Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզաների ազատականացման հեռանկարները օրակարգում․ ԵՄ փորձագետները բարձր են գնահատել նախարարության բարեփոխումների ընթացքը

Ապրիլ 08,2025 17:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 7-ին ընդունել է ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելությանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՆԳ և ԱԳ նախարարությունների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ երկրների ոլորտային փորձագետներ, Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ անդրադառնալով Ոստիկանության գործառույթների կենտրոնացման, ֆունկցիոնալ նոր մոդելի ներդրման, քաղաքացիական կառավարման անցման, ուժի կիրառման նոր ստանդարտի գործադրման, ինչպես նաև թիրախային այլ ուղղություններում իրականացված էական փոփոխություններին։ Անդրադարձ է կատարվել հանցավորության կանխարգելման միասնական ռազմավարության մշակման աշխատանքներին, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության նախագծի դրույթներին։

ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը իրականացնելու են ՀՀ պատրաստվածության ընդհանուր գնահատում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների բնագավառում՝ նպաստելով եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների, ինչպես նաև վիզաների ազատականացման հեռանկարների հենանիշների ձևավորմանը։

Փորձագիտական առաքելության անդամների հետ է հանդիպել նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Քրեական ոստիկանության ձևավորման գործընթացի և ստորաբաժանման առջև դրված խնդիրների վերաբերյալ մանրամասներ, անդրադարձել ստորաբաժանման կառուցվածքին, հանցավորության դեմ պայքարի ուղղություններին ու գործիքակազմերին։

Քննարկվել են կազմակերպված հանցավորության, թրաֆիքինգի դեմ պայքարի, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և միջազգային համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր։

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ԵՄ առաքելության փորձագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է հենասյունային ուղղության կառուցվածքի, գործառույթների և համայնքային ստորաբաժանումների աշխատանքի վերաբերյալ մանրամասներ։ Փոխոստիկանապետը, մասնավորապես, անդրադարձել է քաղաքացի-համայնքային ոստիկան կապի, ինչպես նաև ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու և հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Սիմոնյանը ներկայացրել է ստորաբաժանման առջև դրված խնդիրներն ու ներքին վերահսկողության գործիքակազմերը՝ մատնանշելով ծառայողների կարգապահության, օրինականության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքն ու արդյունքները։ Քննարկվել են նաև ԵԽ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) առաջարկությունների, իրավապահ մարմինների միջև համագործակցության ուղղությունների վերաբերյալ հարցեր։

Հանդիպումների ավարտին ԵՄ առաքելության փորձագետները շրջայց են կատարել Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ Փորձագետները բարձր են գնահատել նախարարության բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով հանցավորության կանխարգելման և հասարակական անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Այցի շրջանակում ԵՄ փորձագետները հանդիպումներ են ունենալու նաև շահագրգիռ մյուս գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930