Լրահոս
Օրվա լրահոսը

Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառը

Ապրիլ 08,2025 17:18

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը:


Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը ևս հանձնաժողովի անդամ է:

Նիստի ընթացքում ամփոփվել և վերջնականացվել է հոբելյանական միջոցառումների ցանկը, որը նախընթաց օրերին հեռավար քվեարկությամբ ձևավորվել էր հանձնաժողովի անդամների կողմից:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Լայպցիգի գրքի միջազգային փառատոնում Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի գերմաներեն հրատարակության շնորհանդեսին և քաղաքում նրա հուշատախտակի բացմանը՝ միջոցառումները կարևորելով հոբելյանական տարվա շրջանակում:  Այս համատեքստում նա ընդգծել է Երևանի գրքի միջազգային փառատոնում ևս իսահակյանական գրքերի շնորհանդեսներ նախատեսելու անհրաժեշտությունը:

Միջոցառումների ցանկը հաստատելիս հանձնաժողովն առաջնորդվել է նախանշված հիմնական սկզբունքներով, այն է՝ դրանում անպայմանորեն ներառել Իսահակյան մտավորականին համակողմանիորեն բացահայտող գրահրատարակչական ծրագրեր, գիտաժողովի անցկացում, դպրոցականների մասնակցությամբ կրթական ծրագրեր՝ ապահովելով ներառականությունը և այլն: Առանձնակի կարևորվել են բանաստեղծի հայրենի Գյումրիում և հատկապես Գյումրու թանգարանում անցկացվող միջոցառումները, ինչպես նաև արտերկրում՝ Փարիզում և Վենետիկում հուշատախտակների բացումը և ցուցահանդեսների անցկացումը:

Նիստի ընթացքում ներկայացվել և հաստատվել են նաև Իսահակյանի 150-ամյակի տարբերանշանն ու պաստառը, մեկնաբանվել են դրանց նշանակությունն ու առանձնահատկությունները:

Հոբելյանական հանձնաժողովի նիստում քննարկվել են նաև միջոցառումների ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպական մի շարք այլ հարցեր:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930