Լրահոս
Օրվա լրահոսը

Հակահայ մտքեր արտահայտող ու գործողություններ անող իշխանության ներկայացուցիչները պիտի առնվազն հանրային պարսավանքի արժանանան. Սամվել Վարդանյան

Ապրիլ 08,2025 18:06

ՔՊ-ական նախկին պատգամավոր Հակոբ Ասլանյանին վիրավորած Սամվել Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սա իմ վերջին խոսքն է (ամբողջական), որը թույլ չտրվեց ասել նախորդ նիստում։ Հրապարակում եմ հիմա ու էստեղ։

Պատվարժան դատարան, նախորդիվ բազմաթիվ առիթներ եմ ունեցել այս դահլիճում ասելու, հիմա էլ պիտի կրկնվեմ, էս ամենը, ապրիլի 15-ի միջադեպը դուրս է քաղաքական հայացքների տիրույթից, դա իմ վերաբերմունքն է, ու արդեն վաղուց, պետաիշխանություն իրականացնողների հանդեպ ու ես հիմնավոր պատճառներ ունեմ էդ վերաբերմունքն ունենալու համար։

Քաղաքական հայացքների տիրույթում էին իմ գործողությունները 2018թ. ապրիլին, երբ ես խորն անհամաձայնություններ ունեի այն ժամանակվա գործող իշխանությունների հետ ու, ցավոք սրտի, էդ շրջանում սատարեցի էսօրվա գործող իշխանություններին ու իմ տեղում, իմ չափով օգնեցի գալ իշխանության։ Ընդ որում` էստեղ շատ կարևոր բան պիտի հիշեմ. 2018-ի էդ օրերին, երբ ես փողոցում էի ու պայքարում էի իմ կարծիքով շատ հարցերում ձախողած ու ավտորիտար իշխանությունների դեմ, ոչ մի անգամ, կրկնում եմ` ոչ մի անգամ, ոչ մի ոստիկան ինձ մատով չի կպել ու բերման չի ենթարկել, այնինչ 2020-ից էս կողմ, ներկայիս իշխանությունների օրոք ես հաշիվս կորցրել եմ թե ինչքան ծեծ եմ կերել ու քանի անգամ բերման ենթարկվել այս իշխանությունների հռչակած ժողբասԾիոնում։

Պատվարժան դատարան, էս ամենը քաղաքական հայացքների տիրույթից դուրս է եկել էն ժամանակ, երբ 2019թ. երկրի առաջին դեմքի շուրթերից դատարանների պաշարման կոչ եմ լսել։

Էս ամենը դուրս է եկել քաղաքական հայացքների տիրույթից էն ժամանակ, երբ մեր երկրի վարչապետ Ն.Փ.-ն հայտարարեց, որ մեր երկրում կան պատերի տակ վնգստացող դատավորներ, ու դա հայտարարեց վերջիններիս հարցերը լուծելու անհրաժեշտության կոնտեքստւմ։

Էս ամենը դուրս է եկել քաղաքական հայացքների տիրույթից, երբ 2020-ի մարտի սկիզբ, երբ ամբողջ աշխարհն արդեն իրար էր խառնված Քովիդի պատճառով, իսկ մեր երկրում տարբեր կալիբրի իշխանության ներկայացուցիչներ հեգնում ու ծաղրում էին վիրուսը։

Էս ամենը դուրս է եկել քաղաքական հայացքների տիրույթից էն ժամանակ, երբ 2020-ի պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարը մոբիլիզացված զորքն, ըստ իս, ճիշտ օգտագործելու փոխարեն կոչեր էր անում ջոկատներ կազմելու ու խոսում կասկա-ժիլետներ վերցնելու, կռիվ գնալու մասին, սրանով, ըստ իս, նաև որոշակի ինֆորմացիա տրամադրելով թշնամուն…

Պատվարժան դատարան, էս ցանկն էնքան երկար ա, որ մինչև երեկո կարող եմ շարունակել։

Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես քաղաքացիապես հասուն մարդ արդեն մի քանի տարի է ապրում եմ գիտակցումով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության են եկել մարդիկ, որոնք սուտ խոստումներով, մանիպուլյացիաներով, մեզնից մեկը լինել ձևանալով կարողացել են զավթել իշխանությունն ու օգտվել իշխանական բարիքներից՝ վոյաժներ, ատկատներ, ունեցվածքի դիզում, բայց սրան զուգահեռ ըստ իս(ու շատերի) նաև զբաղվում են պետական դավաճանությամբ ուրանալով Արցախը, պատրաստ թշնամու պահանջով ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքներից զիջումների, սահմանադրության փոփոխության և այլն և այլն և այլն․․․․․․

Պատվարժան դատարան, ես քաղաքացի եմ, որը չունի ոչ մի կուսակցական պատկանելություն, ոչ մի նախաձեռնության անդամ չեմ, քաղաքական հայտ երբեք չեմ ներկայացրել ու հիմա ակամա հայտնվել եմ քաղաքական նման գործի մեջ։ Ես ուղղակի ունեմ աչքեր ու ականջներ, ես մտածում եմ, վերլուծում ու գործում իմ խղճի մտոք։ Ես ապրում եմ մտածելով, որ հայ եմ ու հայ լինելը համարում եմ առաքելություն, որը ես պարտավոր եմ պատվով կրել, որովհետև ունեցել եմ նախնիներ ու ցավոք նաև ժամանակակից եղբայրներ, որոնք իրենց կյանքով են վճարել մեր հայրենիքն ունենալու համար ու ես չեմ ուզում սպառողական հասարակության մաս լինել, ես չեմ հաշտվում Արցախի կորստի։ Ես ուզում եմ արժանապատիվ ապրել իմ հողում, այլ ոչ կզած ու պարտված ոնց քարոզում են ներկա իշխանությունները։

Այս մտքից ու ցանկությունից ելնելով եմ ես փորձել հանրային պարսավանքի ենթարկել պետական իշխանություն իրականացնողներին, որոնցից մեկը Հակոբ Ասլանյանն էր ապրիլի 15-ի դրությամբ։

Ես կարող էի հիմա շատ երկար թվարկել Հակոբ Ասլանյանի տարիներ շարունակ հնչեցրած հակահայ մտքերն ու թեզերը, բայց չեմ անի, կառանձնացնեմ միայն մեկը, այն որ նա ուրացել է Արցախը, ճանաչելով այն Ադրբեջանի կազմում ու կոչ է արել արցախցիներին շարունակել մնալ էնտեղ, հպատակվելով Ադրբեջանին։ Սա ինձ համար ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն։

Արցախն ընդհանրապես շատ զգայուն թեմա է ինձ համար։ Բացի էն, որ Արցախն ինձ համար հայրենիքի անբաժան մաս է, իմ մայրը Հյուսիսային Արցախի Շահումյանի շրջանից 1992-ին բռնի տեղահանված է, իմ զինվորական ծառայությունն անցել է Արցախում, ես մարտական ընկերներ եմ կորցրել ու գտել Արցախում, մենք չափից ավելի արյուն ենք թափել էդ սուրբ հողում, այն ուղղակի կորցնելու, հանձնելու համար, իմ եղբորորդին էլ է իր կյանքը տվել էդ հողի համար, եղբորորդի, ումից մեզ մասունք է հասել 2021-ի հունվարին։

Պատվարժան դատարան, ես արդարության հաստատման խորը ձգտում ունեմ ու այո գտնում եմ, որ հակահայ մտքեր արտահայտող ու գործողություններ անող իշխանության ներկայացուցիչները պիտի առնվազն վերբալ մակարդակում հանրային պարսավանքի արժանանան, որ գոնե ամաչեն, որ գոնե ինչ-որ չափով հասկանան իրենց մեղմ ասած վատ բան անելը։

Պատվարժան դատարան ապրիլի 15-ի միջադեպից հետո, միջադեպին հաջորդած տարբեր գործողությունների արդյունքում հիմա կա 2 քրեական գործ, «Ավտոբուսի գործը», որով խոսում ենք միջին ծանրության հանցանքի մասին և կա էդ օրը իմ խոշտանգման մասով գործը, որով խոսում ենք առանձնապես ծանր հանցագործության մասին։ «Ավտոբուսի գործը» տեսնում ենք ինչ փուլի է հասել, մինչդեռ խոշտանգման գործի մասով քար լռություն ա։ Ինձ համար առավել մեծ ցուցիչ, որ սա քաղաքական հաշվեհարդար է ինձ հետ չկա։

Իշխանության ներկայացուցիչները հրաժարվում են ընկալել, որ ինձ պես քաղաքացիներ կարող են գոյություն ունենալ ու չեն ներում ինձպեսների գոյությունը։

Ուզում եմ հստակ ասել իմ մեջ ոչինչ չի փոխվել վերջին մեկ տարում, ես շարունակում եմ մտածել էն ինչ մտածում էի 2024-ի ապրիլի 15-ին, ուղղակի հաշվի առնելով իմ շատ հարազատներին ակամա անհանգստություն պատճառելը, հաշվի առնելով պաշտպաններիս հորդորները փոխելու եմ մարտավարությունս պետաիշխանություն իրականացնողներին հանրային պարսավանքի արժանացնելու մասով։

Բայց ի վերջո, եթե մեր երկիրը դարձել է հիբրիդ, ավտորիտար ու բռնապետական երկրների յուրատեսակ հիբրիդ, որտեղ որոշակի բառերի ու արտահայտությունների համար կարող են խոշտանգել կամ դատել ոչ իշխանական մարդկանց, գուցե հայտարարե՞լ էդ մասին ու մի զրուցարան-բառարան ստեղծել ու տալ մարդկանց։

Սա ասելով, էս կոնտեքստում իհարկե չեմ կարող չանդրադառնալ մի դրվագի, որն եղել է բոլորիս աչքի առաջ մի տարի առաջ։ Ես ու բազմաթիվ իմ այլ ընկերներ մեղադրվում ենք ատելության քարոզի, բռնության կոչի և այլնի մեջ սակայն անցած տարի պետաիշխանություն իրականացնողներից մեկը, իշխող ուժի ներկայացուցիչ արթուր հովհաննիսյանը բազմաթիվ տեսախցիկների առաջ հասարակական-քաղաքական գործիչ, ընդդիմադիր Էդգար Ղազարյանին սպառնաց լեզու ու ականջ կտրել ու ճշտող հարցին թե արդյոք սպառնում է իշխանության ներկայացուցիչը պատասխանեց, որ այո, սպառնում ա, իսկ որոշ ժամանակ անց նույն իշխանական պատգամավորն իր այդ սպառնալիքը որակեց որպես քաղաքական խոսք, ալեգորիա ու բնականաբար պատասխանատվության չկանչվեց, այնինչ «Ավտոբուսի գործով» հանրային մեղադրողը ավտոբուսի մեջ իմ հնչեցրած «էս մարդամեջ եք հելնո՞ւմ արա» հարցը նիստերից մեկում որակեց որպես սպառնալիք։

Պատվարժան դատարան խոսքս ուզում եմ եզրափակել մի արձանագրումով, անցած տարի ապրիլի 15-ից մի տարի չանցած Հակոբ Ասլանյանն ինքն էլ այլևս իշխանության մաս չէ ու քննադատում է իշխանություններին, մի բան, ինչն էլ մեծ հաշվով ես էի անում միջադեպի օրը։

Էսօրվա նիստում հոդվածներից մեկով մեղավոր ճանաչեց դատարանն ինձ, մյուսով անմեղ։

ԱՆՉԱՓ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ինձ անշահախնդիր պաշտպանած Ռուբեն Մելիքյանին, Վարազդատ Հարությունյանին, Արամ Վարդևանյանին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930