Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատ համայնքի ղեկավարն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործն ավարտվեց

Ապրիլ 10,2025 12:30

Հանձնաժողովը գտել է, որ քաղաքական հարաբերությունները դրսեւորվել են նույն կուսակցության անդամ լինելու, նույն համայնքում համապատասխանաբար համայնքի ղեկավար եւ համայնքի ավագանու անդամի պաշտոններ զբաղեցնելու հանգամանքով:

Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 30.07.2024 թ. թիվ ՎԻՎ/145/24 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Ապրիլի 3-ին դատարանը (դատավոր՝ Անի Հարությունյան) Կառլեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցապահանջը մերժեց:

Հայցվորի պնդմամբ, Հանձնաժողովը ակտն ընդունելիս ծանրակշիռ ապացույցներով չի հիմնավորել կարեւորագույն փաստը՝ մեղքի աստիճանը կամ դրա առկայությունն առհասարակ. «Հանձնաժողովը եզրահանգել է, որ պատվիրատուի ղեկավարի՝ համայնքի ղեկավարի կողմից ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի հաստատումն իմպերատիվ պահանջ է, որը խախտելը պատվիրատուի համար կարող է հանգեցնել բացասական իրավական հետեւանքների:

Ստացվում է, որ տվյալ դեպքում համայնքի ղեկավարի գործողությունը՝ պայմանագրի հաստատումը, չի ազդել եւ չէր կարող ազդել իր պարտականությունների անաչառ եւ օբյեկտիվ կատարման վրա, մանավանդ այն պարագայում, երբ չի իմացել եւ պարտավոր էլ չէր իմանալ՝ ով է հանդիսանում նշված ՍՊԸ-ի սեփականատերը կամ տնօրենը, հետեւաբար Հանձնաժողովին գրավոր հայտարարություն չներկայացնելու մեջ մեղավորություն առկա չէ»:

Հայցվորը խնդրել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչել։

Իսկ պատասխանողը հայտնել էր հետեւյալը. ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ քաղաքական հարաբերություններով կապված անձ՝ «Գարանտ Կապիտալ Ստրոյ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր եւ տնօրեն հանդիսացող Նարեկ Բաղդասարյանի (Արտաշատ համայնքի ավագանու անդամ) հետ իրականացված գնման գործընթացի արդյունքում 2023 թ. նոյեմբերի 7-ին կնքվել է թիվ ԱՄԱՀ-ԲՄԱՇՁԲ-23/78 կապալային աշխատանքների կատարման պայմանագիր:

Հանձնաժողովը գտել է, որ համայնքի ղեկավար եւ համայնքի ավագանու անդամի պաշտոններ զբաղեցնելու հանգամանքով էր պայմանավորված նրանց հարաբերությունները, նաեւ՝ «գործնական կապի ուժով ծագող հարաբերություններով»:

Հանձնաժողովը գտել է, որ իրականացված գնման գործընթացի շրջանակներում պատվիրատուի եւ ընկերության միջեւ վկայակոչված պայմանագրի կնքումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայտարարված մրցույթում միակ հայտ ներկայացրած եւ համապատասխան ընթացակարգով հաղթող ճանաչվելու արդյունքում պայմանագրի կնքման պահին հայցվորին՝ համայնքի ղեկավարին, հայտնի է եղել կնքման ենթակա պայմանագրի կողմ հանդիսացող առեւտրային կազմակերպության բաժնեմասնակցի՝ իր հետ քաղաքական հարաբերություններով փոխկապակցվածության հանգամանքը: Հանձնաժողովը գտնում է, որ «Որեւէ ձեւով դրսեւորված փոխկապակցվածության հանգամանքի առկայությունն արդեն իսկ այն ազդակն է, որի պարագայում պաշտոնատար անձը, ում վերաբերելի են շահերի բախմանն առնչվող իրավակարգավորումները, մինչեւ որոշում ընդունելը կամ գործողություն կատարելը պարտավոր է շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին Հանձնաժողովին գրավոր հայտարարություն ներկայացնել»:

Թե դատարանը, թե հանձնաժողովը ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ «Չէր կարող պայմանագրի մի կողմը անտեղյակ լինել, թե ով է հանդես գալիս որպես պայմանագրի մյուս կողմ կամ վերջինիս անունից», ակնարկելով նաեւ ՔՊ-ական լինելու հանգամանքի մասին: Նշվել էր, որ վարչական վարույթի գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ընդունել է այն փաստական հանգամանքը, որ համայնքապետը թիվ ԱՄԱՀ- ԲՄԱՇՁԲ-23/78 կապալային աշխատանքների կատարման պայմանագիրը ստորագրելիս տեղյակ է եղել, թե ով է հանդես գալիս պայմանագրի մյուս կողմում: Քննության նիստի ընթացքում, ի պատասխան հանձնաժողովի նիստը նախագահողի հարցադրմանն առ այն, թե հայցվորը պայմանագիրը ստորագրելու պահին արդյոք տեղյա՞կ է եղել, թե ով է հանդիսանում ընկերության սեփականատերը/տնօրենը, ինչպես նաեւ, որ ընկերության սեփականատերը հանդիսանում է նույն համայնքի ավագանու անդամը, վերոնշյալի համատեքստում համայնքապետի ներկայացուցիչը ընդունել եւ հաստատել է, որ հայցվորը տեղյակ է եղել նշվածի վերաբերյալ։

Իսկ 2024 թ. հոկտեմբերի 10-ին ներկայացված դիրքորոշմամբ ներկայացուցիչը հայտնել էր, որ հայցվորը, գործում առկա լիազորագրի տրման փաստի ուժով, Արարատ Գոլեցյանին լիազորել է վերջինիս անունից ներկայացնելու դիրքորոշում, առարկություն, միջնորդություն, ստորագրելու ցանկացած փաստաթուղթ, կատարելու ցանկացած գործողություն վարչական վարույթի շրջանակներում, ինչպիսի լիազորագրի հիման վրա կատարված գործողությունների հետեւանքներն առաջացել են հայցվորի համար։

Վարչական դատարանն արձանագրեց, որ հայցվորի այն փաստարկը, որ վերջինս տեղեկացված չի եղել, թե ով է հանդիսանում պայմանագրի կողմ ընկերության տնօրենը եւ բաժնետերը, արժանահավատ չէ՝ հաշվի առնելով, որ նման հանգամանքի առկայության դեպքում նշված փաստարկը չէր կարող վրիպել վարչական վարույթի ընթացքում առարկություններով ներկայացվող փաստարկների ցանկից:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահը ներառում է որեւէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ»: Այսինքն, քաղաքական հարաբերությունները ներառում են որեւէ կուսակցության մասնակցության կամ տվյալ կուսակցության այլ անդամների հետ ունեցած գործարար կամ այլ գործնական կամ անձնական կապի ուժով ծագող հարաբերությունները:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930