«Ես կարծում եմ՝ խուլիգանության մասով էլ պետք է արդարացվի, որովհետեւ վերջին խոսքում էլ ասացի՝ ես չեմ ընդունում մեղադրանքը, խուլիգանություն չեմ արել»,- այսօր դատարանի մեղադրական վերդիկտի հրապարակումից հետո լրագրողներին ասաց քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանը:
Անդրադառնալով Ասլանյանին ուղղված իր խոսքերին՝ Սամվել Վարդանյանը շարունակեց. «Շատ լավ հիշում ենք «ժեխ», «Հակահայ վիժվածք», բայց մենք նաեւ հիշում ենք, որ ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովում իշխանական պատգամավորը հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին ասել է ՝ «ականջներդ, լեզուդ կկտրեմ»: Հարցին՝ արդյոք դա սպառնալիք էր, հնչել է՝ այո: Ի՞նչ է սա, եթե ոչ երկակի ստանդարտներ, եթե ոչ յուրայինին ներել, անտեսել ու աչք փակել, իսկ ընդդիմադիրի դեպքում՝ ոչ»:
Հարցին, թե եթե վաղը նորից հանդիպի իշխանական պատգամավորի, ինչ կանի, Վարդանյանը պատասխանեց, որ վերջին մեկ տարում իր մեջ ոչինչ չի փոխվել. «Ես ունեմ այն նույն մտքերն ու քաղաքացիական դիրքորոշումն, ինչ ունեցել եմ անցած տարի: Բայց հաշվի առնելով, որ իմ գործողությունները որոշակի անհանգստություններ են պատճառում իմ հարազատներին ու հետեւելով իմ սիրելի պաշտպանների հորդորներին՝ իշխանականներին հանրային պարսավանքի արժանացնելու իմ մարտավարություններում փոփոխություն եմ անելու՝ միջադեպերի մեջ չհայտնվելու համար»:
Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանը մեղադրվում է նախկին իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանություն անելու և համացանցում ատելություն հրահրող հրապարակային խոսք տարածելու եւ խուլիգանություն անելու համար։ Համացանցում տարածված տեսանյութի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 15-ին Սամվել Վարդանյանը հանրային տրանսպորտում նկատել է ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին և նրա հասցեին հնչեցրել «հակահայ վիժվածք», «ժեխ բիձա» եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Հիշեցնենք նաեւ, որ պատգամավորի հետ ունեցած միջադեպից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվել ու ոստիկանների կողմից խոշտանգման էր ենթարկվել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ