Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց: Դո՞ւք ինչու հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո». լրագրողի հարցը ՀՖՖ նախագահին

Ապրիլ 09,2025 19:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2020 թվականից ի վեր Հայաստանի ազգային հավաքականը կրել է 26 պարտություն, 13 հաղթանակ է տարել եւ արել է 11 ոչ-ոքի: ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում էլ 102-րդն է: Այս տեմպերո՞վ է Հայաստանը 2050 թվականին դառնալու աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել: Եվ դուք էլ ասել էիք, որ 2022 կամ 2024 թվականին խմբային փուլի եզրափակիչ ենք դուրս գալու»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին հարցրեց լրագրողը:

«Ես չեմ ասել, որ 2022-ին, 2024-ին կամ 2026-ին եզրափակիչ ենք դուրս գալու: Ես ասել եմ՝ պայքարելու ենք ուղեգրի համար: Մի անգամ ասել եմ, որ ես Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը չեմ, ես երբեւէ չեմ կարող խոսք տալ, որ Հայաստանի հավաքականը անպայմանորեն կնվաճի ուղեգիր: Բայց որ մենք պայքարելու ենք ուղեգրի համար, դա ասել եմ: Մենք հիմա ֆուտբոլից էինք խոսում եւ ես երկար բացատրեցի, թե ինչն են խնդիրները եւ այլն»,-պատասխանեց Արմեն Մելիքբեկյանը:

Մեկ ուրիշ լրագրող մեկ ֆուտբոլային բնույթի եւ մեկ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց տվեց: «Անցած տարվա նոյեմբերին կամ դեկտեմբերին ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քննարկվում է Ռաուլին Հայաստանի հավաքականի մարզիչ հրավիրելու հարցը: Ձեր հրաժարականին դեռ կանդրադառնանք: Այսքան պարտությունից հետո հավաքականի մարզչի փոփոխության հարց քննարկվե՞լ է, թե՞ ոչ:

Ռաուլին բերելո՞ւ եք, հույս կա՞: Իսկ ձեր հրաժարականի մասով քաղաքական կոնտեքստում համեմատում, ասում են՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց: Դա դեռ մի կողմ, մենք սովորել ենք: Դո՞ւք ինչու հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո: Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տար: Ի վերջո, ձեզ համար հաճելի՞ է՝ ամեն անգամ պարտությունից հետո ֆան ակումբի տղաների կողմից այդքան կշտամբանքների ու ակցիաների արժանանալ՝ հրաժարականի պահանջով: Ի վերջո, հրաժարական տալո՞ւ եք, թե չեք տալու»:

Ի պատասխան, Արմեն Մելիքբեկյանն ասաց. «Ռաուլի մասով պարոն Նիկողոսյանը կպատասխանի: Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տա եւ ինչու: Ամոթալի պարտություններ: Մենք նոր խոսում էինք շատ երկար ընդհանրապես ոլորտային հաջողությունների, նաեւ անհաջողությունների մասին:

Հեչ ֆուտբոլային հարց չէր, որ ասացիք այսքան պարտություններից հետո պատրաստվո՞ւմ եք մարզչին հանել: Մարզիչը նոր է եկել: Նա երեք մարզում է անցկացրել, որից հետո խաղացել է իր առաջին խաղը Վրաստանի հետ:

Հասարակական կազմակերպության ղեկավարի հրաժարականը ինստիտուցիոնալ խնդիր է: Եվ շատ կարեւոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ: Եվ ես ձեզ ասեմ շատ հստակ. Բացառությամբ երկու ակումբի, մնացած բոլոր անդամների հետ մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում: Եվ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը եւ խնդիրները՝ օբյեկտիվ խնդիրները: Եվ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ՝ ես այդ որոշումը կայացրել եմ, որի մասին ես արդեն հայտարարել եմ»:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Ռաուլի հետ կապված պարզաբանեց, որ հարց հնչել է հավաքականի մարզչի թեկնածուների մասին եւ ինքը բառացիորեն ասել է, թե ինչի՞ Ռաուլը չպետք է լինի թեկնածուների ցուցակում: «Ես դա կարող եմ հիմա էլ ասել: Այո, Ռաուլը եղել է թեկնածուների ցուցակում, բայց որոշակի պայմաններից ելնելով՝ Ռաուլը մեր հավաքականի գլխավոր մարզիչ չէ»,-ասաց Արմեն Նիկողոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930