Լրահոս
Օրվա լրահոսը

Լորիս Ճգնավորյանի հավաստմամբ` նացիստական քննադատներն իր պրոֆեսորի` Կարլ Օրֆի այսօր աշխարհում սիրված ու սպասված «Կարմինա Բուրանան» որակել են որպես «դեգեներատ արվեստ»

Ապրիլ 09,2025 16:05

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առաջին անգամը չէ, որ պետք է անդրադառնանք գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆի «Կարմինա Բուրանա» կանտատին, ինչը հեղինակին դարձրեց աշխարհահռչակ, իսկ գործը` XX-րդ դարի ամենաճանաչելի, ազդեցիկ, սիրված ու սպասված երգչախմբային ստեղծագործություններից մեկը: Բայց առաջին անգամն է, որ հիշյալ երկը ներկայացնում ենք Կարլ Օրֆի և նրա աշխարհահռչակ գործի մասին անտիպ տեղեկություններով, որը մեզ հետ զրույցում փոխանցեց կոմպոզիտորի երբեմնի ուսանողը` հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը: Հիշեցնենք, որ վերջերս նա իր «Ռոստամ և Սոհրաբ» օպերայի պրեմիերայի առիթով, մեզ հետ զրույցում ասել էր, թե Կարլ Օրֆը իրեն աջակցել է մեկ տարի Ավստրիայում ապրելու և այս օպերան վերջնական արդյունքի` ավարտելու համար:

Ճգնավորյանն իր խոսքը սկսեց ներկայացնելով Օրֆի ծնողներին: «Կարլի հայրը սպա էր, որը տիրապետում էր դաշնամուրի և մի քանի լարային գործիքների: Մայրը` դաշնակահար էր, իհարկե սիրողական, նրանք էին, որ վաղ հասակում իրենց որդու մոտ հայտնաբերեցին երաժշտական տաղանդ: Կարճ ասած` պատանի Կարլը սովորեց Մյունխենի երաժշտական ակադեմիայում, հետո ստանձնեց տեղի կամերային թատրոնի կապելմայստերի պաշտոնը: 1917թ. Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես նա կամավոր մեկնեց ճակատ: Շատ չանցած տաղանդավոր երիտասարդին հետ կանչեցին ու նշանակեցին այս անգամ Մանհեյմի ազգային թատրոնի կապելմայստեր»:

Մեր զրուցակիցը մի պահ դադարից հետո անկեղծացավ, որ եթե հատ-հատ անդրադառնա Օրֆի ստեղծագործական գործունեության նույնիսկ ամենակարևոր շրջաններին, դեպքերին, դրանք շատ երկար ժամանակ կպահանջեն ու միանգամից խոսեց կոմպոզիտորի` երեխաներին վաղ հասակից, իր խոսքով երաժշտական բարձրակարգ կրթությունն ապահովելու մասին: «Նա անմնացորդ իր գիտելիքները փոխանցում էր երեխաներին, սիրում էր նրանց: Երկրորդ կնոջ հետ 1925թ. հիմնեց մարմնամարզության, երաժշտության և պարի դպրոց ու մինչև իր կյանքի վերջը մնաց հենց այդ դպրոցում, զարգացնելով երաժշտական կրթության սեփական թեորիան: Ի դեպ, այսօր էլ Վառնայում դպրոց է գործում, որտեղ երաժշտություն են սովորում Օրֆի ծրագրով: Նա շատ էր սիրում դասավանդման պրոցեսը, ինչը հետագայում իմ վրա եմ զգացել»,- ասաց Ճգնավորյանը, ապա միանգամից անցում կատարեց «Կարմինա Բուրանային». «1937թ. կանտատը արդեն հայտնի էր Երրորդ ռեյխում: Չնայած դրան, նացիստական դեգեներատ քննադատներն այն որակում էին որպես «դեգեներատ արվեստ»: Դա այն դեպքում, երբ այս ստեղծագործությունը համատեղում է հզոր երգչախմբային հատվածներ, ինտենսիվ ռիթմիկ կառուցվածքներ և խորը հուզական փորձառություններ, որոնք արտացոլում են մարդկային ճակատագրի ուրախություններն ու վախերը: Այ հենց սա է կանտատի սիրված լինելու գաղտնիքը, հենց սա է, որ բոլոր ժամանակներում այսօր էլ արդիական է աշխարհում»:

Ճգնավորյանը փաստեց, որ երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար գրված «Կարմինա Բուրանան» հնչում է տարբեր ժանրերի, իր հավաստմամբ շուրջ 70 ֆիլմերում` սարսափ ֆիլմերից մինչև կատակերգություններ, իսկ «Կարմինա Բուրանա» ինտրիգային անունը թարգմանվում է բավարական երգեր, ավելի ճիշտ՝ տղաների երգեր, ձեռագիրն էլ հայտնաբերվել է 1803թ. Բավարիայի Բոյերն վանքի գրադարանում:

Հարցին, թե իսկ ով մեզ համար հայտնաբերեց այս կանտատը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կանտատի նոտաները ես եմ բերել Հայաստան և այստեղ առաջին անգամ ներկայացրել հանդիսատեսին` 1997թ. իմ ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի և մենակատարների հետ: Իմիջիայլոց, Օրֆը այս գործին անդրադարձել է նաև 1964թ. և որոշ շտկումներ արել: Բերածս, այդ նոտաներն են»:

Մենք էլ փաստենք, որ երկրորդ կատարումը 1998-ին էր մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ, հետո արդեն կանտատի իրենց մեկնաբանություններով հանդես եկան դիրիժորներ Էդուարդ Թոփչյանն ու Կարեն Դուրգարյանը: Օրերս էլ ազգային օպերային թատրոնում հանդիսատեսը դարձյալ ըմբոշխնեց այս երկը, դարձյալ մաեստրո Դուրգարյանի մեկնաբանմամբ, թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի (կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյան), ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյան), մեներգիչներ` սոպրանո Արծվիկ Դեմուրճյանի, տենոր Պերճ Քարազյանի և բարիտոն Առնոլդ Քոչարյանի մասնակցությամբ:

Լորիս Ճգնավորյանին ուղղեցինք կես կատակ-կես լուրջ հետևյալ հարցը, թե հիմա, «Կարմինա Բուրանայի» մեր ո՞ր մաեստրոների մեկնաբանությունը կընդունվեր Կարլ Օրֆի կողմից, ստացանք այս պատասխանը. «Յուրաքանչյուր մաեստրո անհատականություն է և բնականաբար ունի իր վերաբերմունքը յուրաքանչյուր ստեղծագործության նկատմամբ: Իմ փորձառությունից ելնելով, ի վերջո, ունկնդիրն է, որ ամենաճիշտ գնահատականն է տալիս»:

Մենք էլ փաստենք, որ կանտատի, մաեստրո Դուրգարյանի մեկնաբանությունից, ղեկավարումից հետո երկար ժամանակ չէր դադարում հանդիսատեսի օվացիան:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է օպերային թատրոնի PR բաժինը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930