Լրահոս
Օրվա լրահոսը

Վիրավորանքի ու զրպարտության գործերով բոլոր հայցերը քննվում են ընդհանուր կարգով

Ապրիլ 10,2025 13:00

Վերջին տասը տարվա ընթացքում 1087.1 hոդվածի բազմաթիվ դրույթներ մեկնաբանվել ու վերամեկնաբանվել են դատարանների, ու առաջին հերթին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, ի հայտ են եկել նոր երեւույթներ, ինչպես օրինակ՝ ընդդեմ հանրային մասնակցության ռազմավարական դատավարությունները (SLAPP), ինչպես նաեւ զարգացող նոր տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնք պահանջում են նոր մոտեցումներ, իրավական նոր լուծումներ, որոնց վերաբերյալ նույնպես տեղի են ունեցել եւ ունենում որոշակի զարգացումներ դատական պրակտիկայում: Այս բացերը լրացնելու համար անչափ կարեւոր է այս տարի լույս տեսած ուղեցույցը՝ «Վիրավորանք եւ զրպարտություն», որի հեղինակներն են փաստաբաններ Արա Ղազարյանը եւ Դավիթ Ասատրյանը:

Վերջերս ծանոթացա ուղեցույցին եւ կիսեմ տպավորություններս:

Ըստ ուղեցույցի հեղինակների. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վիրավորանքի ու զրպարտության գործերի քննության հատուկ կարգ չի սահմանում։ Բոլոր հայցերը քննվում են ընդհանուր կարգով»։

Մինչդեռ, SLAPP դատավարությունների թիվը Հայաստանում աճում է։ Նման գործերով դատարանները դատական հայցերը քննում են ընդհանուր կարգով՝ առանց խորամուխ լինելու պատասխանողների պնդումների մեջ, որ ներկայացված հայցերի իրական նպատակը ոչ թե իրավական պաշտպանություն հայցելն է, այլ իրենց հանրային գործունեությունը ճնշելը։ Դատարանները նման պնդումները, որպես կանոն, համարում են հիմնազուրկ՝ մատնանշելով ուղղակի փաստերի եւ ապացույցների բացակայությունը։ Առկա կարգավորումները հնարավորություն չեն տալիս դատավարության սկզբում հայցը մերժել այն հիմնավորմամբ, որ հայցը

հետապնդում է քողարկված այլ նպատակ։ Նույնիսկ, եթե հայցն ակնհայտորեն անհիմն է, դատարանները պարտավոր են իրականացնել ամբողջ ծավալով քննություն։ ՀՀ օրենսդրությունում բացակայում են ակնհայտորեն անհիմն, իրավունքի չարաշահմամբ ու անձանց հանրային գործունեությունը վնասելու քողարկված հիմքով շինծու դատական հայցեր ներկայացնելու համար հայցվորներին պատասխանատվության ենթարկելու իրավական հիմքեր։

Ուղեցույցում հատուկ անդրադարձ կա ատելության խոսքին, դրա իրավական «չկարգավորմանը»:

Մասնավորապես, նշվում է. «Վարչական եւ քաղաքացիական օրենսդրություններում բացակայում են ատելության խոսքի արգելքի մասին նորմեր։

Ավելին, բացակայում է նաեւ խտրականության արգելքի վերաբերյալ ինքնուրույն, համապարփակ օրենք։ Դա զրկում է քաղաքացիներին իրավական պաշտպանության արդյունավետ հնարավորություններից։ Դա է պատճառը, որ ատելության խոսքի դեմ իրավական պաշտպանության միջոց հայցելիս քաղաքացիները հաճախ ստիպված են դատական հայց ներկայացնել Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով՝ վիրավորանքի կամ զրպարտության ներքո։ Մինչդեռ, 1087.1 հոդվածը չի տրամադրում արդյունավետ իրավական կառուցակարգ՝ ատելության խոսքից պաշտպանվելու համար»։

Հիշեցնենք, որ «Վիրավորանք եւ զրպարտություն» իրավական պաշտպանության ուղեցույցը 2014 թ.-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից մշակված եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ հրապարակված նույնանուն ձեռնարկի երկրորդ, թարմացված հրատարակությունն է։

Առաջին մասում ներկայացված են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում վիրավորանքի ու զրպարտության իրավական սահմանումների վերաբերյալ պարզաբանումներ, դատական պրակտիկայում սահմանված մեկնաբանություններ, իրավական պաշտպանության կարեւոր սկզբունքներ, որոնք առավելապես կարեւոր են լրագրողների համար։ Ձեռնարկի երկրորդ մասում ներկայացված են ուղեցույցներ դատարան դիմելու համար անհրաժեշտ ընթացակարգերի մասին։

Ուղեցույցը բաղկացած է հետեւյալ «Ընդհանուր դրույթներ եւ հիմնական հասկացություններ», «Դատարան դիմելը եւ դատաքննությունը», «Վիրավորանք եւ զրպարտություն. իրավական պաշտպանության ուղեցույց» բաժիններից:

Ուղեցույցից տեղեկանում ենք, Վճռաբեկ դատարանի բազմաթիվ նախադեպային որոշումների մասին, դատական գործընթացների ընդդեմ լրատվամիջոցների, նոր գործընթացների մասին:

Առանձնապես, հետաքրքիր էր դատական գործընթացներ պարբերաբար լուսաբանող լրագրողիս համար, ապացուցման բեռի, մասնավորապես, արտահայտության վիրավորական կամ զրպարտող լինելու ապացուցման բեռի մասին ուղեցույցի հեղինակների մոտեցումները: Ըստ նրանց. «Հայց ներկայացնելիս անհրաժեշտ է հիմնավորել, որ հայցվորը արտահայտությունները կատարել է դիտավորյալ կերպով, նպատակ հետապնդելով արատավորել ձեր պատիվը, արժանապատվությունը կամ բարի համբավը»:

Գաղտնիք չէ, որ արտահայտությունները տարանջատելու, դրանց զրպարտչական կամ վիրավորական լինելու ապացուցման բեռը կրում է հայցվորը:

Վիրավորական արտահայտության ի սկզբանե անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ հետապնդելու, կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու եւ նրան նվաստացնելու դիտավորություն ունեցած լինելու ապացուցման բեռը եւս կրում է հայցվորը:

Չափազանց կարեւոր է իմանալ նմանատիպ գործերով, որում ներքաշվում են հատկապես լրագրողներն ու լրատվամիջոցները, բռնագանձման պահանջերի մասին նոր զարգացումների մասին, ինչը ուղեցույցից տեղեկանում ենք:

Զրպարտության եւ վիրավորանքի գործերով հայցվորը կարող է պահանջել գումարի բռնագանձում` փոխհատուցում, որպես իր` պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող գործողություններից պաշտպանվելու միջոց, եւ գույքային վնաս, որպես վիրավորանքի կամ զրպարտության հետեւանքով իր կրած նյութական բնույթի զրկանքների վերականգնման միջոց. «Ցանկացած այլ նպատակով վնասի փոխհատուցումն օգտագործելն անհամաչափորեն սահմանափակող ազդեցություն կունենա ազատորեն արտահայտվելու իրավունքի վրա, ինչը չի կարող գնահատվել, որ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Հայցվորը փոխհատուցման չափը հիմնավորելու համար կարող է դատարան ներկայացնել պատասխանողի գույքային դրությունը բնութագրող ապացույցներ (տեղեկանքներ, հայտարարագրեր) կամ հղում կատարել հանրամատչելի աղբյուրների, իսկ նման ապացույցներ ձեռք բերելու փորձերի անհաջողության դեպքում` միջնորդություն ներկայացնի դատարանին, որպեսզի վերջինս ապահովի այդ ապացույցները: Պատասխանողն իր հերթին կարող է դատարան ներկայացնել իր գույքային դրությունը բնութագրող ապացույցներ` հիմնավորելու համար պահանջվող փոխհատուցման չափի անհամաչափությունը:

Այն դեպքերում, երբ վեճը ծագել է հանրային առողջության եւ բնապահպանական հրատապ թեմաների շուրջ հանրային բանավեճ ծավալող խմբերի հրապարակային հայտարարություններից, դատարանը փոխհատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնի նաեւ այլ անձանց վրա փոխհատուցման բարձր չափերի հնարավոր «սառեցնող» (սահմանափակող, կաշկանդող) ազդեցությունը: Դա հատկապես վերաբերում է հանրային նշանակության գործունեություն ծավալող անձանց դեմ ռազմավարական դատավարություններին:

Ուղեցույցին կարող եք ծանոթանալ նաեւ ԻԱԿ կայքում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930