Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինի բանավեճը նոր լարվածություն է առաջացրել Գյումրիում․ Մարտուն Գրիգորյանը անդրադարձ է կատարել

Ապրիլ 08,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չնայած Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ու անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր քաղաքական երեք ուժերը՝ պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի գլխավորած «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, գործարար Կարեն Սիմոնյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքն արդեն իսկ հայտարարել են ամենաշատ ձայներ հավաքած «Կոմունիստական կուսակցության» թեկնածու Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալու համար անհրաժեշտ ձայներ տալու մասին, այդուհանդերձ գյումրեցիների համար ամեն ինչ անորոշ է։

Քաղաքում տարբեր սցենարներ են քննարկվում, տարբեր կանխատեսումներ արվում քաղաքային իշխանության ձևավորման շուրջ․ կարելի է ասել հետընտրական Գյումրի մի տեսակ անհանգիստ է։

Ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին, երբ ավագանին կընտրի քաղաքապետ։

Ինչպես ենթադրում ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների ելույթներից, այս կուսակցությունը ևս կառաջադրի իր թեկնածուին՝ Սարիկ Մինասյանին, որն ամենաշատ ձայներն է հավաքել Գյումրու ՏԻՄ ընտրություններում՝ 17 հազարից ավելի։

Պայքարի մեջ կմտնեն 9 հազարից ավել ձայներ հավաքած Վարդան Ղուկասյանը և Սարիկ Մինասյանը։

Հինգ քաղաքական ուժերից չորսն՝ առանց պաշտոնների ակնկալիքի, ձայներ են ապահովելու Վարդան Ղուկասյանին՝ ընտրվելու համար, քանի որ, ըստ նրանց, ոչ մի ձևով չեն թույլատրելու, որ Գյումրին ունենա ՔՊ-ական քաղաքապետ։

Ու այս հայտարարությունների ֆոնին՝ Հանրային հեռուստաընկերությունում մեծ բանավեճի հրավիրված Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանն առաջարկեց հետևյալ տարբերակը․ իշխանական ուժը, ընդունելով իր պարտությունը, հրաժարվում է քաղաքապետի թեկնածու առաջադրելուց, ու Գյումրու ավագանին ողջ կազմով է մասնակցելու ընդդիմադիր ուժերից առաջադրված թեկնածուների ընտրությանը։ Այս դեպքում, ըստ բանախոսի, Վարդան Ղուկասյանի բացի, կարող է առաջադրվել նաև Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը։

Լրագրողների ճշտող հարցին, թե «Քաղաքացիական պայմանագիրը» թեկնածություն չի առաջադրում, առաջադրվում են Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը և դուք ակնկալում եք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Մարտուն Գրիգորյանին ընտրի՞», բանախոսը պատասխանեց․ «Միգուցե»։

Դեռ բանավեճը չավարտված՝ ՔՊ-ականները իրենց էջերում նորից բուռն քննադատության ենթարկեցին ընդդիմադիր ուժերին՝ գրելով, որ քաղաքական առևտրի մեջ են մտել։

Օրինակ՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը գրել էր․ «Մարտուն Գրիգորյանի գլխավորած դաշինքի կուսակցություններից մեկի առաջնորդը Հանրայինի «Մեծ Բանավեճի» եթերում հրապարակային խնդրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը` Մարտուն Գրիգորյանին քաղաքապետ դարձնել։

Մարտուն ջան, լա՞վ ես»։

Այս թեման այնքան քննարկվեց, ՔՊ-ականներն այնքան գրեցին, թե ընդդիմությունը ՔՊ-ի միջոցով փորձում է «փրկվել Վարդան Ղուկասյանից», որ Մարտուն Գրիգորյանը ստիպված հանդես եկավ նոր պարզաբանմամբ՝ հայտարարելով․

«Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ։

Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք՝ առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։

Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։

Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին։

Առայժմ՝ այսքանը»։

Հայտարարությամբ հանդես եկավ նաև «Մեր քաղաքը» դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցությունը․ «Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։

«Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։

Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։

Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։

Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930