Գյումրու ՀՀԿ շրջանային խորհրդի ղեկավար Արտյոմ Ղուկասյանը, Գյումրիում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը չմեկնարկած` անդրադառնալով ՔՊ-ականների այն պնդումներին, թե Սարիկ Մինասյանը կուսակցական չի եղել, առավել ևս՝ ՀՀԿ-ական, Aravot.am-ին հայտնել էր, որ Սարիկ Մինասյանը 2017 թվականին անդամագրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը՝ դիմում ներկայացնելով «ՀՀԿ Գյումրի-1» կառույցին։
Ըստ Արտյոմ Ղուկասյանի, նա կուսակցությանն անդամագրվել է իր դիմումի համաձայն, սակայն կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, հետևաբար և նրան հեռացրել են կուսակցությունից՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո ՀՀԿ անդամների վերահաշվարկ կատարելիս, քանի որ նա չի ներկայացել վերահաշվարկին:
Սարիկ Մինասյանը կտրականապես հերքել էր իր ՀՀԿ-ական լինելը, որին հաջորդել էր ՀՀԿ կառույցի տրամադրած փաստաթղթերը. նրա՝ 2017 թվականի հունիսի 12-ի Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնին հասցեագրված դիմումը՝ ՀՀԿ շարքեր մտնելու համար և անձնական թերթիկը (տես փաստաթղթերը):
Կարդացեք նաև
Փաստաթղթերի հրապարակումից հետո Սարիկ Մինասյանը իր հերթին հրապարակել էր անձնագրում եղած իր ստորագրությունը՝ համեմատության մեջ դնելով դիմումում եղած ստորագրության հետ ու պնդելով, որ կեղծված է (տես Սարիկ Մինասյանի հրապարակած փաստաթղթերը)։
Նա նաև հայտարարել էր, որ այսպես թողնել չի պատրաստվում և դիմելու է դատարան՝ պահանջելով հերքում և ներողություն՝ զրպարտության համար։
«Մնում է միայն հանրապետականներն ասեն, թե կոնկրետ ո՞ր անբարոյականի ձեռամբ է այս կեղծիքն իրականացվել»,-գրել էր նա։
Ի պատասխան Սարիկ Մինասյանի՝ ՀՀԿ կառույցից փոխանցել էին․ «Նորից ենք պնդում, որ Սարիկ Մինասյանը եղել է ՀՀԿ անդամ․ փառք Աստծո՝ ողջ ու առողջ է այն անձը, որը նրա ձեռքից ՀՀԿ-ին անդամագրվելու դիմումն ընդունել է։
Եթե Սարիկ Մինասյանը ցանկություն ունի այս թեման շարունակելու․ դատարան է դիմելու և ուզում է, որ այնտեղ մեկ անգամ ևս պարզվեն անհերքելի փաստերն ու ապացույցները, թող հանգիստ դիմի․ մենք պատրաստ ենք»։
Դատական տեղեկատվական համակարգից՝ «Դատալեքսից» տեղեկացանք, որ Սարիկ Մինասյանը հայց է ներկայացրել Արտյոմ Ղուկասյանի դեմ։
Նրա պահանջը հետևյալն է․ «Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 48-րդ և 121-122-րդ հոդվածներով՝ հայցվորն, ի դեմս ներկայացուցչի՝ դատարանին խնդրում է՝ պարտավորեցնել պատասխանող Արտյոմ Ղուկասյանին հրապարակայնորեն հերքել հայցվոր Սարիկ Մինասյանի վերաբերյալ www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում իր կողմից կատարված արտահայտություններում զրպարտություն համարվող փաստացի տվյալները, հետևյալ ձևով.
Տեղադրել հայտարարություն, որի վերնագիրը շարադրել այսպես՝ «Ես՝ Արտյոմ Ղուկասյանս հերքում եմ Սարիկ Մինասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունները», իսկ բովանդակությունը շարադրել այսպես՝ «www.aravot.am լրատվական կայքում 07.03.2025թ. և 08.03.2025թ. հրապարակված հոդվածներում Սարիկ Մինասյանի վերաբերյալ իմ կողմից կատարվել են արտահայտություններ՝ այդ թվում Սարիկ Մինասյանի ՀՀԿ անդամ հանդիսանալու, վերջինիս կողմից ՀՀԿ-ին անդամագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելու վերաբերյալ, որոնք չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են Սարիկ Մինասյանին։
Սարիկ Մինասյանը երբևէ չի հանդիսացել ՀՀԿ անդամ, հրապարակված դիմումը և անձնական թերթիկը չեն համապատասխանում իրականությանը և չեն ներկայացվել Սարիկ Մինասյանի կողմից»։
Հայտարարությունը տարածել նույն եղանակով և լրատվության միջոցով, ինչ եղանակով և միջոցով տարածվել է Հայցվորի վերաբերյալ զրպարտություն պարունակող արտահայտությունները՝ www.aravot.am կայքում, «Առավոտ» օրաթերթի ֆեյսբուքյան էջում և տելեգրամյան ալիքում բոլորի համար հասանելի և տեսանելի ձևով»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ