2025 թվականի մարտի 20-ից Սահմանադրական դատարանում էր «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Մարի Բալյան) դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ վարչական դատավարության» օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը եւ 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր»:
Ըստ դիմողի՝ տվյալ գործով ՀՀ դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3 եւ 80-րդ հոդվածներին տրված մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքից: ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշմամբ կարգադրվել է որոշակի գործողություններ կատարել «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը, հետեւաբար, ինքը, լինելով տվյալ ընկերության տնօրենը, ակնհայտորեն իրավունք չուներ վիճարկել համապատասխան վարչական ակտը:
ՍԴ-ին դիմողը նաեւ հայտնել էր, որ «ի տարբերություն հայցադիմումը վերադարձնելու դեպքի, երբ անձը զրկված չէ թերությունները վերացնելու եւ նորից դատարան դիմելու իրավունքից, հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում այլեւս հնարավոր չէ նորից դիմել դատարան՝ առնվազն վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառով: Դիմողի պնդմամբ՝ նման պայմաններում ստացվում է, որ անձը, որը պարտավոր է կատարել վարչական ակտի պահանջը, առհասարակ զրկվում է այդ ակտը վիճարկելու հնարավորությունից, դրանով իսկ՝ դատարանի մատչելիության իրավունքից»:
Դատարանի արձանագրմամբ, հայցվորը դատարան դիմել է որպես Ընկերության տնօրեն եւ կնքել է հայցադիմումը ընկերության կնիքով, երկրորդ, եթե անգամ դիտարկենք, որ հայցվորը դիմել է դատարան որպես ֆիզիկական անձ, ապա անգամ այս դեպքում հայցվորը չէր կարող դիտարկվել հայց ներկայացնելու իրավունք «ակնհայտ» չունեցող անձ, քանի որ ոչ թե խնդրել է իրեն տրամադրել իր հարեւանի գույքը կամ Երեւանի պետական համալսարանի շենքը, այլ վիճարկել է անձամբ իր համար ոչ իրավաչափ պարտականություն սահմանող վարչական ակտը:
Կարդացեք նաև
Դիմողը, անդրադառնալով նմանատիպ գործերով ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումներին, արտահայտել է հետեւյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Ստացվում է նույն փաստական հանգամանքների պայմաններում, երբ դատարան կարգադրագրի վիճարկման պահանջով դիմում է ոչ թե իրավաբանական անձը, այլ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, դատավորներ կան, ովքեր վարույթ են ընդունում հայցը, դատավորներ կան, ովքեր վերադարձնում են եւ այս պահին մեզ հայտնի է մեկ դատավոր, ով մերժում է հայցը վարույթ ընդունելը»:
Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/10321/05/24 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: ՍԴ գնահատմամբ, դիմողը վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության հակասահմանադրականության որեւէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին մերժեց բժշկական կենտրոնի տնօրենի անհատական դիմումով գործի քննությունը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.04.2025