ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ընթացքում այսօր շարունակվեց գործով վկա Անի Ղանդիլյանի հարցաքննությունը: Նա վարել է ԵՊԲՀ հիմնադրամի և Հերացի արհեստակցական կազմակերպության հաշվապահությունը գործում առկա ժամանակահատվածում։
Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին հիմնականում հետաքրքրում էին լրավճարների, հավելավճարների տրամադրման հետ կապված հարցեր, դրանց համար հիմք հանդիսացող փաստաթղթերին վերաբերող խնդիրներ։ Նախագահող դատավորը հարցրեց՝ լրավճարներ տրամադրելու հետ կապված զեկուցագիրը կազմելու համար իրավական հիմք հանդիսացող փաստաթուղթը ո՞րն է եղել, համաձայն որի՝ տվյալ խումբ աշխատակիցներին պետք է հավելավճար փոխանցվեր։ Անի Ղանդիլյանն ասաց․ «Ունենք ռեկտորի կողմից հրաման, ըստ որի՝ ստորաբաժանման ղեկավարները լիազորվում են աշխատակիցների ներկայացնել պարգևավճարի համար»։
Դատավորը հղում կատարեց մի հրամանի, երբ նույն մարդիկ նույն ամսում ԵՊԲՀ-ում մի քանի անգամ են ներկայացվել հավելավճարների: Հարցրեց՝ դա ի՞նչ հրաման է 2015-ին տրված, որի հիման վրա նման վճարումներ կարելի է կատարել, այդ հրամանը հնարավորություն տալի՞ս է կամ բավարա՞ր է, որ կատարվի վճարում, վկան պատասխանեց․ «Որպես աշխատավարձի բաժնի հաշվապահ՝ հնարավոր կամ անհնարին այլ պատճառաբանություն կամ դիտարկում չեմ կարևորում, քան փաստաթղթի առկայությունը՝ հիմնադրամի ռեկտորի ստորագրությամբ։ Կա փաստաթուղթ՝ ռեկտորի մակագրությամբ, հաշվապահությունը տալիս է ի կատարման։ Հաշվապահության գործառույթների մեջ չի մտնում ստուգել գումարի չափը, կամ՝ պե՞տք է տալ, թե՝ ոչ։ Դա իմ կողմից առարկելի փաստաթուղթ չէ»։
Այսօրվա դատական նիստի ընթացքում հարցաքննված նաև գործով վկա, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Իրինա Մալխասյանը: Նա ասաց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ է՝ 2014-ից սկսած: Ի պատասխան նախագահող դատավորի հարցերին՝ նշեց, որ ճանաչում է Արմեն Աշոտյանին՝ որպես գործիչ, նրան հանդիպել է հոգաբարձուների խորհրդի նիստերին, բայց անձամբ ծանոթ չէ։ Հայտնեց, որ շատ լավ ճանաչում է Միքայել Նարիմանյանին՝ դեռ ուսանողական տարիներից։ Ասաց, որ ճանաչում է նաև Լարիսա Պարսամյանին, նաև Մարթա Սիմոնյանին՝ նրան բնորոշելով որպես կենսուրախ կին։
Կարդացեք նաև
Հարցին՝ որպես արհմիության անդամ օգտվե՞լ եք հանգստի կազմակերպման, կամ այլ միջոցառումներից, Իրինա Մալխասյանը պատասխանեց․ «Անձամբ երբեք ոչ մի բանից չեմ օգտվել։ Իմ ապրելակերպից ու աշխատանքի բնույթից ելնելով՝ չեմ մասնակցում ոչ մի միջոցառման։ Ես անեսթեզիոլոգ եմ՝ հիվանդանոցային երևույթ և քիչ եմ մասնակցում արտառոց կյանքին։ Եզակի դեպք, որ դիմել եմ ղեկավարությանը, արհմիությանը, դա եղել է անմիջապես պատերազմից հետո, երբ իմ բաժնի բժիշկները զինկոմիսարիատի կողմից կանչվել են և մասնակցել պատերազմի ու իրենց բացակայության ընթացքում բժիշկները բացակայել են աշխատանքի վայրից, բայց զինկոմիսարիատից չեն դիմել համալսարանին, որ հարգելի լինի աշխատակիցների բացակայությունը։ Մենք դիմեցինք արհմիությանը օգնություն ցուցաբերելու մեր կոլեգաներին, որոնք եղել են բանակում, և արհմիության կողմից տրամադրվեց բժիշկներին գումար»։
Հարցին՝ Սևանում գույք ձեռք բերելու հարց հոգաբարձուների խորհրդի նիստին քննարկվե՞լ է, Իրինա Մալխասյանը պատասխանեց․ «Բացարձակապես չեմ հիշում։ Կրկնում եմ այն, ինչ ասել եմ քննիչին։ Նման փաստ չի տպավորվել իմ հիշողության մեջ։ Տասը տարի առաջ տեղի ունեցած երևույթ է, որը կարող է և չհիշեմ»։
Ի պատասխան հարցերի վկան հիշեց այն նիստը, երբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ընտրվել է՝ որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ․ «Դա առաջին ձևավորված հոգաբարձուների խորհուրդն էր, որտեղ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությունն էր։ Ներկա անդամները կողմ քվեարկեցին Արմեն Աշոտյանի թեկնածությանը։ Ես ասացի, որ ինձ համար շատ հաճելի է, որ խորհուրդը ղեկավարում է բժիշկը, որը Բժշկական համալսարանի հոգսերն ավելի սրտին մոտ կընդունի»։
Իրինա Մալխասյանի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին։ Այն տեղի կունենա ապրիլի 25-ին՝ ժամը 10։00-ին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Արմեն Աշոտյանի լուսանկարը՝ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից