Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ու՞մ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները. Արտակ Բեգլարյան

Ապրիլ 08,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Որոշ հարցադրումներ ՀՀ արտգործնախարարությանը՝ ի պատասխան իրենց վերջին խայտառակ հայտարարության

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1.Ինչու՞ եք կրկնում ադրբեջանական հայտնի թեզերը՝ շարունակելով աջակցել ալիևյան ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանության մեղքերի «ներման» ջանքերին:

2.Երբ Արցախը ճանաչում էիք Ադրբեջանի կազմում, չէի՞ք մտածում, որ քարտ բլանշ եք տալիս Ադրբեջանին անցնելու իր ցեղասպանական գործողություններին և անտեսելու ու ոտնահարելու Արցախի ժողովրդի կենսական իրավունքները:

3.Արդյո՞ք դուք երբևէ հղում եք արել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության հիմնադիր փաստաթղթերին՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության ու կարգավիճակի հարցերը Ադրբեջանի հետ բանակցելիս, եթե հիմա էլ հղում եք անում չեղած փաստաթղթի:

4.Արդյո՞ք ուժի սպառնալիքի ազդեցությամբ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթը Ձեզ համար բավարար հիմք է անտեսելու Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերը:

5.Արդյո՞ք այդ փաստաթղթի ձևական ստորագրումից հետո լիովին վերացել է Արցախի ժողովուրդը՝ իր իրավունքներով ու կարիքներով հանդերձ:

6.Եթե հղում եք անում այդ տխրահռչակ փաստաթղթին, ինչու՞ հաշվի չեք առնում նաև այն ստորագրող անձի՝ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի հրապարակային պարզաբանումը, որ դա ուժի սպառնալիքի տակ ստորագրված հակասահմանադրական փաստաթուղթ է: Ավելին, ինչու՞ եք անտեսում նույն ինստիտուտի կողմից հետագայում ստորագրված և Ձեզ ծանուցված՝ նախորդ հրամանագիրը չեղարկող նոր հրամանագիրը:

7.Արդյո՞ք Ձեր այսօրվա մանիպուլյացիաների համար էիք 2023թ. վերջին ողջ ուժային համակարգով ճնշում մեզ բոլորիս, որ չպայքարենք այդ հակասահմանադրական հրամանագրի հրապարակային չեղարկման համար:

8.Ինչու՞ չեք ասում իրականությունը, որ առաջնահերթորեն Ադրբեջանի ու մասամբ ձեր պատճառով չի կայացել Սոֆիայի հանդիպումը (հունիսի 21-ին նախատեսված), քանի որ հրաժարվել եք միջազգային մեխանիզմի ու երաշխիքների պայմանից, իսկ օրակարգում էլ չէիք համաձայնվում հրատապ հարցերի ներառմանը: Հիշեցնեմ, որ դրանից առաջ՝ հունիսի 15-ին Ադրբեջանը վերջնականապես դադարեցրել էր նույնիսկ Կարմիր խաչի կողմից մարդասիրական մատակարարումը՝ դիտավորյալ կերպով մղելով մեր ժողովրդին սովամահության:

9.Ինչու՞ չեք մեղադրում Ձեր «խաղաղասեր» ու «բարեկիրթ» հարևանին օգոստոսի 1-ին նախատեսված Բրատիսլավայի բանակցությունների վիժեցման մեջ, որը ոչ միայն ցեղասպանական մեթոդաբանություն էր կիրառում, այլև՝ բանակցություններից անմիջապես առաջ Կարմիր խաչի մեքենայից առևանգեց հիվանդ տարեց անձին՝ վիժեցնելու բանակցությունների նախաձեռնությունը:

10.Ինչու՞ չեք ասում ճշմարտությունը, որ նույնիսկ դրանից հետո արցախյան կողմի պատվիրակությունը պատրաստ էր մեկնել Բրատիսլավա՝ անգամ առանց միջազգային մեխանիզմի ու երաշխիքի ապահովման, սակայն ‘վերջին օրը ալիևյան ռեժիմը հրաժարվեց հանդիպումից:

11.Ձեր ներքաղաքական նեղ ու կարճաժամկետ «պահանջմունքները» բավարարելու համար էլ ի՞նչ բարոյական, քաղաքական ու իրավական սահմաններ եք անցնելու:

12.Երբ Ձեր ցեղասպան հարևանը հարձակվի ու նոր հայկական հողեր գրավի, այդ ժամանակ ու՞մ գրպանն եք գցելու Ձեր մահացու մեղքերն ու հանցավոր սխալները…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930