Սկիզբը՝ այստեղ:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «կայուն խաղաղությունը անվտանգություն, բարգավաճում կբերի Հարավային Կովկաս»
ԵՄ պաշտպանության նախարարները հանդես են եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման օգտին, այս մասին օրերս հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին։ «Ինչ վերաբերում է Կովկասին՝ նախարարներն ընդգծել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը՝ հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վրա, թույլ կտար Հարավային Կովկասին դառնալ խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածք»,- նշել է դեսպանը X-ի իր էջում։
Անցյալ շաբաթ Բաքվում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, որը հայտարարեց, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «անհամբեր սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը»:
Կարդացեք նաև
Ելույթ ունենալով Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված էներգետիկ հարցերով հավաքին, ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան շեշտել է, որ խաղաղության պայմանագիրը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։ «Այն կխթանի տնտեսական զարգացումը՝ ապահովելով կայունություն եւ խաղաղություն տարածաշրջանում: Կայուն խաղաղությունը վերջ կդնի տարածաշրջանում հակամարտություններին եւ անվտանգություն, բարգավաճում կբերի Հարավային Կովկաս: Մենք գնահատում ենք այն քայլերը, որոնք դուք անում եք այս ճանապարհին», նշել է Էրիկ Ջեյքոբսը:
Խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին մարտի 13-ի հայտարարությունից հետո Միացյալ Նահանգներն այդ առթիվ ողջունել էր Երեւանին եւ Բաքվին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր. «Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման եւ վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է»։
Իսկ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուլցն էլ հայտարարեց՝ «կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի»։ Նա մարտի կեսերին հայտնել էր, որ Ադրբեջանում խոսել է այդ երկրի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Հիքմեթ Հաջիեւի հետ։ «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, եւ միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ», – X-ում գրել էր Դոնալդ Թրամփի խորհրդականը։ «Ամերիկայի Ոսկեդարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի կունենա», – վստահեցրել էր Թրամփի խորհրդականը։
Ի դեպ, օրերս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է խոսել Թուրքիայի նախագահի մասին, նշելով. «Ես հիանալի հարաբերություններ ունեմ Էրդողանի հետ։ Եթե երբեւէ Թուրքիայի հետ խնդիրներ ունենաք, կարող եմ օգնել խնդիրների լուծման հարցում»:
Ինչեւէ, պաշտոնական Երեւանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտելու մասին հայտարարեցին մարտի 13-ին։ Թեեւ Հայաստանի իշխանությունները շարունակ վստահեցնում են, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, եւ Երեւանը պատրաստ է Բաքվի հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ, Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով պնդում է խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղման հեռացում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի խոսքով՝ «գնդակը Հայաստանի դաշտում է»։
ԱՄՆ կառավարական բանկը 339 միլիոն դոլարով կվարկավորի զենք փոխադրող ադրբեջանական ավիաընկերությանը
Մինչ Թրամփն «անհամբերությամբ սպասում է» հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ամերիկյան կառավարական EXIM բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է ադրբեջանական Silk Way ավիաընկերությանը 339 միլիոն դոլարի վարկավորումը՝ Boeing ինքնաթիռներ ձեռք բերելու համար։ Ինքնաթիռները կմատակարարվեն մինչեւ 2026-ի ամառ։ Փաստը, որ Silk Way-ի ինքնաթիռները, ըստ հեղինակավոր լրատվամիջոցների, զբաղվել են զենքի փոխադրմամբ, չի խանգարել ամերիկյան կողմին հաստատել վարկը։ Silk Way-ը համարվում է Ադրբեջանի նախագահի հետ փոխկապակցված ավիաընկերություն։
Ըստ «Ազատության»` EXIM բանկի կողմից Silk Way-ի համար Boeing-երի ֆինանսավորման առաջին տեղեկությունները տարածվեցին հունվարի սկզբին։ Բանկը հանրային մեկնաբանություններ էր հավաքում գործարքը ֆինանսավորելու վերաբերյալ։ Մատակարարվելիք ինքնաթիռների քանակը կողմերը չեն հայտնում։ Այս գործարքներում մի դեպքում վարկի երաշխավոր հանդես է եկել իսպանական Santander բանկը, մյուս դեպքում՝ ամերիկյան Մասնավոր արտահանման ֆինանսավորման կորպորացիան (PEFCO): Santander-ը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հրաժարվել է մեկնաբանել այս գործարքում իր դերը։
Silk Way-ի վարկավորման գործարքը ղեկավարել են բանկի խորհրդատու Դեյվիդ Գոլդենը, EXIM-ի տրանսպորտային բաժնի փոխնախագահ Դավիդ Ֆիորին ու նույն բաժնի վարկային մասնագետ Չերիլ Քոնլինը։ Վերջինս 2021-ի ապրիլին մասնակցել էր Բաքվում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած վիրտուալ մի ֆորումի, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյաներն ու գործարարները ներկայացնում էին լոգիստիկ հարցերում ամերիկյան տեխնոլոգիաները, ֆինանսական հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են պաշտոնյաներ Թուրքիայից, Վրաստանից, խոսել տարածաշրջանի «արեւելք-արեւմուտք տարանցիկ միջանցքի՝ ԱՄՆ-ի առեւտրային լուծումներից»։ 2017-ին Չերիլ Քոնլինը մասնակցել էր նաեւ Ադրբեջանում ԱՄՆ-ի առեւտրային պալատի կազմակերպած մի միջոցառման եւ խոսել EXIM-ի կողմից ադրբեջանական ընկերությունների հետ իրականացրած ծրագրերից։ Անցած նոյեմբերին EXIM-ի ներկայացուցիչները մեկնել էին Բաքու՝ մասնակցելու COP 29-ին։
Ադրբեջանական Silk Way-ը հայտնի է հակամարտությունների գոտի զենքի փոխադրումներով։ «Ազատության» ադրբեջանական ծառայությունը 2010-ին պարզել էր, որ ավիաընկերության վերջնական բաժնետերերից մեկն Ալիեւի ընտանիքն է։ Կազմակերպված կոռուպցիայի եւ հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) 2018-ին գրել էր հարյուր միլիոնավոր դոլարների ֆինանսավորման մասին, որ ամերիկյան EXIM բանկը տրամադրել էր Silk Way-ին։ Հոդվածում նշվում էր, որ EXIM-ը 2014 թվականին մոտ 420 միլիոն դոլար է տրամադրել ադրբեջանական ավիաընկերությանը՝ երեք Boeing 747-8 Freighter ինքնաթիռներ գնելու համար։ Այս գործարքի դեպքում որպես երաշխավոր էր հանդես եկել Ադրբեջանի միջազգային բանկը։ 2017-ին EXIM-ը Silk Way-ին ֆինանսավորեց արդեն 1 միլիարդ դոլարի չափով՝ 10 Boeing գնելու համար։
Washington Post-ը 2022-ին ծավալուն հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ աֆղանական պատերազմի ամենաթեժ փուլում Ադրբեջանն ԱՄՆ-ի ու դաշնակիցների համար բացել է օդային տարածքը՝ դրա դիմաց ստանալով ավելի սերտ դիվանագիտական համագործակցություն ու 369 միլիոն դոլարի պայմանագրեր Silk Way-ի հետ։
ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու գեներալներ՝ Դունքան ՄըքՆաբը եւ Ուիլյամ Ֆրեյզերը, ովքեր 2008-2014թթ. պատասխանատու էին մատակարարման ուղիների համար, հետագայում որոշել են նյութականացնել իրենց կապերն Ադրբեջանում: Թոշակի անցնելուց հետո բարձրաստիճան գեներալները թանկարժեք խորհրդատվական գործարքներ էին կնքել Silk Way Airlines-ի հետ, որը հարցեր էր առաջացրել ամերիկացի գեներալների գործողությունների շարժառիթների վերաբերյալ։ Ըստ Washington Post-ի՝ Պենտագոնը եւ Պետդեպարտամենտը սովորաբար թույլատրում են պաշտոնաթող զինվորականներին աշխատանքի անցնել արտասահմանյան պետություններում կամ օտարերկրյա կառավարությունների կողմից վերահսկվող ընկերություններում: «Բայց Ադրբեջանի դեպքում ամերիկյան ռազմական գերատեսչությունն առարկություններ ուներ, եւ դրանցից մեկն ազգային անվտանգության վերաբերյալ էր», – վկայակոչելով փաստաթղթերը՝ նշել էր հեղինակավոր լրատվամիջոցը։
2020, 2023թթ. Silk Way-ն ակտիվ էր Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսած ռազմական գործողությունների ընթացքում։ 2023-ի սեպտեմբերին՝ Արցախում իրականացված էթնիկ զտումներից մոտ 2 շաբաթ առաջ, «Հետք»-ը գրել էր, որ օգոստոս-սեպտեմբերին Silk Way-ն իսրայելական «Օվդա» ավիաբազայից դեպի Բաքու 4 չվերթ էր իրականացրել՝ տեղափոխելով պայթուցիկ ռազմամթերք։ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում եւս ադրբեջանական այդ ավիաընկերությունն ակտիվ փոխադրումներ էր իրականացնում դեպի Ադրբեջան Իսրայելից, Թուրքիայից, Աֆղանստանից։
2021-ին OCCRP-ը նաեւ հետաքննություն էր հրապարակել, ըստ որի՝ ադրբեջանական ավիաընկերությունը ներգրաված է եղել Կենտրոնական Աֆրիկա՝ Կոնգո-Բրազավիլի հանրապետություն 100 տոննա զենքի փոխադրմամբ։ Կոնգոյի ընդդիմադիրների պնդմամբ՝ դա օգտագործվել է ընդդիմադիր բողոքը ճնշելու համար։
EXIM բանկը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցումներին՝ Silk Way-ին վարկավորելու ռիսկերի հետ կապված, նշել է՝ «EXIM-ը իր կանոնադրության համաձայն խստորեն գնահատում է իր մասնակիցների ու շահառուների այն գործարքները, որ բանկը ֆինանսավորել է ու սերտորեն հետեւում է Կոնգրեսի կողմից հաստատված սահմանափակումներին»։
«EXIM-ի առաքելությունն է աջակցել ամերիկյան աշխատատեղերին՝ տրամադրելով վարկեր, երաշխիքներ եւ/կամ ապահովագրություն՝ նպաստելով ԱՄՆ-ում արտադրված ապրանքների ու ծառայությունների գնմանը։ Ինչ վերաբերում է Silk Way Airlines-ի եւ EXIM-ի համագործակցության բնույթին, մենք նշում ենք, որ Silk Way West Airlines-ն է լինելու ԱՄՆ-ում արտադրված այս օդանավերի վարձակալն ու վերջնական օգտագործողը, ինչպես նաեւ վարկերի մարման աղբյուրը։ EXIM-ը երաշխավորելու է այդ վարկերը»,- նշված է «Ազատությանն» ուղղված պատասխանում։ Միեւնույն ժամանակ, բանկը չի պատասխանել հարցերին, թե արդյո՞ք մինչ Silk Way-ի վարկավորման որոշումը պետական այլ մարմիններ նկատառումներ ու դիտողություններ ներկայացրել են այս գործարքի վերաբերյալ։
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն»-ը փորձել է պարզել՝ ադրբեջանական ավիաընկերության այս վարկավորումն արդյո՞ք քննարկման առարկա է դարձել Հայաստանի եւ ԱՄՆ ղեկավարների կամ գերատեսչությունների միջեւ վերջին շրջանի շփումներում, քննարկումներում։ ԱԳՆ-ն ի պատասխան շեշտել է՝ Վաշինգտոնի հետ Երեւանի հարաբերությունները ծավալվում են ռազմավարական գործընկերության ձեւաչափում եւ պայմանավորված չեն ԱՄՆ եւ երրորդ երկրների միջեւ երկկողմ համագործակցությամբ։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարությունից ադրբեջանա-ամերիկյան բազմամիլիոնանոց գործարքի վերաբերյալ «Ազատության» հարցերին չեն արձագանքել։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 09.04.2025