«Իրավապահների օրինակելի պահվածքի հարց կա. երբեմն իրավապահներն իրենց թույլ են տալիս երթեւեկության կանոնների այնպիսի խախտումներ, որոնք սովորական քաղաքացիները չեն իրականացնում կամ իրականացնելու դեպքում վարչարարության են ենթարկվում: Կարծում եմ՝ սա վատ օրինակ է հանրության համար»,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ իր զեկույցը ներկայացնելիս ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Իոաննիսյանը նկատեց, որ մի շարք իրավապահ մարմինների շենքերի մոտ օրինականության հետ կապված խնդրահարույց վիճակ է տիրում՝ սկսած դատախազությունից, ԱԱԾ, քննչական, ոստիկանություն. «Հաճախ տեսնում ենք՝ այդ հատվածներում, շենքերի հարակից վայրերում մեքենաները կայանված են մայթերի վրա, տարբեր տեղեր, սա եւս վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին պետք է լինի իրավապահը»:
Իրավապահ համակարգի հաջորդ վատ օրինակը, ըստ Իոաննիսյանի, ոստիկանության ծառայողների կողմից իրենց պարտականությունները կատարելու սահմաններում երթեւեկության կանոնների խախտման հիմքով կարգապահական վարույթների հետ կապված հարցին է վերաբերում. «Ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում, գոնե պարզվում էր՝ այդ ծառայողը երթեւեկության կանոնը խախտել է ծառայության անհրաժեշտությունի՞ց ելնելով, թե՞ ոչ: Բայց վերջին տարիներին չի էլ քննարկվում այդ հարցը, վարույթների հարուցումը մերժվում է»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ