Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

Ապրիլ 08,2025 18:40

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հյուրերին` կարևորելով երկու բարեկամական երկրների միջև կապերի ամրապնդումը, ինչպես նաև կրթության ու մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանում աստիճանաբար աճում է գերմաներենի հանդեպ հետաքրքրությունը. ՀՀ դպրոցներում շուրջ 40 հազար աշակերտ ուսումնասիրում է գերմաներեն: Հայաստանի և Գերմանիայի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ ճանաչվել են քույր դպրոցներ, իրականացնում են փոխադարձ այցելություններ՝ մեծացնելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է մասնագիտական կողմնորոշման զարգացմանը և շինարարության ոլորտում նոր մասնագիտական ծրագրերի իրականացմանն ուղղված նախաձեռնություններին, որոնք իրականացվում են Լայպցիգի արհեստագործական պալատի հետ համագործակցությամբ:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Ռայներ Ռոբրան շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝  այն առավել խորացնելու նպատակով:

«Հայաստանի հետ հարաբերություններն ավանդաբար արդյունավետ են եղել, բայց կարծում եմ` հատկապես այժմ գտնվում ենք հարաբերությունների որակապես բարձր մակարդակի վրա»,- ասել է Ռայներ Ռոբրան՝ տեղեկացնելով, որ Հայաստանի պատմության թանգարանում բացվելու է Սաքսոնիա-Անհալթի արվեստագետներից մեկին նվիրված ցուցադրություն:

Անդրադառնալով մշակույթի ոլորտում փոխգործակցությանը ՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է հատկապես թանգարանային ոլորտում առկա համագործակցության ներուժը: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրների համապատասխան կառույցների միջև փոխգործակցությունը և փորձի փոխանակումը, թանգարանների միջև համագործակցությունը, համատեղ ցուցադրությունների կազմակերպումը: Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում գործում է Մշակույթի զարգացման հիմնադրամը, որը  նպատակ ունի բարելավել թանգարանների կառավարման արդյունավետությունը:

Կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները հուշարձանների պահպանության և հնագիտության ոլորտում: Նշվել է՝ Հայաստանի և Գերմանիայի արշավախմբերն այս պահին էլ տարբեր հնավայրերում իրականացնում են համատեղ պեղումներ:

Որպես համագործակցության առանձին ուղղություն՝ նշվել է նաև կինոյի ոլորտը: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ համատեղ ֆիլմարտադրության պարագայում կկիրառվի ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate) մինչև 40 տոկոսի չափով, որը կխթանի այս ուղղությամբ համագործակցությունը:

ԿԳՄՍ նախարարն առաջարկել է դիտարկել երկու երկրներում մշակույթի օրերի անցկացման հնարավորությունը՝ հանրության շրջանում մշակութային կյանքի ակտիվացման և իրազեկվածության բարձրացման նպատակով: Կողմերը քննարկել են նաև Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունը:

Անդրադարձ է եղել նաև գերմաներեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարներին և  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930