Լրահոս
Օրվա լրահոսը

«Ում շատ տրված է, շատ էլ կուզվի»

Ապրիլ 10,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ես միանգամայն բնական եմ համարում, որ մեր հոգեւորականներն իրենց ցավն են հայտնում մեր հայրենիքի մի մասի կորստի, մեր փախստական հայրենակիցների ողբալի վիճակի առթիվ: Հաշվի առնելով մեր եկեղեցու յուրահատուկ պատմությունն ու առաքելությունը՝ մեր հոգեւոր ծառաները եւ Մայր Աթոռը պետք է իրենց տագնապը հայտնեն հայկական պետականության հնարավոր կորստի կապակցությամբ (ինչը եւ արվում է):

Հավատը եւ հայրենիքը, հավատը եւ պետականությունը իմ գիտակցության մեջ գտնվում են կուռ հոգեւոր միասնության մեջ: Ես չեմ պատկերացնում, օրինակ, թե ինչպե՞ս է հնարավոր լինել Հայ Առաքելական եկեղեցու զավակ եւ հակադրել «հայերին» եւ «ղարաբաղցիներին»: Ինչպե՞ս է հնարավոր լինել հայ քրիստոնյա եւ ասել, որ Բաքվում պատանդված մեր հայրենակիցներին «հասնում են» այն տառապանքները, որոնք նրանք կրում են:

Սակայն մտնել առօրյա քաղաքականության (politics – ի, ոչ թե policy), այլ կերպ ասած՝ իշխանության պայքարի մեջ՝ դա, իմ կարծիքով, հոգեւորականի գործը չէ: Կարեւոր չէ, թե որ կողմից է նա մասնակցում այդ պայքարին՝ իշխանությա՞ն, ընդդիմությա՞ն, թե՞ ընդդիմության որոշակի խմբի: Մանավանդ՝ մտնել ինչ-որ մանր ինտրիգների մեջ: Դա ոչ միայն սխալ է՝ ըստ էության, այլեւ հոգեւորականին դարձնում է հակառակ ճամբարի ներկայացուցիչների հարձակումների, վիրավորանքների թիրախ:

…«Նրան, ում շատ է տրված, նրանից շատ էլ կուզվի, եւ ում շատ է վստահված, նրանից ավելին կպահանջեն» (Ղուկաս, 12:48): Ես դա առաջին հերթին ինձ վրա եմ վերցնում: Իմ ընկալմամբ, ինձ ավելի շատ է տրված եւ ավելի շատ է վստահված, քան, ասենք, ֆեյսբուքյան սովորական «ստուտուսագրին» կամ բլոգերին: Դա ինձ վրա ավելի մեծ պատասխանատվություն է դնում՝ մասնավորապես, իմ ամեն մի խոսքը կշռելու առումով: Հոգեւորականների պատասխանատվությունը, քահանայից մինչեւ եպիսկոպոս, շատ ավելի մեծ է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Կղերականները, վստա՛հաբար, պիտի մեծապէս նախընտրէին բնաւ չխառնուիլ քաղաքականութեան, եթէ աշխարհական հայեր, ի պաշտօնէ քաղաքական, կուսակցական գործիչներ, բաւարար չափով ստանձնէին իրենց ազգային պարտականութիւնները, եւ ազգային գետնի վրայ, առողջ եւ ազդու կերպով ղեկավարէին ժողովուրդը:

    Այդ ահաւոր դատարկութիւնն է որ, հարկադրաբար, մի քանի եկեղեցականներ ջանք են թափում՝ լեցնելու:

    . Ի դէպ, «կրթուիլը նորաձեւ» է շարժումը տնօրինող վարչապետական զոյգը, օգտակար կը լինի որ, նուազագոյնը, ծանօթանան՝ Խրիմեան Հայրիկին: Ի դէպ, նա էլ գրած է «ողբ»եր, կորուստներու մասին: Սակայն միշտ մնացած է՝ մարտունակ: Երբեք չէ կոտրուած, չէ յանձնուած, չէ հրաժարած Հայոց ազգային գերագոյն ձգտումներից:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930