, դատապարտումը, դատը՝ բոլոր իմաստներով, ունի առանցքային նշանակություն։
Կարդացեք նաև
Ադրբեջանը շարունակելու է «դատել» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում տեղի չի ունեցել դատավարություն՝ Արցախի հետ կատարված ողբերգության մեղավորներին դեռևս հայկական օրենքներով պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Երկընտրանքը՝ որքան բարդ, նույնքան էլ պարզ է։ Բաքվի բանտից մեր հայրենակիցներին ազատելու համար Հայաստանում պետք է կազմակերպվի մեծ դատավարություն։ Իսկ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ՀՀ իշխանությունից դեռևս ակնկալիքներ ունեցող Ալիևը Բաքվում դատելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որպեսզի Հայաստանում չդատվի Նիկոլ Փաշինյանը․․․
Արցախն այսօր մոտ երկու տասնյակ մարդիկ պաշտպանում են Բաքվում, Արցախի դեմ պայքարը գեներացվում է Երևանում՝ հարյուրավոր պաշտոնյաների ու նրանց կողմից հովանավորվող հազարավոր վարձկանների միջոցով։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։