«Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչով ապահովել արցախցիներին, որպեսզի նրանք Հայաստանից չարտագաղթեն։ Բայց գործող իշխանությունները դիտավորյալ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Հայաստան տեղափոխված արցախցիներն արտագաղթեն, որպեսզի իրենց դեմ բողոքական զանգվածն ավելի քիչ լինի։ Արցախցիները դժգոհ են այս իշխանություններից, որովհետեւ այս իշխանության գործունեության արդյունքում նրանք հայրենիք են կորցրել, տուն ու տեղ են կորցրել, մենք էլ հայրենիքի մի մաս ենք կորցրել»,- Ազատության հրապարակում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Համահայկական միասնության ազգային խորհրդի» անդամ Ալբերտ Բազեյանը։
Նա նշեց, որ իրենք բարոյական եւ քաղաքական աջակցություն են ցուցաբերելու Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիներին։ «Մեր ժողովրդի ու պետության առջեւ ծառացած որեւէ խնդիր լուծելու համար՝ որպես միջոց, պետք է հեռացնել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Իսկ այս իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է համախմբել ազգային ուժերին եւ անհատ գործիչներին, պահեստազորի զինվորականներին, ազատամարտիկներին, բացի ԵԿՄ վերնախավից»,- նշեց նա։ Իշխանափոխությունից հետո, նրա խոսքով, պետք է իրականացնել նաեւ սահմանադրական փոփոխություններ, բայց ոչ նիկոլական տարբերակով․ Հայաստանը պետք է դառնա նախագահական հանրապետություն։
«Իմ հանդիպումների ընթացքում ես բոլորին ասում եմ՝ մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր քաղաքական կողմնորոշումները, ձեր գաղափարախոսությունը, բերեք համախմբվենք, ոտքի հանենք մեր ժողովրդին, հեռացնենք այս ապազգային իշխանությանը, ձեւավորենք նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակները հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Իսկ դրա դրույթներից ամենակարեւորը բանակի հզորացումն է, մենք պետք է ապրենք ազգ-բանակ կարգավիճակով։ Նիկոլն ասում է՝ ազգ-բանակ նշանակում է ազգ-նահատակ։ Ես հայտարարել եմ, որ նահատակ թող ինքը լինի, մենք փոքր պետություն ենք, գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում, դրա համար պետք է ունենանք 100 հազարանոց լավ սպառազինված բանակ։ Եվ հզոր դաշնակիցներ կարող ենք ունենալ, եթե իրականացնենք ճիշտ արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն»,- հավելեց Բազեյանը։ Նա նշեց, որ Հայաստանի շահերն այսօր համընկնում են Իրանի, Հունաստանի, Չինաստանի ու Հնդկաստանի հետ։ Այս երկրներից, նրա խոսքով, կարելի է ակնկալել ռազմական ու քաղաքական աջակցություն՝ հզորացնելու բանակն ու ազատագրելու Արցախը։
«Նիկոլը միշտ թշնամաբար է տրամադրված եղել Արցախի, արցախցիների, հայոց բանակի եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ»,- նշեց Ալբերտ Բազեյանը։
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ հազարամյակներ շարունակ Արցախը եղել է հայկական, 1921 թվականին Լենին-Աթաթուրք համաձայնագրով Արցախը թողնվել է Ադրբեջանի կազմում՝ որպես ինքնավար մարզ։ Այդ ժամանակահատվածում նաեւ Նախիջեւանն է թողնվել հայերին, բայց Նախիջեւանում հայեր չէին մնացել, դրա համար չէինք կարող բարձրացրել ազգերի ինքնորոշման հարցը Նախիջեւանի տարածքում։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ