«Չենք վստահում ներկայիս իշխանությանը։ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է հանուն ճշմարտության և արդարության»,-Սուրբ Աննա Եկեղեցու բակում հայտարարեցին Սրբազան պայքարի երիտասարդական թևի ներկայացուցիչները։
«Չեմ վստահում» ակցիայի շրջանակում ՀՀ քաղաքացիները մոտենում և իրենց խորհրդանշական քվեարկությամբ անվստահություն էին հայտնում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։
Կարդացեք նաև
Քաղաքացիներից մեկը քվեարկելուց հետո վրդովված ասաց․ «Չեմ վստահում, որովհետև խաբված եմ։ Ճամփա եմ փակել իր համար, մորս ոտքը ջարդվեց իր համար, բայց այսօր այսպես․․․(նկատի ունի Նիկոլ Փաշինյանին,-Տ․Հ․)»։
Երիտասարդ Լուսինեն էլ հարցին՝ ինչո՞ւ չվստահել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այսպես պատասխանեց․ «Ապազգային, դավաճան և անգործ կառավարության օրինակ է։ Փաշինյանը սոսկ կառավարող չէ, այլ պետության կազմաքանդող, ում կառավարության շարունակելը ՀՀ կործանման ուղեգիրն է»։
Քաղաքացիներից մեկն էլ քվեաթերթիկի վրա գրել է․ «Աստծով չարիքից ազատվենք»։
Հարցին՝ ինչո՞ւ չի վստահում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, մի երիտասարդ կին այսպես պատասխանեց․ «Ինչի՞ համար վստահեմ։ Վստահեմ մի մարդու, որը կործանում է մեր երկիրը և ոչ քրիստոնյա։ Ես նման մարդկանց քրիստոնյա չեմ համարում։ Եթե ինչ-որ մի մարդ քրիստոնյա չէ և կործանում է մեր հայրենիքը՝ քրիստոնյա Հայաստանը, բնականաբար, չպիտի վստահել այդ մարդուն»։
Մի տղամարդ էլ քվեաթերթիկի վրա գրեց․ «Ես չեմ վստահում այս նիկոլ-պրիկոլին, որը ազգադավ, դավաճանի մեկն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ