Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը
Քաղաքացիական պայմանագրից պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում պնդում է, որ Ադրբեջանի պահանջներին հայելային պահանջներ դնելը տանում է փակուղի և թույլ չի տալիս առաջ տանել խաղաղության օրակարգը։ Նա ընդգծում է, որ հայկական կողմի պահանջները պետք է լինեն իրատեսական և պաշտպանվեն այլ դերակատարների կողմից։ Օրինակ՝ նա հայկական դիրքորոշման իրատեսական դրսևորում է համարում «միջանցք չտալու» մոտեցումը՝ նշելով, որ դա արժանի պատասխան է և ռուսներին, և ադրբեջանցիներին։ Ինչպես ասում են՝ շատ լավ, շատ բարի։
Սկսենք Արցախից և արցախցիների հետ կատարվածից։ Միջազգային հանրությունը իր գնահատականը տվել է՝ Ադրբեջանի գործողությունները որակելով որպես էթնիկ զտում։ Միայն Ռուսաստանն է, որ մերժել է էթնիկ զտման փաստը։ Այս պարագայում՝ երբ հայկական կողմը հրաժարվում է արցախցիների իրավունքների պաշտպանությունից, արդյո՞ք դա զիջում չէ թե՛ Ռուսաստանին, թե՛ Ադրբեջանին՝ անտեսելով հենց այն «միջազգային ընկալելի պահանջը», որն այսքան կարևոր է Մարիա Կարապետյանի համար։
Նույն հարցադրումն է առաջանում այն դեպքում, երբ հայկական կողմը համաձայնում է սկսել Սահմանադրության փոփոխման գործընթաց, ինչը «խաղաղությանը» չի խանգարի, սակայն դիմացը ստանում է միայն ագրեսիվ հռետորաբանություն և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի առաջմղում։ Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի պահանջում Ալիևից գոնե հստակ արտահայտվել 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի վերաբերյալ, որը, ինչպես պնդում էր Փաշինյանը, ունի միջազգային ճանաչում և պաշտպանելի սահմաններ։
Կարդացեք նաև
Որքան գիտեմ, «Իրական Հայաստան» գաղափարական մոտեցման հեղինակը հենց Մարիա Կարապետյանն է։ Այնպես որ, գոնե այդ մոտեցման լույսի ներքո ինչո՞ւ «Ֆակտոր»-ի հյուրը չի պահանջում մեր «խաղաղասեր» առաջնորդից ներկայացնել միջազգային իրավունքի վրա հիմնված, հստակ ձևակերպված և պաշտպանվող պահանջներ։