Մեր վերջին հանդիպման ժամանակ, ըստ էության, պայմանավորվեցինք առաջ շարժվել հետեւյալ տրամաբանությամբ: Քանի որ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծն էր մշակման փուլում՝ ձեզանից ստանալ առաջարկներ: Այս ընթացքում ստացվել են մոտավորապես 500 էջից ավելի առաջարկներ թե՛ «Գիտուժի», թե՛ անհատների, թե՛ Հայաստանում եւ արտասահմանում գործող տարբեր կազմակերպություններից եւ անհատներից: Թեեւ սա շատ դժվար աշխատանք է ԿԳՄՍ նախարարության համար, այնուամենայնիվ, ոգեւորիչ է նման ակտիվությունը. այս մասին ասել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ապրիլի 9-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ, որի առանցքում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նոր նախագիծն էր: Սիսակ Գաբրիելյանի տեղեկացմամբ 10 առաջարկ էլ ներկայացրել է 2021 թվականին ձեւավորված «Գիտուժ» հանրային նախաձեռնությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին՝ նոր նախագծի կապակցությամբ պարբերաբար քննարկումներ կազմակերպելու համար այն դեպքում, երբ դեռ նախագիծը չի ուղարկվել Ազգային ժողով: Նախարարը նշել է, որ շատ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ներկայացված բոլոր առաջարկները մանրամասն վերլուծվել եւ քննարկվել են: «Բոլոր այն առաջարկները, որոնցում եղել են դիտարկումներ, որոնք կօգնեն լավացնել կարգավորումները կամ վերանայել մոտեցումները, դրանք հաշվի են առնվել»,- ասել է զեկուցողը:
Նախարարն անդրադարձել է նաեւ չընդունված առաջարկներին, նշել պատճառները: «Օրենքի լրամշակված նախագիծը, կարող եմ ասել, որ իրականում արտացոլում է այն մեր ավելի հստակ մոտեցումները, որոնք ի սկզբանե էլ ներկայացնում էինք, եւ որոնք ուղղված են համակարգի մրցունակության, արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:
Նշվել է, որ «Գիտուժ» հանրային նախաձեռնության 10 առաջարկներից ընդունվել է 6-ը: «Հիմնական դիտարկումը, որի շուրջ մենք չունենք համաձայնություն «Գիտուժի» գործընկերների առաջարկի տրամաբանության մեջ, դա ինստիտուտների չմիավորման եւ դրանք ակադեմիայի տիրույթում թողնելու առաջարկն է, որը սկզբունքային փոփոխություն է: Մենք բազմաթիվ անգամներ խոսել ենք այս մասին եւ ներկայացրել մեր դիրքորոշումը: Սա մի առաջարկ է, որը սկզբունքորեն չի կարող ընդունելի համարվել, քանի որ բարձրագույն կրթության եւ գիտության այն հայեցակարգը, որն առաջարկվում է, հիմնված է հենց այդ համատեղ աշխատանքի վրա, եւ մեր սեփական փորձառությունը, տվյալները ցույց են տալիս, որ կիսատ լուծումները չեն աշխատելու»,- պարզաբանել է նախարարը:
Կարդացեք նաև
Հարցուպատասխանի ընթացքում որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց դիտողություններն ու մտահոգությունները նախագծում առաջարկվող որոշ դրույթների, մասնավորապես՝ գիտության ոլորտում առկա տարաբնույթ խնդիրների վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները շարունակել, երբ հասանելի կլինի նախագծի լրամշակված տարբերակը: Կկազմակերպվեն նաեւ հանրային քննարկումներ:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, գործադիր մարմնի պատասխանատուներ, գիտնականներ, բուհերի ռեկտորներ, այլ շահագրգիռ անձինք:
ՀՀ ազգային ժողով