-Դուք ներկայացնում եք մի կառավարություն, որի գործողությունների հետեւանքով թշնամուն են հանձնվել հարյուրավոր կիլոմետրերով ճանապարհներ: Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե 2020-ից հետո քանի կիլոմետր ու ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն: Վարչապետը 2024-ի օգոստոսից պարբերաբար հայտարարում է , որ համաձայն Ադրբեջանի գործող Սահմանադրության, ՀՀ ներկա տարածքի 60-70 տոկոսն ունի ադրբեջանական պատկանելություն: Հիմա ճանապարհաշինարարական աշխատանքներ կատարելիս դա հաշվի առնո՞ւմ եք, ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ համար, թե՞ մեր քաղաքացիներին ծառայություն մատուցելու համար,- այսօր ԱԺ-ում «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը Հայաստանում» խորհրդարանական լսումների ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանից հետաքրքրվեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Ճանապարհաշինարարական աշխատանքներն իրականացնում ենք կառավարության որոշմամբ սահմանված ճանապարհների անվանացանկով: Այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս: Մենք ծրագրերն իրականացնում ենք այդ ճանապարհների հետ կապված հիմնանորոգման աշխատանքները կատարելիս, ուրիշ մեկնաբանություն չունեմ»:
Էդգար Ղազարյանը նկատեց, որ գործող կառավարության բոլոր անդամներին է հատկանշական հարցերին խուսափող պատասխաններ տալը, ապա ձեւակերպեց հաջորդ հարցը:
-Ձեր անվանացանկի մեջ ներառվա՞ծ է Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհ ու այս լսումներից հետո կարո՞ղ եք անվտանգ երթեւեկել այդ միջպետական ճանապարհի Գորիս -Կապան հատվածով,- հարցրեց Ղազարյանը:
Կարդացեք նաև
-Կերթեւեկեմ այն ճանապարհով, որը ներառված է ճանապարհների անվանացանկում, դա գնում է Տաթեւով մինչեւ Ագարակ,- արձագանքեց փոխնախարարը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ