«Արցախի հարցը որեւէ մարդու, խմբի, կուսակցության կամ նույնիսկ Արցախի ժողովրդի մի մասի որոշելիքը չէ, որ այն փակված կամ չփակված ճանաչեն: Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ միայն հավաքական հայ ժողովուրդը կարող է որոշել՝ շարունակե՞լ պայքարել նրա համար, թե՞ ոչ»,- «Հրապարակ»-ին ասում է Արցախի ԱԺ նախկին փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը:
Նրա խոսքով, Արցախի լուծարման վերաբերյալ որոշում կայացնելու սահմանադրական իրավունք որեւէ պաշտոնյա չունի, անգամ՝ Արցախի նախագահը, եւ այդ որոշումն իրավական ուժ չունի, ինչի մասին շատ է խոսվել, եւ ինքը՝ Շահրամանյանն է հայտարարել՝ անվավեր ճանաչելով Արցախի բնակչությանը ֆիզիկական ոչնչացումից փրկելու նպատակով կայացրած որոշումը:
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ հնչող ակնարկին, թե Արցախի իշխանությունները հրաժարվել են բանակցել, Բալայանը հիշեցնում է. «Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը 2023թ․ հունիսին ԱԺ-ում հայտարարեց, բառացի հիշում եմ, թե` ինձնից շատ բանակցող չկա: Խոսքը վերաբերում էր Ադրբեջանին: Նույնիսկ խոսակցություն կար, թե որտեղ էին ընթանում բանակցությունները, Շուշին էր նշվում, իսկ ավելի ուշ արդեն հրապարակային դարձան Իվանյանում եւ ապա Եվլախում Արցախի ներկայիս նախագահի հանդիպումները: Այստեղ հարցն այն չէ, որ Արցախի իշխանությունները չէին բանակցում, հարցն այն է, թե ինչ խնդիրներ էր բարձրացնում Ադրբեջանը՝ Արցախի պաշտպանության բանակի կազմալուծում, պետական ինստիտուտների կազմալուծում եւ Արցախի ժողովրդի ինտեգրում, այսինքն՝ Ադրբեջանի կանաչ անձնագրերի ընդունում: 1945 թվականին էլ թուրքերն էին ասում՝ զինաթափվեք: Տեսանք՝ ինչ եղավ»,- ասում է Վահրամ Բալայանը՝ հիշեցնելով նաեւ Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ բնակչությունն այլընտրանք չունի, քան Ադրբեջանի հպատակությունն ընդունելը:
Բալայանն անդրադարձավ Սոֆիայում բանակցությունների մասին առաջարկին, որին Արցախի իշխանությունը դեմ չէր, բայց Ադրբեջանը վերջին պահին պնդեց, որ դրանք պետք է Բաքվում տեղի ունենան: Վահրամ Բալայանը նաեւ շեշտում է՝ Արցախի ժողովուրդը, անգամ իննամսյա շրջափակումից հետո՝ հյուծված ու սոված, ընդունեց, այսպես ասած, պատվի կռիվն ու պայքարեց՝ տալով 236 զոհ, սակայն Հայաստանի իշխանությունը, որ Արցախի անվտանգության երաշխավորն էր` փաստաթղթով, իրենց մենակ թողեց:
Կարդացեք նաև
Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում