Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Արմեն Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց»․ Զոհրաբյան

Ապրիլ 09,2025 10:36

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Արմեն Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ահազանգեց «Արդարություն եւ ժողովրդավարություն» հ/կ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց՝ սա հայտարարություն է հանցագործության մասին ու վրդովվեց․ «Ինչո՞ւ եք լռում, թե՞ 24 ժամ պիտի մարդու անձնական կյանքը վերահսկեք, նրա ընտանիքի անդամների անձնական կյանքը պիտի վերահսկեք։ Լավ, քաղաքական հետապնդումն էլ այսքան այլասերված կարո՞ղ է լինել։ Անկախ փորձաքննություն պիտի լինի դա պարզելու համար՝ չնայած ավելի քան վստահ եմ, որ այդ սարքը տեղադրված է»։

Նաիրա Զոհրաբյանը նշեց՝ անկախ փորձաքննությունը պետք է ընթանա ուղիղ տեսանկարահանմամբ․ «Անգամ դատարանի որոշման մեջ նման բան չկա։ Նիկոլը ՀՀ-ն վերածել է թվային կոնցլագերի․ բոլորիս անձնական կյանքը մանրադիտակի տակ է։ Ըստ էության՝ սա քաղաքական դաբլ հետապնդում է Արմեն Աշոտյանի հանդեպ, քանի որ նրա կյանքը ուղղակի մանրադիտակի տակ է»։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել արցախցիներին տրամադրվող աջակցությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ 2 միլիարդ դրամ Սնուպ Դոգի համերգին մսխած և պետբյուջե չվերադարձրած կառավարությունն արցախցիներին բազար է առաջարկում․ ասում է՝ դուք Ազատության հրապարակում տեղադրված վրանը հանեք, մենք մի ամիս ձեզ այդ աջակցությունը կտանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ այս իշխանության գործուն ջանքերով Ալիևի հետ համագործակցաբար տեղի է ունեցել Արցախի էթնիկ զտում, Նիկոլ չընտրած արցախցիները Նիկոլի մեղավորությամբ հայտնվել են փողոցում, նրանց ընդամենը 0, 2 տոկոսն ունի բնակարան, մարդիկ համատարած հայտնվելու են փողոցում, սրանք ասում են՝գնացեք, ինչ ուզում եք արեք, կամ վրանը հանեք, մեկ ամիս 40+10-ը կտանք ձեզ։ Սեփական ժողովրդի հանդեպ նման հեգնանք չկա։

Պետական մակարդակով արցախցիների հանդեպ տեռոր է կազմակերպվում։ Պաշտոնական թիվ կա, որ 11200 արցախցի անվերադարձ լքել է Հայաստանը։ Տարբեր ոչնչություններ ասում են՝ լավ են արել․ գնացեք, ձեզնից պրծնենք։ Լավ, դուք գետինը չեք մտնո՞ւմ՝ այսպիսի տեռոր կազմակերպելով անօգնական մարդկանց հանդեպ, ոչ իրենց մեղքով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ։ ԱԳՆ-ն տարածել է մի խայտառակ հայտարարություն։ Ուսումնասիրել եմ համաշխարհային պատմությունը․ նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարբեր երկրների կոլաբորանտներն այսքան չեն ատել սեփական ժողովրդին, ինչպես այս իշխանությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930