ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում խորը մտահոգություն արտահայտեց սահմանամերձ շրջաններում ադրբեջանցիների կրակոցների եւ մեր երկրի իշխանությունների, մասնավորապես, Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված, թե այո կրակոցներ կան, բայց դրանք Հայաստանի ուղղությամբ չեն: «Ի՞նչ է նշանակում՝ այո, կան կրակոցներ, բայց նրանք օդ են կրակում, մարդկանց եւ տների վրա չեն կրակում: Կարծես, մենք խաղահրապարակում ենք եւ բառախաղի մեջ ենք:
Իհարկե, սա իրենց համար լուրջ խնդիր է, որովհետեւ իրենք հանրությանը անընդհատ թմբկահարում էին, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու: Իսկ փաստացիորեն Ադրբեջանը բոլորովին այլ բան է ապացուցում: Ասում է, որ ինքը նման բանի ոչ պատրաստ է, ոչ էլ պատրաստ լինելու մասին հայտարարություն է արել: Դեռ ավելին, Ադրբեջանը շատ հստակ ասում է՝ քանի դեռ Հայաստանը չի կատարել իր առջեւ իմ դրած պահանջները, ոչ մի խաղաղության մասին խոսք անգամ լինել չի կարող: Եվ այս կրակոցներն էլ դրա ապացույցն են: Իսկ ի՞նչն է նրա պահանջը: Սահմանադրության փոփոխությունը, Մինսկի համանախագահների խմբի գործունեության չեղարկումը, 300 հազար ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելը եւ այլն: Այնպես որ, Ալեն Սիմոնյանը, ըստ էության, փորձում է նորից պնդել, թե Հայաստան-Ադրբեջան բանակցությունները հասել են այն մակարդակին, որ այսօր, վաղը, մյուս օրը այդ խաղաղության թուղթը իրենց ձեռքին է լինելու:
Իհարկե, նման բան չի լինելու: Իհարկե, ինչ թուղթ էլ նրանց ձեռքին լինի, Ադրբեջանը խաղաղություն չի ապահովելու: Իսկ ինչո՞ւ ապահովի այդ խաղաղությունը, քանի դեռ այստեղ կա մի դավաճան, ազգակործան իշխանություն, որը պատրաստ է ամեն ինչի՝ իր իշխանությունը մեկ օր ավել պահելու: Իսկ Ալեն Սիմոնյանը այդ իշխանության կարեւոր ներկայացուցիչներից մեկն է ու ինքն էլ իր աթոռը պահելու համար կարող է նման հիմար հայտարարություններով հանդես գալ»,-ասաց դաշնակցական պատգամավորը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ