Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրադատարանի և ազգային դատական համակարգերի միջև խզումը մեծանում է. Արմեն Գևորգյան

Ապրիլ 09,2025 22:30

Ելույթ ԵԽԽՎ-ում կայացած «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումը» թեմայով քննարկման ժամանակ (2025թ. ապրիլի 9)

Հարգելի’ գործընկերներ,

Այսօր շատ պետություններում ժողովրդավարության անկումը զուգընթաց է դատական ​​համակարգի նկատմամբ վստահության աճող քայքայմանը: Դատարանի վճիռների կատարման արդյունավետությունը գնահատելիս մենք պետք է հիշենք մի բան՝ դա զուտ իրավական ձևականության խնդիր չէ: Խոսքն արդարադատության նկատմամբ հանրային վստահության և մեր երկրներում օրենքի գերակայության ապագայի մասին է: Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե Եվրոպական դատարանի որոշումներն իրականում ինչպես են ազդում արդարադատության որակի վրա և նպաստում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը:

Հավանաբար ժամանակն է, որ Եվրոպայի խորհուրդը դուրս գա վիճակագրության շրջանակից և գնահատի, թե արդյոք Դատարանի վճիռներն իսկապես վերափոխո՞ւմ են իրավական մշակույթը և խթանում ինստիտուցիոնալ բարեփոխումները: Որովհետև ուժեղ արդարադատության համակարգերն ավելին են պահանջում, քան պարզապես համապատասխանությունն է. նրանց անհրաժեշտ է անկախություն, խիզախություն և, որ ամենակարևորն է, քաղաքացիների, այլ ոչ թե քաղաքական էլիտաների վստահությունը:

Իմ երկրի՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն ավելի լայն միտումի մի մասն են, երբ ազգային դատարանները կարող են պաշտոնապես ընդունել Եվրոպական դատարանի վճիռները, սակայն ձախողել դրանց ինտեգրումն ամենօրյա իրավական պրակտիկայում: Արդյունքում մենք շարունակ ականատես ենք վճիռների, որոնք անտեսում են Եվրոպական դատարանի չափանիշները և հետագայում կրկին ու կրկին չեղարկվում Ստրասբուրգում:

Այս խզումը պատահական չէ։ Շատ դատավորներ, պահպանելու փոխարեն օրենքը, իրենց որոշումները համապատասխանեցնում են իշխանության ղեկին գտնվողների նախասիրություններին: Նրանք շեղվում են Կոնվենցիայից, ինչը հաճախ արվում է քաղաքական առճակատումից խուսափելու համար: Հայաստանում մենք ականատես ենք նման դեպքերի աճի, մասնավորապես՝ ձերբակալման և կալանավորման հետ կապված։ Դատավորները որոշումներ են կայացնում, որոնք հակասում են Կոնվենցիային՝ հիմնվելով այն փաստի վրա, որ  անգամ եթե պատասխանատվությունը վրա հասնի, կարող է տարիներ տևել:

Հայաստանի դատարաններն  ավելի հաճախ ընկալվում են ոչ թե որպես արդարադատության երաշխավորներ, այլ՝ ներքաղաքական օրակարգի գործիքներ։ Եղել են դատական ​​իշխանության անկախության ուղղակի հրապարակային խախտումների դեպքեր, ինչը նույնպես պետք է ընկալվի որպես Կոնվենցիայի լուրջ վարկաբեկում։

Պարո’ն նախագահ,

Եզրափակելով խոսքս՝ պետք է ուշադրություն հրավիրեմ նաև այսօրվա տագնապալի լուրերին. Ադրբեջանը հայտարարել է, որ չի կատարելու Եվրոպական դատարանի վճիռները՝ պատճառաբանելով ԵԽԽՎ իր պատվիրակության լիազորությունները չհաստատելը։ Սա բացահայտ քաղաքական շանտաժ է՝ բնորոշ ավտորիտար ռեժիմներին։ Իլհամ Ալիևն արդեն տասնյակ հազարավոր հայերի զրկել է իրենց իրավունքներից, խայտառակ ցուցադրական դատավարություններ է անցկացնում հայ բանտարկյալների նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանի քաղաքացիներին է զրկում Ստրասբուրգում արդարադատության իրավունքից:

Սրանք Եվրոպայի վտանգավոր փոխզիջումների արդյունքն են մի ռեժիմի, որը գազը փոխանակում է մարդու իրավունքների հետ: Եվ հիմա ականատես ենք ոչ միայն Միջազգային քրեական դատարանի կործանմանը, այլև Եվրոպական կոնվենցիայի վրա հիմնված մարդու իրավունքների համակարգը կորցնելու իրական սպառնալիքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930