Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունում է հայ բանտարկյալների ազատ արձակման վերաբերյալ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոչը

Ապրիլ 08,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։

Նամակը, որի ստորագրումն առաջնորդել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնը, Դեյվիդ Վալադաուն, Բրեդ Շերմանը և Գաս Բիլիրակիսը, ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցման մասին վերջին հայտարարությունների խորապատկերին, երբ ադրբեջանական կողմը պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրությունում և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: Նամակը վճռական ներգրավածության կոչ է անում ամերիկյան ղեկավարությանը՝ դադարեցնելու ադրբեջանական ագրեսիան և հաղթահարելու Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները:

Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է Կոնգրեսում երկկուսակցական շարունակական ջանքերը՝ ընդդիմանալու Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ուժի սպառնալիքի տակ միակողմանի զիջումներ թելադրելու քաղաքականությանը, որն ակնհայտորեն կեղծ խաղաղության է առաջնորդում։ Մեր կոնգրեսական դաշնակիցների և կոալիցիոն գործընկերների հետ կողք-կողքի, մենք պնդում ենք՝ կայուն և արդար խաղաղության ուղղությամբ ցանկացած երկխոսություն պետք է ապահովի հայերի վերադարձն Արցախ, իսկ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ուժերը հայկական տարածքներից, պետք է պահպանվի միջազգային վերահսկողություն Հայաստանի սահմանների վրա, ապահովվի հայ ռազմագերիների ազատումը, պաշտպանվի Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը, պետք է զսպվեն Ադրբեջանի ջանքերը՝ փոփոխություններ պարտադրելու Հայաստանի Սահմանադրությունում և պետք է պաշտպանվի Սյունիքը՝ որպես Հայաստանի ինքնիշխան մաս»:

Նամակում Կոնգրեսի անդամները շեշտել են ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: Կոնգրեսականները, մասնավորապես, նկատել են․ «Մենք նաև ամբողջապես համաձայն ենք պետքարտուղար Ռուբիոյի հետ, որ Հարավային Կովկասում «․․․այժմ ժամանակն է պարտավորվել խաղաղության համար» և ազգային անվտանգության գծով խորհրդական Ուոլցի կոչին՝ «ավարտել այս խաղաղության պայմանագիրը, ազատել բանտարկյալներին և աշխատել միասին՝ տարածաշրջանը ավելի ապահով և բարգավաճ դարձնելու համար։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովումը ազգային անվտանգության կարևոր խնդիր է և ուղղակիորեն համահունչ է նախագահ Թրամփի գլոբալ խաղաղության նախաձեռնություններին: Արդյունքում՝ Ադրբեջանի շարունակական սպառնալիքների ետնապատկերի վրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն ունի ձգտելու ամրապնդել վստահությունն ու անվտանգությունը»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930