Ի՞նչ է նշանակում՝ հրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից: Դա նշանակում է, որ եթե ադրբեջանցի զինծառայողը (այսինքն՝ պետության ներկայացուցիչը) մտել է հայկական բնակավայր եւ գլխատել է անզեն հայ ծերունուն, դա հայկական պետությունը հանցագործություն չի համարում: Համենայնդեպս, այդպիսի մի ենթադրյալ հանցագործ՝ Քամիլ Զեյնալին հայտարարում է. «Ինձ զանգահարեցին Ռուսաստանում մեր դեսպանատնից: Ինձ ասացին՝ շնորհավորում են՝ Քամիլ, շնորհավորում ենք: Թշնամիների (ենթադրաբար՝ Հայաստանի.-խմբ.) կողմից քո վրա դրված հետախուզումը մեր պետության կողմից տարվող աշխատանքների արդյունքում հանվել է»:
Շատ հնարավոր է, իհարկե, որ ՔՊ-ական քարոզչությունը եւ նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեն, որ ադրբեջանցի սադիստի կողմից գլխատվածը հայ չէր, «ղարաբաղցի» էր եւ, հետեւաբար, Հայաստան պետությունն այստեղ կապ չունի: Բայց պետության գործառույթների մասին այդ, մեղմ ասած, յուրահատուկ պատկերացումը ո՛չ հանցագործության վտանգավորությունն է նսեմացնում, ոչ էլ դրա հանդեպ մեր իշխանությունների անտարբերությունը:
Բայց եկեք ժամանակավորապես մի կողմ դնենք հայցերից հրաժարվելու բարոյական եւ իրավական կողմն ու կենտրոնանանք քաղաքականության վրա: Այստեղ, բնականաբար, հնարավոր է գործարք, որը բարոյական հարթությունից դուրս է: Հնարավոր է ինչ-որ բան զիջել՝ փոխարենն ինչ-որ բան ստանալու համար:
Ասենք՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ նա հայտարարում է, որ ցավում է քնած մարդուն կացնով սպանելու կամ անզեն ծերունուն գլխատելու համար: Բայց նման բան տեղի չի ունենում. Ադրբեջանը փառաբանում է իր արյունարբու սադիստներին: Հետն էլ պարադոքսալ ձեւով Հայաստանին մեղադրում է «ֆաշիզմի» մեջ: Եթե հայերին մորթելը «ճիշտ էր», էլ ի՞նչ խաղաղություն, ի՞նչ նոր դարաշրջան:
Կարդացեք նաև
Կամ այսպիսի տարբերակ՝ դու հրաժարվում ես հայցերից, իսկ հակառակ կողմը հրաժարվում է Արցախի ղեկավարներին դատելուց: Նման բան կա՞: Ոչ, մեր հայրենակիցների դեմ անհեթեթ մեղադրանքները գնալով շատանում են:
Դու հրաժարվում ես հայցերից, իսկ դիմացինը քեզ հետ խաղաղության համաձայնագիր է ստորագրում՝ ինչպիսին էլ լինի: Բայց ոչ՝ չի ստորագրում, նորանոր նախապայմաններ է առաջ քաշում:
Ո՞րն է հապա թշնամու վայրագությունների վրա աչք փակելու օգուտը:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հայցեր իրենք էլ մեր դեմ կարող են ունենալ։ Կարծում եմ իրենք էլ հրաժարվել են մեր դեմ հայերից, եթե այդպես չէ? ուրեմն Դուք ճիշտ եք, եթե այդպես է ինչու Դուք դա չեք նշում։