Լրահոս
Օրվա լրահոսը

Արկադի Թամազյան․ Գործող իշխանություններն ամեն տեղ, ամեն հնարավոր ռեպրեսիաներ օգտագործում են, միայն թե զավթեն համայնքները․ «Հրապարակ»

Ապրիլ 09,2025 10:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցն Ալավերդի համայնքի նախկին ղեկավար Արկադի Թամազյանն է։

– Տեղական ինքնակառավարման մարմինները, նրանց աշխատանքը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են հայտնվել: Մարդիկ սկսել են առավել կարեւորել ՏԻՄ ընտրությունները: Օրինակ` Գյումրիում այս տարի` 2021-ի համեմատ, կրկնակի շատ մարդ է մասնակցել ընտրություններին: Ալավերդիում այժմ ի՞նչ իրավիճակ է: ՔՊ-ին հաջողվեց խարդավանքներով հեռացնել Ձեզ քաղաքապետի աթոռից, ի՞նչ է անում այժմ Ալավերդու ՔՊ-ական համայնքապետը: Ավագանու նիստեր լինո՞ւմ են: 

– Այն, ինչ տեղի ունեցավ Ալավերդիում, տեսան բոլորը: Տեղի ունեցածը բռնազավթում էր, ՔՊ-ն բռնազավթեց մեր համայնքը եւ կարողացավ ավագանու գողությամբ, անասնագողությամբ զավթել այն, ինչն իրենը չէր, չէր կարողացել հասնել դրան: Ալավերդիում այժմ սարսափելի, ահավոր իրավիճակ է, ոչինչ չի արվում, ոչինչ տեղի չի ունենում: Այն ծրագրերը, որ մենք ունեինք ժամանակին, նախքան համայնքի բռնազավթումը, կյանքի չեն կոչվում: Համայնքը զարգացում չի ապրում, անգամ այն ծրագրերը, որոնք կային, չեն շարունակվում: Դա ոչ միայն ես եմ ասում, այլեւ` ալավերդցիները, կարող եք մարդկանց հարցնել: Ինչ վերաբերում է նիստերին, նիստեր գումարվում են, ինչպես գիտենք՝ ավագանուց «Ապրելու երկիր» խմբակցությունը հեռացրին, հեռացնելով նաեւ ինձ` որպես ավագանու անդամ: Հիմա մնացել են ՔՊ-ականները եւ մեր թիմի երկու դավաճանները:

– Դավաճաններն ինչո՞վ են զբաղվում:

– Դավաճաններից մեկը բժիշկ է, մյուսը ՔՊ-ականի հարազատն է: Բժշկին փոխհատուցեցին, տարան նշանակեցին Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն, արդեն պարզ է, չէ՞, թե իր որ ծառայությունների համար: Մնացածին էլ տեղյակ եք:

– Այս պահին ինչի՞ կարիք ունի Ալավերդին: 

– Ամեն ինչի կարիք էլ ունի: Օրինակ` կա կենտրոնական ճանապարհը վերակառուցելու կարիք, ասֆալտապատման կարիք, ունենք մանկապարտեզի հետ կապված խնդիր: Չորրորդ մանկապարտեզը պետք է հիմնանորոգվի, սակայն չի արվում: Խոսում ենք միայն քաղաքի մասին, սակայն Ալավերդի խոշորացված համայնքը միայն Ալավերդին չէ` 28 բնակավայր է ներառում, որի մեծ մասը գյուղական համայնքներ են:

– Մեկ տարի առաջ ջրհեղեղ եղավ Ալավերդիում: Շատերը տուժեցին, կամուրջներ փլվեցին, ասում են` մինչ այս պահը կամուրջները չեն կառուցվել:

– Այո, ոչ մի բան չի արվել, կամուրջներ չեն կառուցվել, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռքերը լվացել է կամուրջներ կառուցելուց: Չորս ժամանակավոր կամուրջ են տեղադրել, երկուսը` Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, երկուսն էլ` Հունաստանի կողմից: Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն անում, հիմնական կամուրջներ կառուցելու մասին խոսելն ավելորդ է: Մեկ տարի է անցել ուղիղ, մեկ տարվա ընթացքում ոչ մի քայլ չեն արել, միայն ինչ-որ մարդկանց են փոխհատուցումներ տրամադրել, ու վերջ:

– Հետեւո՞ւմ եք, թե ինչ է կատարվում Գյումրիում: Շատերը վախենում են, որ կկրկնվեն Վանաձորի, Ալավերդու իշխանազավթման դեպքերը:

– Իհարկե, հետեւում եմ: Տեղական ինքնակառավարման մարմիններում սարսափելի իրավիճակ է: Գործող իշխանություններն ամեն տեղ, ամեն հնարավոր ռեպրեսիաներ օգտագործում են, միայն թե զավթեն համայնքները: Աստված մի արասցե, բայց շատ հնարավոր է, որ Գյումրիում տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ մեզ մոտ կամ Վանաձորում: Ինչո՞ւ ոչ: Եթե այլ համայնքներում արել են նման բան ու մարսել են, ի՞նչը պետք է հետ մղի իրենց:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930