Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծիք Մարտի 1-ի սպանությունների վերաբերյալ. բլոգերը թիրախավորում է արցախցիներին. Fip.am

Ապրիլ 09,2025 16:10

Fip.am. Մերձիշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում (ունի 20 հազարից ավելի հետևորդ) արցախցիներին թիրախավորող գրառում է արել՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո ՀՀ կառավարության աջակցության ծրագրերից օգտվել են «1000 ղարաբաղցի սպա, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին եկել և սպանել են խաղաղ երևանցիների»։ 

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրություններին հաջորդեցին Ազատության հրապարակում ընդդիմության մեծամասշտաբ բողոքի ակցիաները մարտի 1-ին՝ վաղ առավոտյան, ոստիկանությունը, բռնի ուժ գործադրելով, ցրեց Ազատության հրապարակում տեղակայված բողոքի ցույցի մասնակիցներին, ինչին հաջորդեցին բախումներ մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ հատկապես Մյասնիկյանի արձանի շրջակայքում։ Օրվա ընթացքում իրավիճակը սրվեց բախումների հետևանքով մայրաքաղաքի կենտրոնում սպանվեց 10 մարդ՝ 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։ Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, շատերը՝ ձերբակալվեցին։

2018 թվականի իշխանափոխությունից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Մարտի 1-ի գործի քննությունը նոր թափ ստացավ։ Մեղադրանք առաջադրվեց այդ ժամանակվա բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ներառյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Մարտի 1-ի գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն ու բաց աղբյուրները՝ պարզելու բլոգերի պնդումների իսկությունը։

Զինված ուժերի ներգրավումը՝ Մարտի 1-ի գործում

Պաշտոնական աղբյուրները երկար ժամանակ հերքել են, որ 2008 թվականի հետընտրական օրերին Լեռնային Ղարաբաղից զորքեր են բերվել Երևան՝ բողոքի ցույցերը զսպելու համար, սակայն ժամանակի ընթացքում ի հայտ եկան այդ թեմայի հետ կապված տարբեր փաստեր, վկայություններ և հետաքննություններ։

2018 թվականից հետո բացված գործով քննության ընթացքում պարզվեց, որ որոշակի ռազմական ստորաբաժանումներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի զորքերից, գտնվել են Երևանում մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում․ համաձայն գործի մեղադրական եզրակացության՝ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ է տեղափոխվել Երևան։

«Նույն ժամանակահատվածում Երևան քաղաք է տեղափոխվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ: Հատկանշական է, որ համահավաք գումարտակում ընդգրկվել են բացառապես արցախաբնակ ծառայողները: Նշված ծառայողների մի մասը տեղակայվել է ՀՀ կառավարության վարչական շենքի նկուղային տարածքում, իսկ մյուս մասը՝ ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում: Երևան քաղաքում տեղակայվելուց հետո Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայողներին տրամադրվել է ՀՀ ՊՆ համազգեստ, իսկ տրանսպորտային միջոցների «ՊԲ» համարանիշերը փոխարինվել են «ՊՆ» համարանիշերով՝ քողարկելով այդ ուժերի ապօրինի ներգրավման հանգամանքը»,- ասվում է եզրակացության մեջ:

Արցախի ՊԲ զինվորականների ներգրավման մասին բաց աղբյուրներում վկայությունները բազմաթիվ են․ օրինակ՝ Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Վանյանը դեռևս 2019 թ․-ին Factor TV-ին պատմել էր, թե ինչպես է 2008 թ․-ի մարտի 1-ին իր ենթակայությամբ գործած զինվորական ավտոտեսչությունն ապահովել զինվորականների ավտոշարասյան անվտանգ երթը դեպի Երևան։

Տասը սպանությունների հեղինակները բացահայտված չեն 

Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած սպանությունները դեռևս չեն բացահայտվել՝ չնայած տարիներ շարունակ իրականացված քննությանը․ հայտնի են միայն զոհերի մահվան որոշակի հանգամանքներ, բայց ոչ սպանությունների հեղինակները։

Օրինակ, այդ օրը 10 զոհերից երեքը՝ Տիգրան Խաչատրյանը, Գոռ Քլոյանը և Արմեն Ֆարմանյանը, ըստ պաշտոնական վարկածի, մահացել են ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցներից (Չերյոմուխա 7)։

Սպանությունների բացահայտմանը խոչընդոտող հանգամանքներից է այն, որ պարկուճները, որոնք Մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում կրակվել են ժողովրդի ուղղությամբ, հետագայում փոխվել են․ այս հանգամանքն ի հայտ էր եկել դեռևս 2018 թվականին, երբ քրեական գործի վարույթը վերսկսվել էր։

FIP.am-ը նախկինում ծավալուն հրապարակմամբ անդրադարձել է գործի այս հանգամանքին։

Այպիսով, Մարտի 1-ի գործով ԼՂ ՊԲ զինծառայողներ ներգրավվել են այդ իրադարձություններին։ Միևնույն ժամանակ, տասը զոհերի սպանության հեղինակները բացահայտված չեն։

Հետևաբար, չնայած նրան, որ այդ օրերին Երևանում ՊԲ զինծառայողներ են եղել, պնդումը, թե «1000 ղարաբաղցի սպաները» Մարտի 1-ին «եկել և սպանել են խաղաղ երևանցիների», ապացուցված չէ ո՛չ քրեական գործով, ո՛չ էլ բաց աղբյուրներում հասանելի որևէ վկայությամբ կամ ապացույցով։

Նանե ՄԱՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930