Ապրիլի 7-ին Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում մեկնարկել է «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «ARTMONDIA» կազմակերպության նախագահ Անուշ Դուրյան-Ջրբաշյանը։
Իր ելույթում Շիրազ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Գիքելին նախաձեռնության կյանքի կոչմանը ցուցաբերած համակողմանի աջակցության և այդ ձևով նաև Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության և բարեկամության ուղերձ հղելու համար։ Նա ընդգծել է, որ համեմատաբար փոքրաթիվ հայկական համայնք ունեցող Շարանտոն-լը-Պոնում Հայաստանին նվիրված օրերի անցկացումը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված այդ բարեկամության ակնառու դրսևորումներից է։
Բացման պաշտոնական մասին հաջորդել է ֆրանսահայ երգիչ և դուդուկահար Լևոն Խոզյանի, Մարսելի կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Ժան-Ժակ Բեդիկյանի և պարուհի Շուշան Ագուջյանի մատուցմամբ համերգ-ներկայացումը։
Ծանոթություն․ «Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» միջոցառումների ընթացքում այցելուներին են ներկայացվելու հայկական գորգագործության, երաժշտական ու պարային արվեստները, հայկական խոհանոցը, տեղի են ունենալու Հայաստանին նվիրված գրքերի շնորհանդեսներ։
Կարդացեք նաև
Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն