Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկում ենք՝ փուլային տարբերակով 30-35%-ով գույքահարկի աճը կասեցնել մինչեւ 2026թ. Թադեւոս Ավետիսյան

Ապրիլ 09,2025 12:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերից մեկը Հայաստանի հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը ներկայացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: Նրա ձեւակերպմամբ, բազմաթիվ քաղաքացիներ զգում են այդ օրենքի փոփոխության հետեւանքները. «Խոսքը վերաբերվում է գույքահարկի այն կարգավորումներին, որոնք 2021 թվականից փուլային ուժի մեջ են մտել: Այդ օրենքի փոփոխությամբ օրվա իշխանություններն առաջարկեցին գույքահարկի նոր հարկման մեխանիզմ, ըստ որի կադաստրային արժեքը որպես գույքահարկի բազա՝ փոխվեց շուկայականի մոտարկված արժեքով, նաեւ ամբողջությամբ վերանայվեցին հարկման դրույքաչափերը:

Ասում էին, որ պրոգրեսիվ գույքահարկով փորձում են լուծել այն փոփոխության հետեւանքը, որը վերաբերում էր եկամտային հարկի պրոգրեսիվ դրույքաչափերի համահարթեցմանը: Ասում էին՝ հիմնական նպատակը այսպես կոչված պերճանքի հարկումն է կամ թանկարժեք գույքերից ավելի մեծ գույքահարկի՝ պետական բյուջե կամ համայնքային բյուջե տանելու խնդիրը լուծելը: Իրականում այս փոփոխությամբ, որի հետեւանքով շատից՝ շատ, քչից՝ քիչ սկզբունքը էապես խախտվեց եւ եկամտահարկի հարկման ռեժիմից սոցիալական կոմպոնենտն ուղղակի բացառվեց, որեւէ կերպ խնդիրը չի կարող լուծված համարվել»:

Թադեւոս Ավետիսյանը փաստեց, որ այս փոփոխությամբ էապես ավելացել է ոչ թե գերթանկարժեք գույքերի գույքահարկի, այլ միջինարժեք եւ ցածրարժեք գույքերի գույքահարկի մեծությունը. «Առաջարկում ենք՝ փուլային տարբերակով մինչեւ 2026թ տարեկան մոտավորապես 30-35 տոկոսով գույքահարկի աճը գոնե կասեցվի 2025թ, 2026թ եւս 30-35 տոկոսով աճը տեղի չունենա՝ նկատի ունենալով, որ գույքահարկը առանց այն էլ բարձրացել է, եւ այս ընթացքում հատկապես խոցելի խմբերի՝ միայնակ տարեցների, թոշակառուների եւ տարբեր սոցիալական այլ խմբերի համար գույքահարկի բեռը դարձել է անտանելի: Կարծում ենք՝ մեր առաջարկը առնվազն գոնե այս փուլում օբյեկտիվ է եւ անհրաժեշտ՝ մինչեւ համակարգի ամբողջական վերանայումը»:

Պատգամավորը հավելեց. «Ուզում եմ մի արձանագրում էլ անել՝ նկատի ունենալով կառավարությունում այս նախագծի քննարկումը եւ ապատեղեկատվության տարածումը, իբր թե նախագծով պաշտպանվում է թանկարժեք գույք ունեցողների գույքահարկի բարձրացումը: Դա բացառապես այդպես չի: Կրկնում եմ՝ սա ապատեղեկատվություն է, որովհետեւ նախագծով կոնկրետ նշված է, որ 200 մլն դրամից ավել հարկման բազա ունեցող անշարժ գույքի հարկը կշարունակի աճել 35 տոկոսով, ինչպես նախատեսված է 2026թ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրմանն առնչվող նախագիծը, որի հեղինակը եւս պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն է:

Նախաձեռնությամբ առաջարկվում է վերացնել փուլային եղանակով ներդրվող՝ քաղաքացիների տարեկան եկամուտների համընդհանուր հայտարարագրման օրենքով սահմանված պահանջը եւ դրանից բխող՝ վարչական պատասխանատվությունը:

Զեկուցողը խոսել է գործող համակարգի խնդիրներից: Ըստ պատգամավորի՝ եկամուտների տարեկան հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի կարող ունենալ, եթե զուգահեռաբար չի գործում ծախսերի ամբողջական հաշվառման համակարգը:

Կառավարությունն անընդունելի է համարում Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի չեղարկման առաջարկությունը:

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը եւս ստացել է բացասական եզրակացություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930