Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները շարունակում են հանդիպումներ անցկացնել արցախյան եւ հայաստանյան քաղաքական ուժերի, ՀԿ-ների ներկայացուցիչների եւ անհատների հետ։ Ազատության հրապարակում այսօր խորհրդի անդամները հանդիպել են «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչների հետ։
Արցախի ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արամ Գրիգորյանը նշեց, որ սա միայն օրվա հացի խնդիր չէ, սոցիալական խնդիր չէ, համալիր խնդիրներ կան, որոնք լուծում են պահանջում։ «Մենք 2023 թվականից փորձել ենք տարբեր հարթակներում այդ խնդիրները բարձրացնել, տարբեր ձեւաչափերով լուծումներ գտնել, բայց դա չի ստացվել։ Հենց դա էլ ստիպել է, որ հանրությունը բարձրացնի իր ձայնը, միասնական ուժերով մենք կարողանալու ենք այդ խնդիրների լուծումը տալ»,- ասաց Արամ Գրիգորյանը։
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանն էլ մանրամասներ հայտնեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ երեկ տեղի ունեցած հանդիպումից։
«Երեկ մենք հանդիպել ենք փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, քննարկել ենք հրատապ հարցեր՝ սոցիալականի մասին է խոսքը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել եւս մեկ ամիս երկարաձգել 50 հազարական դրամ աջակցությունը, բայց նախապայմանով իհարկե, որ պետք է վրանը հանենք։ Այսօր մենք խորհրդի անունից պատասխանել ենք իրենց, որ նպատակահարմար չենք գտնում, հատկապես, որ բազմաթիվ արցախցիներ գալիս են այստեղ, շփվում ենք, իրենց մտահոգություններն ու կարծիքներն ենք լսում։ Փորձելու ենք մինչեւ ամսի 15-ը հանդիպումներ կազմակերպել արցախյան եւ հայաստանյան քաղաքական ուժերի հետ, ովքեր իհարկե կհամախմբվեն մեր օրակարգի շուրջը, որից հետո հայտարարելու ենք մեր հանրահավաքի օրվա մասին։ Եվ եթե մինչ այդ կառավարությունն իրենց դիրքորոշումը չփոխի, անցնելու ենք հստակ գործողությունների»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Նժդեհ Իսկանդարյանն ասաց, որ կառավարության կողմից եղել են նաեւ կառուցողական առաջարկներ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ