Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրատվամիջոցների հետ շփվելիս աշխատեք ձեր խոսքերում զուսպ լինել եւ լրագրողների հարցերին գնահատականներ ու որակումներ չտալ». Aravot.am-ի հորդորը ՀՖՖ նախագահին

Ապրիլ 09,2025 18:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր հրավիրած մամուլի ասուլիսում մինչեւ վերջին հինգ տարիներին ֆեդերացիայի գործունեությունը ներկայացնելը, ըստ էության՝ դժգոհեց բոլորից, ովքեր համաձայն չեն ֆեդերացիայի ծավալած գործունեության, իր եւ իր ղեկավարած թիմի վարած քաղաքականության հետ, դժգոհ են հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակից:

«Հատկապես վերջին շրջանում մենք տեսնում ենք, որ հրապարակվում են տարբեր նյութեր, որոնք բացարձակ կապ չունեն ՀՖՖ եւ իմ գործունեության հետ: Անկեղծ ասած, այստեղ կարող ենք նաեւ որակումներ տալ, որ դրանք կրում են պատվիրված եւ խառնակչական բնույթ: Եվ մեզ ու, կարծում եմ, շատերին, որոնք «եփվում» են ֆուտբոլում, պարզ է, որ կան մարդիկ, որոնց համար երազանք է՝ հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին եւ իրենց նպատակին հասնելու համար նրանք չեն խորշում ամենաստոր մեթոդներից: Օգտագործվում է բավական մեծ մեդիա ռեսուրս, ֆինանսական միջոցներ, որոնք ուղղակիորեն ազդում են ոչ միայն մարդկանց վրա, որոնք ֆուտբոլային են, տեղյակ են խնդիրներից, լուծման ճանապարհներից, այլեւ այլ խմբերի վրա եւ թյուրըմբռնում են առաջացնում ընդհանուր առմամբ: Այդ իսկ պատճառով ես ուզում եմ համառոտ ներկայացնել վերջին հինգ տարվա մեր գործունեությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով ՈՒԵՖԱ-ի գործկոմում իր ընտրվելուն վերաբերող անցուդարձին՝ նա նշեց, որ դա ավելի է ամրապնդել իրենց վստահությունը, որ ՀՖՖ-ի դեմ հստակ ծրագրված արշավ է ընթանում:

Ներկայացնելով ՀՖՖ գործունեությունը՝ Արմեն Մելիքբեկյանը խոսեց Հայաստանի առաջնություններում, հավաքականների եւ ակումբների հետ տարվող աշխատանքներում կատարվող բարեփոխումների, երկրում ֆուտբոլային ենթակառուցվածքների, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման եւ տարբեր այլ ուղղություններով կատարված ու կատարվող աշխատանքների, դրանք լուծելու գործում ծառացող խնդիրների մասին:

Իսկ երբ լրագրողներն սկսեցին հարցեր տալ, որոնց զգալի մասը վերաբերում էր նրա հրաժարականի պահանջին, հատկապես ազգային հավաքականի նվաստացուցիչ ձախողումներին, Արմեն Մելիքբեկյանը միանշանակ նշեց, որ հրաժարական տալ չի պատրաստվում եւ հստակ պատասխաններ հնչեցնելու փոխարեն՝ երբեմն խախտում էր բարեվարքության կանոնները, լրագրողներին եւ լրատվամիջոցներին մեղադրում պատվիրված նյութեր հրապարակելու, մանիպուլյացիայի մեջ:

Aravot.am-ը ստիպված եղավ ՀՖՖ նախագահին եւ ասուլիսին մասնակցող ՀՖՖ ղեկավարներին հորդորել պատշաճ հարգանք դրսեւորել լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ, պատասխանները ձեւակերպել ըստ էության եւ  հստակ:

«Լրատվամիջոցների հետ շփվելիս ձեր խոսքերում աշխատեք զուսպ լինել եւ լրագրողների հարցերին որակումներ ու գնահատականներ չտալ՝ «ստում եք», «մանիպուլյացիա» եւ այլն: Լրագրողը չի ստում, մանիպուլյացիա չի անում: Նա բարձրացնում է հարց, որն իրեն հետաքրքրում է կամ հանրության մեջ այդ հարցը շրջանառվում է: Ուրեմն, բարի եղեք նորմալ պատասխանել»,-հորդորեց Aravot.am-ը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930