Լրահոս
Օրվա լրահոսը

Էրեբունի համայնքի նախկին ղեկավարի գործով դատական քննությունը շարունակվում է

Ապրիլ 09,2025 13:00

Ապրիլի 21-ին, ժամը 9.30-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում կշարունակվի Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանի գործով դատական քննությունը: 2024 թվականի ապրիլի 15-ից քրեական գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարանում է:

Դատավորն է Սուրեն Խաչատրյանը: Պաշտպաններն են Րաֆֆի Ասլանյանն ու Ալեքսան Խաչատրյանը:

Այս տարվա հունվարի 14-ից, մարտի 5-ից հետո սա թվով երրորդ նիստը կլինի:

2023 թվականի մայիսի 5-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 446-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 62228223 քրեական վարույթը։ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 309-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 62261023 քրեական վարույթը, իսկ մեկ օր հետո՝ սեպտեմբերի 26-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել թիվ 62261023 քրեական վարույթը թիվ 62228223 քրեական վարույթին միացնելու եւ նախաքննությունը շարունակելու մասին…

Նշեմ, որ 2008 թվականի սեպտեմբերի 7-ին Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքում էր Արմեն Հարությունյանը ընտրվել Երեւան քաղաքի Էրեբունի համայնքի ղեկավար: Նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով այն արարքի համար, որ նա «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի կարգով լիազորված լինելով նույն օրենքով եւ ավագանու կանոնակարգով սահմանված կարգով հրավիրել եւ վարել ավագանու նիստեր, համայնքի ավագանու որոշմամբ եւ սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել համայնքի սեփականություն համարվող գույքը, իր իրավասության շրջանակներում ընդունել որոշումներ, կազմել արձանագրություններ եւ արձակել կարգադրություններ, սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել համայնքի ավագանուն՝ համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու …վերաբերյալ, «հանդիսանալով պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին, միաժամանակ նույն գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ»: Նշվում է, Լիոնի քաղաքապետերի եւ Մեծ Լիոնի նախագահի միջեւ 2008 թվականին ստորագրված «ապակենտրոնացված համագործակցության համաձայնագրի» մասին, որով, ի թիվս այլնի, արձանագրվել է, որ ընդառաջելով Երեւանի քաղաքային ղեկավարների դիմումին, Լիոն քաղաքը որոշել է աջակցել Երեւան քաղաքին եւ Էրեբունի համայնքին, պարտավորվել է սուբսիդավորել Երեւան քաղաքին՝ ֆինանսավորելու «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») համար նախատեսված սարքավորումների ձեռք բերումը, բարեկարգման աշխատանքների իրականացումը, անհրաժեշտ պարագաների գնումը, կանաչ տարածքների կառավարումը, իսկ Երեւան քաղաքը պարտավորվել է ստանալ ֆոնդը եւ օգտագործել «Վարդավառի» զբոսայգու («Լիոնի այգու») ծրագրի իրականացման նպատակով: Համաձայնագրի համաձայն՝ որոշվել է դոտացիայից տրամադրել 15.000 եվրո կանխավճար, իսկ մնացորդ 80.000 եվրոն տրամադրել վճարված նախահաշիվների ներկայացման եւ աշխատանքների առաջընթացի պարագայում:

2008 թվականի հոկտեմբերի 28-ին կայացել է մրցույթ, որի արդյունքում որոշվել է առաջարկել «Հայր եւ որդի Ադամյաններ» ՍՊ ընկերությանն իրականացնել նշված զբոսայգու բարեկարգման աշխատանքները՝ առաջին փուլով տրամադրելով 15.828.648 ՀՀ դրամ:

2008 թվականի դեկտեմբերի 16-ին Երեւանի քաղաքապետի կողմից Էրեբունի համայնքի ղեկավար Արմեն Հարությունյանին տրվել է լիազորագիր՝ Էրեբունի համայնքի «Վարդավառ» զբոսայգում բարեկարգման աշխատանքների պատվիրատուի գործունեությունն իրականացնելու նպատակով: Հիշյալ լիազորագրի հիման վրա համայնքապետը 2009 թվականի հունվարի 20-ին «Հայր եւ որդի Ադամյաններ» ՍՊ ընկերության հետ կնքել է աշխատանքների գնման պայմանագիր, որի հիման վրա հիշյալ ընկերությունն իրականացրել է պայմանագրով նախատեսված աշխատանքները:

Գործի նյութերի համաձայն, Արմեն Հարությունյանը 2009 թվականի ապրիլի 2-ի եւ 23-ի գրություններով դիմել է Երեւանի քաղաքապետին՝ Երեւան քաղաքի Սասունցի Դավթի 87 հասցեում գտնվող «Վարդավառ» զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքի սահմանների ճշգրտում կատարելու խնդրանքով, որի հիման վրա Երեւանի քաղաքապետի՝ 2009 թվականի մայիսի 27-ի թիվ 5360-Ա որոշմամբ չեղյալ է ճանաչվել Երեւանի քաղաքապետի՝ 2001 թվականի փետրվարի 22-ի թիվ 138 որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագիծը եւ սահմանվել նոր գլխավոր հատակագիծ, որով «Վարդավառ» զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքը 201200 քառակուսի մետրի փոխարեն նշվել է 179610 քառակուսի մետր:

Այնուհետեւ, 2009 թվականին Էրեբունի համայնքի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի մտերիմ՝ Գառնիկ Ավետիսյանին պատկանող «ԲԻԴԵՔ» ՍՊ ընկերությունը դիմել է Էրեբունու թաղապետարան՝ բնակչության հանգստի կազմակերպման համար նույն համայնքի տարածքում գտնվող զբոսայգու եւ լճի զբաղեցրած տարածքը կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով տրամադրելու խնդրանքով:

Հիշեցնեմ, որ Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը միջնորդել էր մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը թողնել անփոփոխ, իսկ պաշտպաններ Րաֆֆի Ասլանյանն ու Ալեքսան Խաչատրյանը առարկել էին հանրային մեղադրողի միջնորդության դեմ, հայտնել, որ մեղադրյալն ամբողջ մինչդատական վարույթի ընթացքում ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, բացակայում է իրենց պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքը, մեղադրյալի փախուստի դիմելու հավանականության վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի պնդումները հիմնավոր չեն, քանի որ սույն վարույթը շարունակվում է բացառապես մեղադրյալ Արմեն Հարությունյանի ցանկությամբ, քանի որ վարույթն իրականացնող քննիչը վերջինիս պարզաբանել է քրեական պատասխանատվության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորության մասին, սակայն Արմեն Հարությունյանն առարկել է այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, ինչի պատճառով քրեական վարույթը չի ավարտվել եւ ուղարկվել է դատարան։

Պաշտպանները միջնորդել էին Արմեն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը վերացնել, իսկ դրա անհնարինության դեպքում այն վերացնել ժամանակավորապես կամ փոխարինել գրավ խափանման միջոցով՝ գրավի չափ սահմանելով մեկ միլիոն ՀՀ դրամը։

Այս գործով 2024 թվականի հունվարի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել Արմեն Հարությունյանի անվամբ ՀՀ առեւտրային բանկերում բացված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա 166.336.724 ՀՀ դրամի չափով արգելանք դնելու մասին։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.04.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930