«Ոչ մեկը պարապ չի մնացել, որ Ոստիկանության գեներալը նստի, սպասի, ինչ է, թե՝ Դանիել Իոաննիսյանը մի տեղ շտապում է: Շտապում է, թող գնա իր հանդիպումներին »,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ այսպես արձագանքեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, երբ նիստը նախագահողը որոշեց, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն իր զեկույցը ներկայացնի «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի զեկույցից հետո:
Էդգար Ղազարյանն իր դժգոհությունը հայտնելուց հետո հարցերն ուղղեց ոստիկանապետին:
-Կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հանրապետությունում վարորդական իրավունքների վկայականների տրամադրումը զանգվածաբար իրականացվել է կոպտագույն խախտումներով եւ, ըստ էության, կասկածի տակ դրեց բոլոր վարորդական իրավունքի վկայականների լեգիտիմությունը… այդ հայտարարությունից հետո ոստիկանությունում նախաձեռնվե՞լ է ծառայողական քննություն՝ պարզելու համար, թե ինչ խայտառակ իրավիճակ է տիրում: Ինչքանո՞վ է կատարվել վարչապետի խոստումը 2018-ին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից առաջ, որ Հայաստանում պետք է վերացվեն արագաչափերը ու տեսանկարահանող սարքերը: Ուզում եմ իմանալ՝ դրանք արդյոք վերացե՞լ, թե՞ դրանց քանակը ավելացել է,- իր հարցերն այսպես ձեւակերպեց Էդգար Ղազարյանը:
Նրա վերջին հարցն էլ վերաբերում էր Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված ու տեղում մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան դեպքին:
Կարդացեք նաև
– Այդ անպատիժ մնացած ոստիկանի ազատության մեջ գտնվելուց հետո ոստիկանությունը մինչեւ տարեվերջ քանի՞ մարդ է նախատեսում սպանել վարչապետին ուղեկցելու ընթացքում,-ՀՀ ոստիկանապետին հարցրեց Ղազարյանը:
– Պարոն Ղազարյա՛ն, ձեր երեք հարցերն էլ այսօրվա օրակարգի հետ կապված չեն, գրավոր դիմեք, մանրամասն կպատասխանենք բոլոր հարցերին,- արձագանքեց ՀՀ ոստիկանապետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ