Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքերի ճնշող մեծամասնությունը օտար երկրներին համարում է թշնամի

Ապրիլ 08,2025 23:55

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

 

Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաճախակի և հրահրող հարձակումները Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի վրա, զարմանալի չէ, որ թուրքերի ճնշող մեծամասնությունն այդ երկրներին համարում է իրենց ամենամեծ թշնամիները: Սա լուրջ հարց է, քանի որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, արևմտյան ռազմական դաշինքի մաս է կազմում: Ցավոք, ՆԱՏՕ-ն չունի այնպիսի մեխանիզմ, որով կարող է վտարել սխալ վարքագիծ դրսևորած անդամին, ինչը նշանակում է, որ Թուրքիայի համար դաշինքից դուրս գալու միակ տարբերակը կամավոր հրաժարականն է:

Արևմուտքի դեմ Էրդողանի հարձակումները նրա ռազմավարության մի մասն են՝ շեղելու թուրք հասարակության ուշադրությունը երկրի լուրջ ներքին տնտեսական խնդիրներից և քաղաքական խառնաշփոթից՝ նպատակ ունենալով ամրապնդել իր նվազող ժողովրդականությունը:

Թուրքական ASAL Araştırma ve Danışmanlık ընկերության կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվել է, որ թուրքերի 84 տոկոսը Իսրայելին համարում է թշնամի, 75 տոկոսը թշնամական վերաբերմունք ունի ԱՄՆ-ի նկատմամբ, իսկ 55 տոկոսը Ֆրանսիային վերաբերվում է որպես հակառակորդի: Համապատասխանաբար 7 տոկոսը, 14 տոկոսը և 25 տոկոսը այդ երկրներին համարում են բարեկամական, իսկ մնացածները ոչ մի կարծիք չեն հայտնել: Այս հակաարևմտյան տրամադրությունն արդեն կայուն աճում է մի քանի տարի շարունակ:

Էրդողանի հարաբերությունները հատկապես սրվել էին նախագահ Բայդենի հետ: Բայդենի նախագահության ընթացքում Էրդողանին արգելվել էր այցելել Սպիտակ տուն: 2020 թվականի հունվարի 17-ին «Նյու Յորք Թայմս» թերթին տված հարցազրույցում այն ժամանակ նախագահի թեկնածու Բայդենը Էրդողանին անվանել էր «բռնապետ», խոստացել աջակցել նրա հակառակորդներին և պաշտպանել նրա ընտրական պարտությունը: Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալընը պատասխանել է Բայդենին՝ մեղադրելով նրան անտեղյակության, ամբարտավանության և կեղծավորության համար, մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն կասկածել էր հայտնել, թե ինչպես է «այսքան ապատեղեկացված մարդը ցանկանում կառավարել երկիրը [ԱՄՆ]»:

Էրդողանի ամենամեծ ցնցումներից մեկը եղավ 2021 թվականի ապրիլի 24-ին, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ինչը կտրուկ փոփոխություն էր Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերություններում: Էրդողանը պատասխանեց, ասելով, որ «ԱՄՆ նախագահն անհիմն, անարդար և կեղծ հայտարարություններ է արել մեր տարածաշրջանում  ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած տխուր իրադարձությունների մասին: Հուսով եմ, որ ԱՄՆ նախագահը հնարավորինս շուտ հետ կկանգնի այս սխալ քայլից»: Էրդողանը նաև հայտարարեց, որ այս թեմայի շուրջ լուրջ զրույց կունենա Բայդենի հետ, երբ նրանք հանդիպեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում 2021 թվականի հունիսին: Սակայն, այդ հանդիպման ընթացքում Էրդողանը չբարձրացրեց ցեղասպանության հարցը:

Պատմական վեճերից բացի, Էրդողանը բախվել է Բայդենի հետ Ուկրաինայի և Գազայի հարցով՝ Թուրքիայի կողմից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն խոչընդոտելու և ռուսական S-400 օդային պաշտպանության համակարգի գնման հարցում, որի պատճառով ԱՄՆ-ը արգելափակեց Թուրքիայի կողմից F-35 ժամանակակից կործանիչների գնումը: Էրդողանը նաև դատապարտել է Սիրիայում քրդական ուժերին ԱՄՆ-ի աջակցությունը և քննադատել Վաշինգտոնի որոշումը հյուրընկալել Թուրքիայի այլախոհ հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին:

Իսրայելի նկատմամբ Էրդողանի թշնամանքը կտրուկ աճել է: 2023 թվականի հոկտեմբերին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրան հաջորդած Իսրայելի ռազմական պատասխանից հետո Գազայում Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ընկղմվել են թշնամանքի մեջ:

2009 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ, հավաքված համաշխարհային ղեկավարների առջև, Էրդողանը դեմ հանդիման բախվեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ՝ հայտարարելով՝ «Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես եք դուք սպանել երեխաներին [Գազայի] լողափերին»:

2010 թվականին դաժան բախում տեղի ունեցավ, երբ իսրայելական զորքերը բարձրացան թուրքական նավերը, որոնք փորձում էին օգնություն հասցնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին, ինչի հետևանքով սպանվեց տասը թուրքեր և վիրավորվեցին տասնյակ մարդիկ: Ի պատասխան, Թուրքիան հետ կանչեց իր դեսպանին Թել Ավիվից և արտաքսեց Իսրայելի դեսպանին Անկարայից: Էրդողանը դատապարտեց միջադեպը որպես «արյունալի կոտորած», ստիպելով վարչապետ Բենյամին Նեթանյահուին պաշտոնապես ներողություն խնդրել և 20 միլիոն դոլար վճարել զոհերի ընտանիքներին:

Վերջերս Էրդողանը ուժեղացրել է իր բանավոր հարձակումները Նեթանյահուի վրա՝ համեմատելով նրան «Հիտլերի, Մուսոլինիի և Ստալինի՝ այսօրվա նացիստների հետ», բնութագրելով նրան որպես «Գազայի մարդասպան», և մեղադրելով պաղեստինցիների դեմ ցեղասպանություն իրականացնելու մեջ: Նա նաև հայտարարեց, որ Նեթանյահուին կուղարկի Ալլահի մոտ, որպեսզի վերջիս հոգ տանի նրա մասին, նրան դժբախտ դարձնելու և անիծելու համար»:

Իսրայելն արձագանքեց վճռականորեն․ 2024 թվականի հունվարին Իսրայելի արտգործնախարարը թվիթերում գրեց. «Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ հոխորտում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին ու քրդերին։ Ձեր պատմությունը ինքնին խոսուն է»։ Վարչապետ Նեթանյահուն հավելեց. «Էրդողանը ժխտում է հայոց Հոլոքոստը, իր սեփական երկրում կոտորածներ է իրականացնում քրդերի նկատմամբ և վերացնում վարչակարգի հակառակորդներին ու լրագրողներին»:

Զարմանալիորեն, ինչպես Էրդողանը, այնպես էլ Նեթանյահուն, որոնք հրաժարվում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն ընտրովի օգտագործում են միմյանց վրա հարձակվելու ժամանակ։ Իր ավելի ծայրահեղ հայտարարություններից մեկում Էրդողանը վերջերս պնդել է, որ Իսրայելը պլանավորում է ներխուժել Թուրքիա և բռնակցել նրա տարածքը:

Էրդողանի դիմակայությունները դուրս են գալիս Միացյալ Նահանգների և Իսրայելի սահմաններից՝  տարածվելով դեպի Եվրոպա: 2017 թվականին նա Գերմանիայի այսօրվա ղեկավարներին համեմատեց նացիստական ժամանակաշրջանի ղեկավարների հետ՝ նրանց մեղադրելով նացիստական ժամանակները հիշեցնող «ֆաշիստական գործողություններում» ներգրավված լինելու մեջ: Նա հարձակվեց նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա՝ կասկածի տակ դնելով նրա հոգեկան առողջությանը, որն ստիպեց Ֆրանսիային հետ կանչել իր դեսպանին Անկարայից:

Էրդողանի կողմից օտարերկրյա ղեկավարների անողոք դիվականացումը թուրքերի շրջանում բարձրացրել է այն կարծիքը, որ աշխարհը դավադրություն է կազմակերպում իրենց դեմ:

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930